ԿՈՆՏԱԿՏ 2.0

Սեպտեմբերի 07, 2020
© 2020. Նկարազարդումը`«Խաղաղության երկխոսություն» հկ:
© 2020. Նկարազարդումը`«Խաղաղության երկխոսություն» հկ:

2020թ. սեպտեմբերին «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունն (ԽԵ) իր գերմանական գործընկեր «OWEN» հասարակական կազմակերպության հետ համատեղ սկսեցին «Կոնտակտ 2.0. Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված տարածաշրջանի երիտասարդների շրջանում սոցիալական մեդիայի ոլորտին առնչվող հմտությունների զարգացումը՝ ի նպաստ խաղաղության հեռանկարների վերաձևավորման» եռամյա նախաձեռնությունը, որն ուղղված է հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի խթանմանը։

2020թ. սկզբին COVID-19 համավարակի տարածման հետևանքով սոցիալական և կրթական միջոցառումների իրականացումը համընդհանուր կերպով տեղափոխվեց առցանց տիրույթ։ Դառնալով ժամանակակից իրականության անքակտելի մաս՝ առցանց տեխնոլոգիաները և սոցիալական հարթակներն այժմ հանդիսանում են հաղորդակցման, ինչպես նաև դասընթացների, սեմինարների, աշխատանքային քննարկումների և գիտաժողովների անցկացման անփոխարինելի միջավայր: Այդուհանդերձ, առցանց հարթակները որոշակիորեն վերածվել են նաև ատելության խոսքի և պատերազմի քարոզչության տարածման տիրույթի՝ մասնավորապես՝ թիրախավորելով երիտասարդությանը։

Հաշվի առնելով այս փաստը՝ CONTACT 2.0 ծրագրի իրականացմամբ «Խաղաղության երկխոսություն» հկ-ն ձգտում է երիտասարդների համար ստեղծել այնպիսի ապահով հարթակ, որտեղ վերջիններս հնարավորություն կունենան ձևավորել երկխոսություն իրենց իրականությանն ու համատեքստին բնորոշ՝ մարդու իրավունքներին առնչվող մարտահրավերների, ինչպես նաև խտրականության (պայմանավորված գենդերային և այլատիպ գործոններով), բռնության, ինքնության, բազմազանության ընդունման և հանդուրժողականության թեմաների շուրջ։ Ավելին, այս ծրագրով «ԽԵ»-ն նպատակ է հետապնդում հզորացնել երիտասարդների ներուժը և ապահովել վերջիններիս՝ սոցիալական մեդիայի ոլորտում նոր գործիքների կիրառման կարողություններով և հմտություններով, որպեսզի նրանք նախաձեռնեն քննարկումներ պատերազմի, արմատականացման, ազգայնականության և ռազմականացման հետևանքների վերաբերյալ` այս թեմաների շուրջ հանրային երկխոսություն ծավալելու նպատակով։


owen

Ծրագրի գերմանական գործընկերն է՝ «Օվեն» հկ-ն (OWEN – Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e.V.):

 

02255

«CONTACT 2.0» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik” ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով:

aus