Լուսանկարները` © 2015, ԽԵ, «Փորձի սիստեմատիզացիա» դասընթաց: Հեղինակ՝ Արմինե Զաքարյան
Այս տարվա մայիսին փորձի սիստեմատիզացիայի հանդիպումից հետո հաջորդ դասընթացը օգոստոսի 20-25-ը Թբիլիսիում կայացած արդյունքների վերլուծության դասընթացն էր։ ՌԴ-ի, Վրաստանի, Հայաստանի, Ուկրաինայի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունները ներկայացնող մասնակիցների համար «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության եւ իր գերմանական գործընկեր ՕՎԵՆ-ի «ԱՐԵՆԱ․ համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» եռամյա ծրագրի (մեկնարկել է 2015թ.) շրջանակներում կազմակերպված երկրորդ աշխատանքային հանդիպման դասընթացավարները եւս Մարինա Գրասսեն եւ Միրելլա Գալբիատտին էին։
|
«Արենա»-յի նախատեսվող արդյունքներից է լինելու նշված երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչներից եւ անկախ գեղարվեստական գործիչներից բաղկացած ցանցի ստեղծումը։ Այս աշխատանքային հանդիպմանը նախապատրաստվելու համար մասնակիցները փաստագրել էին իրենց երկրներում մարդու իրավունքների պաշտպանությանը կամ խաղաղասիրությանն ուղղված մի ծրագիր, որում իրենք ներգրավված են։ Արդյունքները վերլուծվեցին արդեն հանդիպման ընթացքում, ընդ որում, կազմակերպիչների կողմից ընտրված վերլուծության գործիքներն իրենց մեջ ստեղծագործական մոտեցումներ էին մեծապես ներառում։
Յուրաքանչյուր մասնակից ներկայացրեց, թե տեղերում ինչպես են ընթացել փորձի սիստեմատիզացիայի վրա աշխատանքները, այնուհետեւ ընդհանուր խմբի մասնակցությամբ վերլուծվեցին արդյունքները՝ այդ աշխատանքում օգտվելով տարբեր, ստեղծագործական տարրեր պարունակող, մեթոդներից։ Մասնակիցները ներկայացրեցին նաեւ իրենց հանդիպած դժվարություններն ու խոչընդոտները, իսկ բոլորը փորձում էին իրենց ունեցած փորձից ելնելով հուշել, թե այս կամ այն պարագայում լավագույն ելքը որն է։
Փորձի սիստեմատիզացիայի եւ դրա արդյունքների վերլուծության նպատակն, ըստ կազմակերպիչների, թույլ կտա ծրագրում ներգրավված մասնակիցներին համատեղ աշխատելով՝ հասկանալ իրենց այս կամ այն ծրագրի ընթացքում եղած բացթողումները, թույլ եւ ուժեղ կողմերը նաեւ, ստեղծագործական ճանապարհներ գտնել-ստեղծել, թե ինչպես փոխհաղորդակցվեն, այլոց փոխանցեն սիստեմատիզացիայից քաղած դասերը։ Սիստեմատիզացիային վերաբերող հմտությունները հնարավորություն կտան առավել արդյունավետ ծրագրել հետագա անելիքներն ու միասնական ռազմավարություն մշակել մարդու իրավունքների եւ խաղաղասիրության բնագավառում գեղարվեստական միջոցների օգտագործմամբ աշխատանք ծավալելու ուղղությամբ:
Ինչ վերաբերում է մասնակիցների եւ նրանց ներկայացրած կազմակերպությունների միջեւ փոխօգնության, համագործակցության ձեւավորմանը՝ թվում է, ծրագրի իրականացման այս փուլում նման հարաբերությունների ձեւավորումն արդեն նշմարելի է, ինչը հաստատում է նաեւ մասնակիցներից մեկի հետեւյալ խոսքերը.
«Հույս ունեմ, որ համատեղ աշխատելով՝ օգնեցի իրենց ծրագրերն ավելի լավացնել, խրախուսեցի ինչ-որ հարցերում»…
Առավել մանրամասն տեղեկությունների համար գրել հետեւյալ էլեկտրոնային հասցեով․ [email protected]
Ծրագրի գերմանական գործընկերն է՝ «Օվեն» հկ-ն (OWEN – Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e.V.)
«ԱՐԵՆԱ. Համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik” ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով: