© 2021. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ
2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին սկսված հայ–ադրբեջանական 44-օրյա պատերազմում կրած պարտության հետևանքով ստեղծված ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման նպատակով 2021 թ.-ի հունիսի 20-ին Հայաստանում անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ: 2020թ.-ի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կնքեցին զինադադարի մասին եռակողմ համաձայնագիր, որի արդյունքում ավելի քան քառորդ դար հայկական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի մի մասի և հարակից 7 շրջանների նկատմամբ վերահսկողությունն անցավ Ադրբեջանին, իսկ տարածաշրջանում տեղակայվեցին ռուսական խաղաղապահ ուժեր: Հայաստանյան քաղաքական և հանրային որոշ շրջանակներում Փաշինյանի կողմից փաստաթղթի ստորագրումը որակվեց որպես դավաճանություն և դժգոհության մեծ ալիք բարձրացրեց: Չնայած այն բանին, որ Փաշինյանի և կառավարության հրաժարականի պահանջով մի քանի ամիս շարունակվող բողոքի ցույցերից հետո արտահերթ ընտրություններ նշանակվեցին, ընտրությունների արդյունքներով Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն, այնուամենայնիվ, ակնհայտ հաղթանակ գրանցեց քաղաքական հակառակորդների նկատմամբ՝ ավելի քան կրկնակի անգամ գերազանցելով երկրորդ տեղում հայտնված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ցուցանիշները: Երրորդ տեղում հայտնվեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «Հանրապետական» և Ազգային Անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունների կազմած «Պատիվ ունեմ» դաշինքը: Վերջինս, թեեւ իր հավաքած 5,23 տոկոս ցուցանիշով չհաղթահարեց դաշինքների համար օրենսդրությամբ նախատեսվող անցողիկ շեմը (7 տոկոս), բայց, որպես ամենաշատ քվե ստացած երրորդ ուժ, օրենսդրության պահանջով համալրեց խորհրդարանը: Արտահերթ ընտրություններին մասնակցած ընդանուր 26 քաղաքական ուժերից 23-ին նույնպես չհաջողվեց հաղթահարել նախատեսված անցողիկ շեմը:
Տեղական և միջազգային դիտորդների որակմամբ, քվեարկությունը մեծամասամբ համապատասխանել է միջազգային չափանիշներին, սակայն «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները պնդում էին, որ ընտրությունների անցկացման ընթացքում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ և համատեղ խորհրդատվություններ էին նախաձեռնել ընտրության արդյունքները Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում բողոքարկելու նպատակով: Ինչևէ, մեծ հավանականությամբ, համենայն դեպս գոնե մոտ ապագայում, Հայաստանի Հանրապետության քաղաքական զարգացումների վրա հիմնական ազդեցությունն ունենալու են հենց խորհրդարան անցած այս երեք քաղաքական ուժերը:
Կարևոր է հասկանալ (այդ թվում՝ նաեւ հաշվի առնելով արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետությունում ձևավորված քաղաքական լանդշաֆտը), թե ինչ ակնկալիքներ կարելի է ունենալ 44-օրյա պատերազմի արդյունքում պետության առջև ծառացած անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հետ կապված խնդիրների և մարտահրավերների հաղթահարման հնարավոր ուղիների վերաբերյալ:
Այդ նպատակով «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունն ուսումնասիրել է վերոնշյալ քաղաքական միավորների նախընտրական ծրագրերը, քարոզարշավի ընթացքում այս ուժերի ներկայացուցիչների կողմից արված հայտարարությունները, հարցազրույցները և քաղաքական բանավեճերի ընթացքում հնչեցված գաղափարներն ու մտքերը՝ պարզելու համար, թե որո՞նք են ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ այդ ուժերի տեսլականները, խնդիրների լուծման հնարավոր ճանապարհները:
«Խաղաղության երկխոսության» ռազմավարական առաջնահերթություններով պայմանավորված՝ ուսումնասիրությունն իրականացվել է սահմանափակ թվով ոլորտների շուրջ: Դրանք են.
- Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորում,
- անվտանգություն և պաշտպանական ոլորտի բարեփոխումներ,
- արտաքին հարաբերություններ,
- մարդու իրավունքներ և ժողովրդավարություն։
Ուսումնասիրությունն ավելի առարկայական դարձնելու նպատակով կազմակերպությունն առանձնացրել է դիտարկվող յուրաքանչուր ոլորտին վերաբերող հարցերի ցանկ՝ պարզելու համար, թե որքանով են վերջիններիս պատասխանները ներառված այդ քաղաքական ուժերի ծրագրային դրույթներում:
Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորում
Ուսումնասիրության ընթացքում փորձել ենք գտնել պատասխաններ հետևյալ հարցերին.
- ո՞րն է լինելու Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակը և ի՞նչ դիրքորոշումներ կան եռակողմ համաձայնագրի ժամկետի ավարտից հետո բնակչության անվտանգության ապահովման վերաբերյալ․
- հստակեցվելո՞ւ է, արդյոք, ռուսական խաղաղապահների մանդատը,
- որո՞նք են գերիների, ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձի հետ կապված խնդիրների լուծման ուղիները,
- ի՞նչ կարգավիճակ ունեն Հայաստանի Հանրապետությունում ապաստանած, Արցախից տեղահանված քաղաքացիները, և որո՞նք են պետության պարտավորություններն այդ խմբի նկատմամբ:
1․ Ո՞րն է լինելու Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակը և ինչ դիրքորոշումներ կան եռակողմ համաձայնագրի ժամկետի ավարտից հետո այնտեղի բնակչության անվտանգության ապահովման վերաբերյալ
Ժամկետներ չհստակեցնելով՝ բոլոր երեք ուժերն էլ Արցախյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը կապում են ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ։
«Հայաստան» (էջ 4, տող 18) և «Պատիվ ունեմ» (էջ 21, տող 16) դաշինքները գտնում են, որ հիմքում պետք է դրված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ «Քաղաքացիական պայմանագիր» (էջ 8, տող 29) կուսակցությունը ևս հիմնվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա, առաջնորդվում «Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքով՝ միաժամանակ պնդելով, որ շարունակելու են ակտիվորեն մասնակցել ԵԱՀԿ շրջանակներում ընթացող գործընթացներին:
Բոլոր երեք ուժերն էլ հակված են ԼՂԻՄ տարածքների դեօկուպացիային՝ խաղաղ բանակցությունների միջոցով։ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը (2։29։37) նախընտրական քարոզարշավի ընթացքում կազմակերպված հեռուստաբանավեճում հաստատել է իրենց կուսակցության այս տեսակետը:
«Պատիվ ունեմ» դաշինքը նշում է, որ պաշտոնական Բաքվի գործողությունները չեն նպաստում բանակցային պրոցեսի բնականոն ընթացքին, որ անհրաժեշտ է Ադրբեջանին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ (2։24։59)։
2․ Հստակեցվելո՞ւ է, արդյոք, ռուսական խաղաղապահների մանդատը
Այս հարցի շուրջ «Քաղաքացիական պայմանագիր» (էջ 9, տող 13 և «Պատիվ ունեմ» դաշինքը (էջ 23, տող 31) գտնում են, որ պետք է ձգտել Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ տեղակայմանը, ինչը կապահովի Արցախի անվտանգությունը։ Այս քաղաքական ուժերը, միաժամանակ, ոչինչ չեն ասում խաղաղապահների մանդատի վերաբերյալ։ «Պատիվ ունեմ» դաշինքը նաև նշում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է աջակցի ռուս խաղաղապահների՝ ԵԱՀԿ ներկայացուցչության շրջանակներում կարգավիճակի հաստատմանը (էջ 23, տող 34):
«Հայաստան» դաշինքն այս հարցին չի անդրադարձել:
3․ Որո՞նք են գերիների, ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձի հետ կապված խնդիրների լուծման ուղիները
Քաղաքական ուժերից միայն «Հայաստան» դաշինքն (էջ 4, տող 14) է, որ անդրադառնում է այս հարցին իր նախընտրական ծրագրում՝ չհստակեցնելով դրան հասնելու մեխանիզմները։ Տարբեր ելույթներում, սակայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ Ալեն Սիմոնյանը (36։49) և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը (1։03։55) նշել են, որ հարցը պատրաստվում են լուծել միջազգային ճնշման և միջազգային գործընթացներն ակտիվացնելու, ինչպես նաև՝ միջազգային գործընկերների հետ համագործակցության միջոցով, ինչն, ըստ իրենց, ժամանակի հարց է միայն։
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը (31։33) նշել է, որ այս հարցի լուծումը մեծապես կախված է հայկական բանակի մարտունակության բարձրացումից․ հակառակորդն այդ պարագայում զսպվածություն կցուցաբերի, ինչն էլ էական ազդեցություն կունենա գերիների վերադարձի վրա։
4․ Ի՞նչ կարգավիճակ ունեն Արցախից տեղահանված, Հայաստանի Հանրապետությունում ապաստանած քաղաքացիները, և որո՞նք են պետության պարտավորություններն այդ խմբի նկատմամբ
«Քաղաքացիական պայմանագիրը» (էջ 8, տող 37), չհստակեցնելով Արցախից տեղահանված քաղաքացիների կարգավիճակը, նշում է, որ իրենց ուշադրության կենտրոնում մնալու է տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը։
«Հայաստան» (էջ 4, տող 23 և «Պատիվ ունեմ» (էջ 23, տող 36) դաշինքներն այդ անձանց փախստականներ են անվանում։
«Հայաստան» դաշինքը նշում է, որ նրանց պետք է ապահովել բնակարաններով և կյանքի արժանապատիվ պայմաններով՝ հնարավորինս աջակցելով նախկին բնակավայրեր վերադարձին։
«Պատիվ ունեմ» դաշինքը գտնում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է աջակցի նրանց բնակության վայրեր վերադարձին, կենսապայմանների ու անվտանգության երաշխիքներիապահովմանը:
Անվտանգություն և պաշտպանական ոլորտի բարեփոխումներ
Այս ոլորտի հետ կապված ԽԵ-ն փորձել է Ազգային ժողով մտած քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում և հանրային ելույթներում գտնել անրադարձ հետևյալ հարցերին.
- ո՞րն է պետության անվտանգության ապահովման և պաշտպանական ոլորտի (բանակի) արդիականացման տեսլականը,
- ի՞նչպես են լուծվելու սպառազինությունների արդիականացմանն առնչվող խնդիրները,
- որո՞նք են ապաշրջափակման պայմանները. առավելությունները և հնարավոր սպառնալիքները,
- ինչպե՞ս է ապահովվելու Ադրբեջանին սահմանակից գյուղերի բնակչության անվտանգությունը,
- ինչպիսի՞ն են լինելու Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության, Արցախի և Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններ,
- ինչպե՞ս են լուծվելու թվային և կիբերանվտանգության հետ կապված խնդիրները,
- ի՞նչ լուծումներ են առաջարկվում ժողովրդագրական խնդիրների վերաբերյալ:
1․ Ո՞րն է քաղաքական ուժերի` պետության անվտանգության ապահովման և պաշտպանական ոլորտի, հատկապես՝ բանակի, արդիականացման տեսլականը
«Քաղաքացիական պայմանագիրն» (էջ 13, տող 12) իր ծրագրում նշում է, որ ներդնելու են զինված ուժերի կառավարման և ղեկավարման միասնական ավտոմատացված համակարգ, ձևավորելու են նոր մարտական կազմավորումներ։ Հանրային բանավեճերից մեկի ժամանակ կուսակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը (9։30) նշել է, որ պետք է անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի, իսկ կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ՝ Մարիա Կարապետյանը (16։55), նշել է, որ վերանայվելու են ծառայության տեսակները, ժամկետները, ինչպես նաև ծառայության վայրերը։
«Հայաստան» դաշինքում (էջ 6, տող 17) գտնում են, որ պետք է ընդունել և գործադրել Ազգային անվտանգության նոր ռազմավարություն, ռազմական նոր դոկտրին, ռազմարդյունաբերական համակարգի զարգացման և ԱԶԳ-ԲԱՆԱԿ նոր հայեցակարգեր։
«Պատիվ ունեմ» դաշինքն (էջ 17, տող 21) իր ծրագրում նշում է, որ պետք է կերտել անվտանգային և պաշտպանական այնպիսի համակարգ, որի պայմաններում սահմանափակ ռեսուրսներով, այդ թվում՝ մարդկային, հնարավոր կլինի առավելագույն խնդիրներ լուծել։ Այլ մանրամասներ, սակայն, այդ մասին ծրագրում ներկայացված չեն։
2․ Սպառազինությունների արդիականացմանն առնչվող խնդիրներ
Խորհրդարանում հայտնված երեք ուժերից միայն «Քաղաքացիական պայմանագիրն» (էջ 13, տող 20) է իր նախընտրական ծրագրում անդրադառնում սպառազինության արդիականացման հետ առնչվող խնդիրներին՝ նշելով, որ շարունակելու են սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման, նոր զինատեսակների ձեռքբերման գործընթացները, նախևառաջ՝ Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ։ Ըստ կուսակցության՝ զինված ուժերը հագեցվելու են հակաօդային պաշտպանության համակարգերով և անօդաչու թռչող սարքերով, ինչպես նաև ռոբոտացված և հեռակառավարվող այլ միջոցներով։ Զինված ուժերը համալրվելու են նաև գերճշգրիտ հեռահար հրթիռային, ժամանակակից ռադիոէլեկտրոնային, հետախուզության և կապի այլ միջոցներով։
Մյուս երկու ուժերն իրենց նախընտրական ծրագրերում կամ հանրային ելույթներում չեն անրադարձել այս հարցին։
3. Որո՞նք են ապաշրջափակման պայմանները. առավելություններ և հնարավոր սպառնալիքներ
Այս հարցը տեղ չի գտել խորհրդարան անցած ուժերի նախընտրական ծրագրերում։
Հեռուստաեթերից կամ լրատվամիջոցների կողմից նախաձեռնված քննարկումների ժամանակ պարբերաբար հնչել է, որ տեղի է ունենալու տարածաշրջանի ապաշրջափակում (20:54), սակայն պայմանների, հնարավոր վտանգների և ձեռքբերումների վերաբերյալ կառուցողական ելույթներ և հայտարարություններ հանրային հարթակներում չեն հնչել։
4․ Ինչպե՞ս է իրականացվելու Ադրբեջանին սահմանակից գյուղերի բնակչության անվտանգությունը
Ուղղակիորեն չանդրադառնալով այս հարցին նախընտրական ծրագրերում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Արուսյակ Ջուլհակյանը (9:40) հանրային հեռուստաալիքի եթերում նախընտրական քարոզարշավի ընթացքում կազմակերպված բանավեճում, այնուամենայնիվ, նշել է, որ սահմանների պահպանությունը պետք է իրականացվի ոչ թե ժամկետային զինծառայողների, այլ սահմանապահ զորքերի կողմից։
5․ Ինչպիսի՞ն են լինելու Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության, Արցախի և Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների, ինչպես նաև ՀՀ և Թուրքիայի հարաբերությունները։
«Քաղաքացիական պայմանագիրն» (էջ 4, տող 31) իր ծրագրում նշում է, որ պատրաստ է բոլոր ուղղություններով խորացնել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Ըստ այդ կուսակցության՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններին նույնպես պատրաստ են, սակայն վերջինիս կողմից կառուցողական քայլերից հետո միայն։
«Պատիվ ունեմ» դաշինքում (էջ 19, տող 17) գտնում են, որ անվտանգային ոլորտում Ռուսաստանի հետ հարաբերություններն անհրաժեշտ է բարձրացնել որակապես նոր մակարդակի․ այդ նոր մակարդակի էությունը, սակայն, չի մասնավորեցվում։ Այս դաշինքը նշում է նաև, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդների խաղաղ գոյակցությունը և տարածաշրջանի կայուն զարգացումը հնարավոր են, բայց իրական կլինեն, եթե Ադրբեջանի իշխանությունները հրաժարվեն իրենց առավելապաշտությունից, հայատյացությունից և շանտաժի քաղաքականությունից (էջ 21, տող 25):
Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա, ըստ «Պատիվ ունեմ» դաշինքի (էջ 21, տող 33), Թուրքիայի ներկայիս քաղաքական ղեկավարության գործելակերպը հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում լավատեսության տեղիք չի տալիս: Այնուամենայնիվ, «Պատիվ ունեմ»-ում նշում են, որ անհրաժեշտ է ձևավորել մոտեցումներ թուրքական հասարակության հետ ուղիղ շփում ապահովելու նպատակով։
«Հայաստան» դաշինքը (էջ 3, տող 27) հայտարարել է ՌԴ-ի հետ բոլոր ուղղություններով հարաբերությունները վերագործարկելու անհրաժեշտության մասին, նշում է, որ կողմ է Հարավային Կովկասում խաղաղության, կոմունիկացիաների ու բաց սահմանների գաղափարին՝ դաշնակից պետությունների հետ փոխշահավետ լուծումներ գտնելով և դրանք բխեցնելով մեր ազգային և պետական շահից ։
6․ Ինչպե՞ս են լուծվելու թվային և կիբերանվտանգության հետ կապված խնդիրները
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրում (էջ 29, տող 36) նշված է, որ մինչև 2023 թվականը նախատեսվում է ստեղծել «Ազգային կիբերանվտանգության գերազանցության կենտրոն», որը կբարելավի պետական համակարգերի կիբերանվտանգությունը և անձնական տվյալների պաշտպանությունը։
«Հայաստան» դաշինքը (էջ 13, տող 8) պատրաստվում է ստեղծել կիբերանվտանգության գործուն համակարգ, այդ թվում՝ պետություն-մասնավոր համագործակցությամբ։
«Պատիվ ունեմ» դաշինքն այս խնդրին չի անդրադարձել։
7․ Ի՞նչ լուծումներ են առաջարկվում ժողովրդագրական խնդիրների լուծման ուղղությամբ
Բոլոր երեք ուժերն էլ նշում են, որ պատրաստվում են զարկ տալ հայրենադարձությանը՝ դրան ուղղված ոչ մի կոնկրետ ծրագիր չվկայակոչելով։
Ընտանիքներին սոցիալական աջակցության մեծացումն ընդգրկված է բոլոր երեք ուժերի նախընտրական ծրագրերում։ «Քաղաքացիական պայմանագիրը» (էջ 62, տող 14) պատրաստվում է դա իրականացնել մինչև 6 տարեկան երրորդ և հաջորդ երեխաներին տրամադրելով ամսական 50,000 դրամ ֆինանսական աջակցություն։
«Պատիվ ունեմ» դաշինքը (էջ 24, տող 20) նշում է, որ պետք է մշակել ծրագիր, որը հատուկ երաշխիքներ կնախատեսի միայնակ կանանց աշխատանքային և սոցիալական իրավունքների երաշխիքների սահմանման, առաջին և երրորդ երեխաների ծննդյան համար միանվագ և շարունակական օժանդակության և սեփական բնակարանի ձեռքբերման խնդիրը լուծելու համար։
Խնդրի վերաբերյալ «Հայաստան» դաշինքը կոնկրետ լուծումներ չի առաջարկում։
Արտաքին հարաբերություններ
Ուսումնասիրվող հարցերն են.
- ինչպե՞ս նվազեցնել ՆԱՏՕ-Ռուսաստանի Դաշնություն հարաբերությունների սրացմամբ պայմանավորված խնդիրների բացասական ազդեցությունը Հայաստանի անվտանգության վրա,
- որքանո՞վ են արտաքին քաղաքականության մշակման գործընթացում հաշվի առնվում տարբեր պետությունների քաղաքական շահերը, անվտանգային ոլորտում համագործակցությունը և այլն,
- ի՞նչ քայլեր են արվելու Հայաստանի Հանրապետությունը գրավիչ գործընկեր դարձնելու ուղղությամբ,որո՞նք են այն միջազգային և տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացները, որոնցում փոխշահավետ հիմունքներով կարող է ներգրավվել Հայաստանը,
- որո՞նք են աշխարհի հետ հարաբերություններ կառուցելու վերաբերյալ մոտեցումները և արտաքին հարաբերություններում Հայաստանի Հանրապետության նոր օրակարգը։
1․ Ի՞նչպես նվազեցնել ՆԱՏՕ-Ռուսաստանի Դաշնություն հարաբերությունների սրացմամբ պայմանավորված խնդիրների բացասական ազդեցությունը Հայաստանի անվտանգության վրա
ԱԺ անցած քաղաքական ուժերից միայն «Քաղաքացիական պայմանագիր»-ն է հիշատակել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը (էջ 6, տող 44)։ ՔՊ-ն հետամուտ է լինելու ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակությանը, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հետևողական իրականացմանը:
2․ Ո՞րքանով են արտաքին քաղաքականության մշակման գործընթացում հաշվի առնվում տարբեր պետությունների քաղաքական շահերը, անվտանգային ոլորտում համագործակցությունը
Բոլոր երեք ուժերն էլ նշում են, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկկողմ հարաբերությունները պետք է զերծ պահել երրորդ երկրների ազդեցությունից։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն (26։44) իր խոսքում նշել է, որ հնարավորություն է տեսնում Իրանի Իսլամական Հանրապետության հետ անվտանգային ոլորտում համագործակցության համար։ «Քաղաքացիական պայմանագիր»-ը նշում է նաև Վրաստանի հետ փոխգործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։
3․ Ի՞նչ քայլեր են արվելու Հայաստանի Հանրապետությունը գրավիչ գործընկեր դարձնելու ուղղությամբ, որո՞նք են այն միջազգային և տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացները, որոնցում փոխշահավետ հիմունքներով կարող է ներգրավվել Հայաստանը
Բոլոր երեք ուժերն էլ նշում են, որ պատրաստվում են տարբեր պետությունների հետ հարաբերություններ նախաձեռնել:
Այս խնդրին անդրադառնալիս՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (էջ 5, տող 6) և «Հայաստան» դաշինքը (էջ 5, տող 28) նշել են, որ Հայաստանը պետք է հատուկ ուշադրություն դարձնի «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի ձևավորմանը։
«Քաղաքացիական պայմանագիրն» առաջարկում է Հայաստանի ճանաչելիության բարձրացման և շահավետ դիրքավորման նպատակով մշակել Հայաստանի նոր բրենդ և մարքեթինգային նյութեր, որոնցով կարելի կլինի ներկայանալ թիրախային շուկաներում: Այս համատեքստում կուսակցության ծրագրերում խոսվում է նաև ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրի ազատականացման երկխոսության մասին։ Մինչև 2026 թվականն ավարտին են հասցնելու նաեւ 2021 թվականի մարտին ամբողջությամբ ուժի մեջ մտած Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը (էջ 5, տող 4):
«Հայաստան» դաշինքը (էջ 6, տող 5) նշում է, որ պատրաստվում են ջանքեր ներդնել Վրաստան-Հայաստան-Իրան էլեկտրաէներգետիկ հարթակի ձևավորման ուղղությամբ և աջակցելու են Վրաստանի և Ռուսաստանի միջև թունելի շինարարությանը, Վրաստանի և Աբխազիայի միջև տրանսպորտային հաղորդակցության բացմանը։ Ըստ նրանց՝ քննարկվում է նաև ԵՄ-ի հետ վերջնականապես օդային փոխադրումների մասին համաձայնագրի վավերացումը և որ այս բոլոր գաղափարները պետք է փոխկապակցվեն Չինաստանի կառավարության «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գաղափարի հետ։ Դաշինքի ներկայացուցիչները նշել են նաև, որ հետամուտ են լինելու Հայաստանի «դեպի ծով ելք չունեցող երկրի կարգավիճակից բխող իրավունքների» իրացմանը։
«Պատիվ ունեմ» դաշինքը (էջ 20, տող 12) գտնում է, որ պետք է խորացվի համագործակցությունը Հայաստան-Իրան-Հունաստան եռակողմ ձևաչափի ներքո, Հայաստանը պետք է նախաձեռնի Հայաստան-Իրան-Ռուսաստան կայուն համագործակցության ձևաչափ:
4․ Որո՞նք են արտաքին աշխարհի հետ հարաբերություններ կառուցելու վերաբերյալ մոտեցումները և արտաքին հարաբերություններում Հայաստանի Հանրապետության նոր օրակարգը
ԱԺ անցած ուժերն այս խնդրին իրենց ծրագրերում չեն անդրադարձել։
Մարդու իրավունքներ և ժողովրդավարություն
Փորձել ենք գտնել հետևյալ հարցերի պատասխանները.
- ի՞նչ տեղ են զբաղեցնում մարդու իրավունքները և ժողովրդավարական արժեքները Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգի կառուցման գործում,
- որո՞նք են դատաիրավական համակարգի բարեփոխման ուղիները,
- ի՞նչ քայլեր են ձեռնարկելու քաղաքական ուժերը մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ,
- ի՞նչ մեխանիզմներ են ներդրվելու ատելության խոսքի տարածումը արգելելու նպատակով,
- կուսումնասիրվե՞ն, արդյոք, 44-օրյա պատերազմի ընթացքում մարդու իրավունքների խախտման դեպքերը,
- ի՞նչ գործուն քայլեր են նախատեսված արտակարգ կամ պատերազմական իրավիճակներում քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ,
- ի՞նչ քայլեր են նախատեսված 44-օրյա պատերազմի արդյունքում քաղաքացիների մոտ հայտնված ապօրինի զենքի առգրավման ուղղությամբ:
1․ Ի՞նչ տեղ են զբաղեցնում մարդու իրավունքները և ժողովրդավարական արժեքները Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգի կառուցման գործում
«Քաղաքացիական պայմանագիրն» (էջ 14, տող 16) այս մասով խոստանում է կատարելագործել ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ, խթանելու են կարգապահությունը, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը և ջանալու են, որ բացառվեն ոչ կանոնադրային հարաբերությունների դրսևորման դեպքերը։
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների նախընտրական ծրագրերում այս խնդիրներին անդրադարձ չկա։
2. Որո՞նք են դատաիրավական համակարգի բարեփոխման ուղիները
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն (էջ 97, տող 2), անդրադառնալով այս կետին, նշել է, որ ապահովելու են անկախ և բարեվարք դատավորների մուտքը դատական համակարգ, առաջարկելու են ստեղծել Գերագույն դատարան, բարելավելու են դատավորների բարեվարքության ստուգման սահմանադրական հիմքերը։ Զարգացնելու են մասնագիտացված դատարանների և առանձին գործերով մասնագիտացած դատավորների ինստիտուտները, այդ թվում՝ Հակակոռուպցիոն դատարանի և մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորների ենթամասնագիտացման միջոցով:
«Հայաստան» (էջ 7, տող 17) դաշինքում գտնում են, որ իրավունքի գերակայության սկզբունքի վրա հիմնվելով պետք է ներդնել մարդու հիմնական իրավունքների անմիջական գործադրումն ապահովող վարչական և մինչդատական նոր կառույցներ, պետք է ազատվել դատական համակարգի վրա քաղաքական ճնշումներից և վերացնել քաղաքական դրդապատճառներով մարդուն ազատությունից զրկելու պրակտիկայից։ Այս առումով, ըստ կուսակցության, անհրաժեշտ է ուժեղացնել դատախազության և քննչական մարմինների ինչպես արտաքին, այնպես էլ ներքին անկախությունը՝ զերծ մնալ ցանկացած միջամտությունից, քաղաքական հանձնարարականներից, ցուցումներից կամ ճնշումից։
«Պատիվ ունեմ» (էջ 12, տող 5) դաշինքը ևս գտնում է, որ պետք է ապահովվի դատախազության և քննչական մարմինների ներքին և արտաքին անկախությունը։ Նշում են, որ պետք է ներդնել և կիրառել մարդու իրավունքների պաշտպանության արտադատական գործիքներ ։
3․ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ
Խորհրդարան անցած ուժերից «Քաղաքացիական պայմանագիրը» (էջ 98, lտող 9) նշում է, որ ուշադիր են լինելու մարդու իրավունքների պաշտպանվածության նկատմամբ, հատկապես՝ խոցելի խմբերի պարագայում։
«Պատիվ ունեմ» դաշինքը (էջ 36, տող 32) նշում է, որ պետք է իրականացնել կրթական համալիր միջոցառումներ՝ ուղղված բնակչության իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի արմատավորմանը։
«Հայաստան» դաշինքը մարդու իրավունքների պաշտպանությանն ու ժողովրդավարության ինստիտուտների զարգացմանը չի անդրադարձել իր նախընտրական ծրագրերում և ելույթներում։ Իր հանրային ելույթներից մեկում, սակայն, Ռոբերտ Քոչարյանը խոստացել է «օրենքով կարգավորել» մարդու իրավունքների ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների գործունեությունը․ վկայակոչելով «այլ երկրների» փորձն այս հարցում՝ նա խոստացել է կամ խիստ սահմանափակումներ կիրառել, կամ արգելք դնել «սորոսական» կազմակերպությունների առջև, լավագույն դեպքում՝ ստիպել նրանց գործունեություն ծավալել «օտարերկրյա գործակալ»-ի պիտակը կրելով։
4․ Ի՞նչ մեխանիզմներ են ներդրվելու ատելության խոսքի տարածումն արգելելու նպատակով
«Քաղաքացիական պայմանագիրն» (էջ 98, տող 2) անդրադառնում է այս խնդրին իր ծրագրում՝ նշելով, որ շարունակելու են կատարելագործել օրենսդրությունը բռնության, ատելության, թշնամանքի, խտրականության դեմ պայքարում՝ ժողովրդավարությունը պաշտպանելու և իրավունքի չարաշահման դեպքերը կանխելու նպատակով ։
Մյուս ուժերն այս խնդրին չեն անդրադարձել։
5․ Կուսումնասիրվե՞ն, արդյոք, 44-օրյա պատերազմի ընթացքում մարդու իրավունքների խախտման դեպքերը
«Հայաստան» դաշինքը ներկայացնող Գեղամ Նազարյանը (52:53) սրա վերաբերյալ նշել է, որ պետք է տեղի ունենա հայկական Նյուրնբերգյան դատավարություն, պարզվի, թե ի՞նչ են արել զինվորականները, քաղաքական գործիչները, որպեսզի հասարակությունը հնարավորություն ունենա հասկանալու, թե ով ինչ է արել և ինչ չպետք է աներ։
Բուն մարդու իրավունքների տեսանկյունից, սակայն, այս հարցին որեւէ քաղաքական ուժ չի անդրադարձել։
6․ Ի՞նչ գործուն քայլեր են նախատեսված արտակարգ կամ պատերազմական իրավիճակներում քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ
Այս խնդրին որեւէ անդրադարձ չի եղել։
7․ Ի՞նչ քայլեր են նախատեսված 44-օրյա պատերազմի արդյունքում քաղաքացիների մոտ հայտնված ապօրինի զենքի առգրավման ուղղությամբ
Քաղաքական ուժերն այս խնդրին չեն անդրադարձել։
Հեղինակ` Անուշ Հարությունյան
Խմբագիր` Վահագն Անտոնյան
Ուսումնասիրությունն իրականացվել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության «Բաց պատմություններ» ծրագրի շրջանակներում «Հաշտեցման ռեսուրսներ» (Conciliation Resources) կազմակերպության հետ համագործակցությամբ՝ Եվրամիության կողմից տրամադրված ֆինանսական միջոցներով: