ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ 2021

Հուլիսի 05, 2021
© 2021. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ
© 2021. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

Վերջին տասնամյակներում մեդիա ոլորտը հիմնովին փոփոխության է ենթարկվել. թվայնացումը, տեխնիկական նորարարությունները և սոցիալական մեդիայի լայն տարածումը առաջ են քաշել  նորանոր խնդիրներ:

Լրագրությունը բացել է իր սահմանները լուրերի հաղորդման նոր ձևաչափերի համար, տեղեկատվությունը սոցիալական մեդիայի միջոցով տարածվում է ավելի արագ, քան երբևէ, իսկ թվայնացումը նպաստում է ավելի ու ավելի շատ թվով մարդկանց տեղեկացվածությանը սոցիալական խնդիրների վերաբերյալ:  Այս ամենի արդյունքում  մեդիա ոլորտում առաջացել են մի շարք մարտահրավերներ, ինչպիսիք են ատելության խոսքը, կեղծ լուրերը, կողմնակի շահերի սպասարկումը և այլն։

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը իր գործընկերներ «Une Terre Culturelle» ասոցացիայի և «Ֆրանկոգերմանական Երիտասարդական գրասենյակի» հետ համատեղ իրականացնում է «Լրագրությունն առանց սահմանների» երիտասարդական փոխանակման ծրագիրը, որին կմասնակցեն Հայաստանը (Լոռու մարզ), Ֆրանսիան (Մարսել) և Գերմանիան (Բեռլին) ներկայացնող 15-23 տարեկան երիտասարդներ։

Ծրագրի նպատակն է երիտասարդների հետ քննարկել, թե ինչպես են նրանք առերեսվում մեդիա դաշտում առկա մերօրյա մարտահրավերներին, որոնք են համարում դրանց հաղթահարման եղանակները և ընդհանրապես որքանով են նրանք ներգրավված մեդիա խոսույթի ձևավորման գործընթացներում։ Այս ուղղությամբ ժողովրդավարական գործիքների կիրառումը կնպաստի երիտասարդների առավել ակտիվ ներգրավվածությանը քաղաքական և սոցիալական որոշումների կայացման գործընթացում, ինչպես նաև հնարավորություն կստեղծի վերաձևակերպել ապագա սերունդների հետ հաղորդակցման ձևերը:

Ծրագիրը կիրականացվի հիբրիդային տարբերակով ս.թ. հուլիսի 19-23-ին «Խաղաղության երկխոսության» գրասենյակում։

Յուրաքանչյուր ազգային խմբի անդամները միասին կմասնակցեն ծրագրով նախատեսված 5-օրյա թեմատիկ սեմինարին՝ ժամանակ առ ժամանակ առցանց հարթակում հանդիպելով մյուս ազգային խմբերի հետ։

Մասնակցության համար մինչև հուլիսի 12-ը կարող եք ուղարկել  Ձեր մասին պատմող հակիրճ նամակ, որում նաև նշված կլինեն այն պատճառները, թե ինչու եք ցանկանում մասնակցել այս ծրագրին (ավելագույնը՝ 300 բառ):

Մասնակցությունն անվճար է։ Միջոցառման բոլոր ծախսերը հոգում ենք ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցներով։