«ԵՍ ԵՒ ԻՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»

Հունիսի 13, 2013
Լուսանկար` © 2013, «Խաղաղության երկխոսություն» հկ, «Ես եւ իմ պատմությունը» դասընթաց:

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված հերթական դասընթացն ավարտվեց․ հունիսի 25-ից հուլիսի 3-ը Թբիլիսիում կայացած, վավերագրական ֆիլմերի վերաբերյալ դասընթացին մասնակցելու հնարավորություն ստացավ ԼՂ հակամարտությունում ներգրավված հասարակությունները ներկայացնող 12 երիտասարդ:

«Ես եւ իմ պատմությունը» խորագիրը կրող դասընթացը կազմակերպվել էր «ԽԵ» «Տեսնե՚նք, ընտրե՚նք, փոխե՚նք…» եռամյա ծրագրի շրջանակներում, որը քաջալերում է ներգրավված մասնակիցներին՝ օգտագործել իրենց ստեղծագործական եւ ինտելեկտուալ պոտենցիալը հասակակիցներին մոբիլիզացնելու, ոչ բռնի մեթոդները, հակամարտության կողմերի միջեւ առավել լավ փոխըմբռնման հասնելու համար:

Ծրագրի առաջին տարվա ընթացքում այն ուղղված էր Վանաձորում երիտասարդական խաղաղասիրական պոտենցիալի զարգացմանը, հաջորդ տարիների ընթացքում այն ընդլայնվեց եւ նույնանման գործընթացներ սկսվեցին նաեւ ԼՂ հակամարտությունում ներգրավված մյուս հասարակություններում եւս: Ընթացիկ տարվա համար իրականացնող խումբը մշակել է նոր՝ «Պատմություն-թատրոն» մեթոդոլոգիան, որը եւս հիմնված է Ավգուստո Բոալի թատերական հնարքների, Պաոլո Ֆրեյրեի մանկավարժական մոտեցումների եւ կազմակերպության թիմի՝ հակամարտության մեջ ներգրավված երկրների հասարակությունների ներկայացուցիչների պատմական հայացքների հետ աշխատանքի փորձի վրա:

Այս փուլում ծրագիրն ուղղված է ԼՂ հակամարտության տարածաշրջանում երիտասարդական խաղաղասիրական շարժում ձեւավորելու, իսկ ծրագրում ներգրավված երիտասարդների մոտ՝ պատմության նկատմամբ քննադատական գիտակցություն, նաեւ՝ ընկալում, որ իրենք կարեւոր դերակատարություն ունեն կոլեկտիվ հիշողության ձեւավորման գործում:

Յուրաքանչյուր խմբին «ԽԵ» գործընկեր CMI կազմակերպության աջակցությամբ ձեռք բերված տեսախցիկներ եւ սարքավորումներ հանձնվեցին: Վավերագրական ֆիլմերի նկարահանմանը նվիրված աշխատանքային հանդիպման դասընթացավարները՝ La Paloma Documentaries կազմակերպության հիմնադիրներ Յանինա Մոբիուսն ու Սանդրա Մերսենբուրգերը 7-օրյա դասընթացի ընթացքում Ստեփանակերտը, Բաքուն եւ Վանաձորը ներկայացնող մասնակիցներին ծանոթացրեցին տեսախցիկների առանձնահատկությունների, վավերագրության քայլերի, ընդունված տեսակետների հետ, տեսական գիտելիքներ տվեցին նկարահանումների, լույսի, ֆիլմերի նախագծման վերաբերյալ, ինչին հաջորդեցին գործնական պարապմունքները:Ըստ «Խաղաղության երկխոսության» աշխատակազմի, երիտասարդներին վավերագրական ֆիլմերի եւ ինտերակտիվ թատրոնի հմտություններ ձեռք բերելու գործում աջակցելը հնարավորություն կտա նրանց իրենց պատմությունները փոխանցելով իրենց շրջապատին՝ նախ դիմակայել պատմական մանիպուլացիաներին, հետո էլ՝ աջակցել սովորական մարդկանց հիշողությունների հիման վրա հիմնված պատմության ձեւավորմանը:

Դասընթացի կազմակերպիչները նպատակ ունեին նաեւ ընդունված պատմական տեսակետների նկատմամբ մասնակիցների մոտ քննադատական վերաբերմունք արթնացնելու, հեռուստատեսության աշխատանքի «աճպարարական» հնարքների մասին նրանց պատկերացում տալու․ վերջինի համար օրինակների հիման վրա ուսումնասիրվեց ամերիկյան հեռուստատեսությունների, լուսանկարիչների աշխատանքն իրաքյան պատերազմի լուսաբանման ընթացքում, երբ, երբեմն, ցանկացածն ստանալու համար նաեւ բեմադրական հնարքներ եւ դեկորացիաներ էին օգտագործվում:

Դասընթացավարների եւ մասնակիցների կարծիքով, չնայած դժվարություններին, լարված աշխատանքային օրակարգին, հանդիպումը բավականին արդյունավետ անցավ եւ կարող է օգտակար լինել երիտասարդներին քաղաքացիական եւ խաղաղասիրական ակտվիզմի մեջ ներգրավման գործում:Դասընթացի վերջին օրերին մասնակիցներն իրենց գաղափարները հստակեցրեցին վավերագրական ֆիլմի նկարահանման համար․ ստացած գիտելիքներն օգտագործելով՝ նրանք, ըստ այս գաղափարների, տեղերում ֆիլմեր կնկարահանեն առաջիկա ամիսներին՝ մինչ հաջորդ դասընթացը, որի ընթացքում դրանք համատեղ կմոնտաժվեն՝ միացվելով համատեղ ֆիլմում:

Ծրագրի գերմանական գործընկերն են՝ «Օվեն» հկ-ն (OWEN – Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e.V.)

owen

«La Paloma Documentaries» ընկերությունը (La Paloma Documentaries)

logo_la_paloma

Տեսասարքավորման ձեռքբերումը իրականացվել է «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնություն» ֆիննական ոչ կառավարական կազմակերպության աջակցությամբ (CMI), «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված նախաձեռնություններ իրականացնող եվրոպական հկ-ների համագործակցության» (EPNK-2) նախագծի շրջանակներում:

cmi

«Տեսնե՛նք, ընտրե՛նք, փոխե՛նք…» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik” ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով:

02255

aus