© 2021. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ
Տարեկան զեկույց
2015թ.-ից «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն իրականացրել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2014-2016թթ. եւ 2017-2019թթ. գործողությունների ծրագրերի շրջանակներում, հատկապես՝ զինված ուժերում (այսուհետ` ԶՈւ) մարդու իրավունքների վիճակի եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության (այսուհետ` ՊՆ) գործողությունների մշտադիտարկում: Կազմակերպությունը հավատացած է, որ սեկտորալ մշտադիտարկումներն առավել արդյունավետ են եւ հնարավորություն են տալիս իրականացնել ոլորտի թիրախային եւ խորքային ուսումնասիրություն անգամ սուղ միջոցներով:
Վերջին տարիներին միջազգային եւ տեղական հեղինակավոր կառույցների զեկույցներում հաճախ են հիշատակվում ՀՀ ԶՈւ-ում մահվան, խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի դեպքերի, դրանց կապակցությամբ տարվող քննության արդյունավետության, արդար դատաքննության իրավունքի իրացման պայմանների եւ դատական համակարգի անկախության ու անկողմնակալության շուրջ խնդիրները: Այս լրջագույն խնդիրների առկայության մասին են վկայում ոչ միայն իրավապաշտպան խմբերի հայտարարություններն ու զեկույցները, այլեւ հեղինակավոր միջազգային կառույցների (Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ), Խոշտանգումների դեմ կոմիտեի (ԽԴԿ)) կողմից պարբերաբար բարձրաձայնվող հարցադրումները, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Հայաստանի Հանրապետության դեմ կայացրած մի շարք վճիռներն ու դրանց կատարողականների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի որոշումները:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2019թ. դեկտեմբերի 26-ի N 1978–Լ որոշմամբ ընդունվել է Մարդու իրավունքների պաշտպանության (այսուհետ՝ ՄԻՊ) ազգային ռազմավարությունը եւ դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագիրը (այսուհետ` ԳԾ)։ Կառավարության վերոնշյալ որոշումը սահմանում է, որ ռազմավարության առաջնահերթությունները պայմանավորված են մարդու իրավունքների ոլորտում ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման հրամայականով: Այս ռազմավարության իրագործմամբ կառավարությունն ակնկալում է ապահովել միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների կողմից արձակված ակտերի, հանձնարարականների եւ առաջարկությունների կատարումը, ինչպես նաեւ շտկել պարբերական եւ արտահերթ զեկույցներում բարձրացված խնդիրները։
2020թ.-ի սկզբին ԽԵ-ն նախաձեռնել է «Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությաննուղղված պետական քաղաքականության մշակման եւ իրականացման գործընթացներումքաղաքացիական հասարակության դերի բարձրացումը» ծրագիրը: Այս նախաձեռնությամբ կազմակերպությունը ձգտում է նպաստել ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանվածությանը` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար արդյունավետ մեխանիզմ ձեւավորելով մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում պաշտպանական ոլորտում իրականացվող գործողությունների մշտադիտարկման նպատակով:
Նախաձեռնության շրջանակներում ձեւավորված, ՀՀ Երեւան քաղաքում եւ մարզերում գործող, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած մշտադիտարկող խումբն իրականացնում է ՄԻՊ ռազմավարության եւ 2020-2022թթ. ԳԾ-ի պաշտպանական ոլորտին վերաբերող միջոցառումների կատարման մշտադիտարկումը:
Հաշվի առնելով ամբողջ աշխարհում ընթացող կորոնավիրուսի (COVID-19) հետեւանքների չեզոքացման եւ վարակի հետագա տարածումը կանխարգելող գործողությունների իրականացման կարեւորությունը` մշտադիտարկման ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել նաեւ ՀՀ ԶՈՒ-ում վարակի տարածումը կանխելու նպատակով իրականացվող գործողությունների ուսումնասիրությանը:
Սույն զեկույցը հիմնված է 2020թ. հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում պաշտպանական ոլորտին առնչվող գործողությունների կատարման ընթացքի դիտարկման արդյունքների վրա։
Ամբողջական զեկույցը կարող եք ներբեռնել այստեղ` Տարեկան զեկույց (Ամբողջական) (pdf, 1.1Mb):
Զեկույցի համառոտ տարբերակը կարող եք ներբեռնել այստեղ` Հավելված 1 (pdf, 372Kb):
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում պաշտպանական ոլորտի միջոցառումների մշտադիտարկման արդյունքներից բխող առաջարկությունները կարող եք ներբեռնել այստեղ`Հավելված 2 (pdf, 187Kb):
© 2021. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022թթ.-ի գործողությունների ծրագրի պաշտպանական ոլորտին վերաբերող միջոցառումների կատարման մշտադիտարկումն իրականացվում է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից Գերմանիայի արտաքին գործերի նախարարության (ի դեմ` Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության) եւ Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստանի կողմից տրամադրված դրամաշնորհների շրջանակներում:
Հրապարակման բովանդակության պատասխանատվությունը կրում է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը, եւ այն չի արտացոլում Գերմանիայի արտաքին գործերի նախարարության եւ Բաց հասարակության հիմնադրամներ– Հայաստանի տեսակետները: