© 2021. ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ: ՀԵՂԻՆԱԿ` ՏԱԹԵւԻԿ ՄԱԼՈՒՄՅԱՆ
«Չէի պատկերացնի, որ բջջային հեռախոսիս տեսախցիկն այսքան լավ միջոց կարող է հանդիսանալ առօրյաս ու ինձ հուզող խնդիրները բնութագրելու համար։ Ուրախ եմ, որ բոլորս միասին կարող ենք ստեղծել մեր պատմությունները լուսանկարների միջոցով»,- նշել է Լեռնային Ղարաբաղը ներկայացնող երիտասարդ մասնակիցներից մեկը վավերագրական լուսանկարչության դասընթացի առաջին հանդիպման ժամանակ։
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը փետրվար ամսից իրականացնում է դասընթացների շարք, որոնցում ներգրավված են Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանի Լոռու մարզում ժամանակավոր կամ մշտական բնակություն հաստատած երիտասարդները։
Նախաձեռնության ուղղություններից մեկը՝ վավերագրական լուսանկարչության դասընթացը, միտված է երիտասարդների լուսանկարչական հմտությունների զարգացմանը, որի արդյունքում, կյանքի կոչելով սեփական ստեղծագործական մտահղացումները, նրանք կստեղծեն իրենց առօրյայի, նախասիրությունների, ինչպես նաև մարտահրավերների մասին պատմող լուսանկարչական պատմություններ:
Դասընթացների մյուս շարքը նվիրված է մարդու իրավունքների ոլորտում երիտասարդ մասնակիցների իրազեկվածության և իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը: Նման դասընթացներին մասնակցությունը հնարավորություն կընձեռի երիտասարդներին բարձրաձայնել մարդու իրավունքներին վերաբերող խնդիրների մասին, որոնց նրանք առնչվում են տարբեր միջավայրերում, օրինակ՝ դպրոցում, համալսարանում կամ աշխատանքի վայրում:
Ուշագրավ է նաև, որ «Խաղաղության երկխոսություն» հկ-ի այս նախաձեռնությունը, որն իրականացվում է «Հաշտեցման ռեսուրսներ» կազմակերպության աջակցությամբ, Լեռնային Ղարաբաղի երիտասարդների համար հանդիսանում է տարիքակիցների հետ ակտիվ հաղորդակցության և ժամանցի ապահովման հարթակ, ինչպես նաև խթանում է ներկա բնակավայրերում նոր ծանոթությունների ձեռք բերեմանը և առավել արագ ինտեգրմանը։
Դասընթացները կազմակերպում և իրականացնում են`
- Լուսինե Պողոսյանը
- Շուշանիկ Իսահակյանը
- Լիլիթ Սարգսյանը
- Լենա Բարսեղյանը
Տե’ս դասընթացի մասնակիցների լուսանկարչական աշխատանքներից մի քանիսը.