© 2021. ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ: ՀԵՂԻՆԱԿ` ՄԱՐԻԱՆՆԱ ԽԱԺԱԿՅԱՆ
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը 2021թ. սեպտեմբերի 3-5-ին իրականացրեց «Բաց պատմություններ. Ղարաբաղյան հակամարտության սոցիալական և քաղաքական ազդեցությունների վերաբերյալ հանրային քննարկումների խթանում» եռօրյա վերապատրաստումը։ Միջոցառումն ուղղված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության ծագման պատճառների, 44-օրյա պատերազմի արդյունքում տարածաշրջանում առաջացած ճգնաժամի և վերջինիս հաղթահարման հնարավոր ուղիների վերաբերյալ հանրային երկխոսության ձևավորմանն ուղղված մեթոդաբանության մշակմանը և կատարելագործմանը:
Միջոցառման մասնակիցները` Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի տարբեր բնակավայրերից ժամանած թվով 15 մանկավարժներ, հոգեբաններ, լրագրողներ, հետազոտողներ և հասարակական կազակերպությունների ներկայացուցիչներ, համատեղեցին ջանքերը պատերազմի պատճառների և հետևանքների բազմակողմանի վերլուծություն իրականացնելու նպատակով: «Խաղաղությաներկխոսություն» հկ-ի կողմից մշակված մեթոդաբանության հիման վրա միջոցառման ընթացքում մասնակիցներն անրադարձան հակամարտության հետ կապված տարատեսակ հիմնախնդիրներին, այդ թվում` անվտանգային մարտահրավերներին և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներին: Ավելին, մասնակիցների շարունակական քննարկման առարկա դարձան ինքնության ձևավորման, «հայրենասիրություն», «ազգայնականություն» և «ռազմականացում» եզրույթների վերաբերյալ հանրային ընկալումների հետ առնչվող հարցերը
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցչի քաղաքական խորհրդատու Սիլվիա Զեհեն, ով հրավիրված էր միջոցառման առաջին օրը մասնակիցներին ողջույնի խոսք հղելու նպատակով, իր ելույթում նշեց, որ ամբողջովին գիտակցելով նման զգայուն հարցերի շուրջ քննարկում ծավալելու բարդությունը՝ հատկապես հաշվի առնելով օրեցօր ավելացող մարտահրավերները, այդուհանդերձ նա կարևորում է գոյություն ունեցող հիմնախնդիրների լուծմանն ուղղված երկխոսության կարևորությունը քաղաքացիական հասարակության մակարդակում:
«Չնայած որ հիմանխնդիրների վերջնական և երկարաժամկետ լուծումները գտնվում են քաղաքական որոշումների ընդունման հարթության վրա, այնուամենայնիվ չի կարելի անտեսել քաղաքացիական հասարակության մակարդակում նման զգայուն հարցերի շուրջ առողջ բանավեճի ձևավորման կարևորությունը», – նշեց տիկին Զեհեն՝ ավելացնելով, որ առաջարկում է հետագա միջոցառումների ժամանակ ավելի շատ ներգրավել հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված բնակավայրերի ներկայացուցիչներին:
Վերապատրաստաման վերջին՝ երրորդ օրը «Խաղաղության երկխոսություն» հկ-ի անձնակազմը նախաձեռնեց քննարկում մասնակիցների գործընկերների և շահառուների շրջանում նմանաբովանդակ քննարկումների կազմակերպման ուղղությամբ հետագա համատեղ ծրագրերի մշակման նպատակով: Մասնակիցներն ընդգծեցին իրենց մասնագիտական միջավայրում նման քննարկումների կազմակերպման անհրաժեշտությունը՝ շեշտելով հատկապես Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի մասնակիցների համար հետագա համատեղ միջոցառումների իրականացման կարևորությունը, մասնավորապես՝ հաշվի առնելով բազմաթիվ հարցերի շուրջ ընկալումների և տեսակետների տարբերությունները:
Միջոցառումն իրականացվել է «Հաշտեցման ռեսուրսներ» (Conciliation Resources) կազմակերպության հետ համագործակցությամբ և Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: