© 2020. ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ: ՀԵՂԻՆԱԿ՝ ՄԱՐԻԱՆՆԱ ԽԱԺԱԿՅԱՆ
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը Բեռլինում գործող հակամարտությունների փոխակերպման և քաղաքացիական կրթության ուղղությամբ աշխատող CRISP հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ 2019 թվականից իրականացնում է «Հարավային Կովկասում կանանց հիմնախնդիրներով զբաղվող ցանցի կարողությունների զարգացում» նախաձեռնությունը, որն ուղղված է Հարավային Կովկասի գյուղական բնակավայրերի կանանց հզորացմանը և նրանց կարողությունների զարգացմանը մարդու իրավունքների կրթության ոլորտում:
2020 թվականին ծրագրի հիմնական ուղղություններից են կանանց իրավունքներին առնչվող հիմնահարցերը և ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1325՝ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» բանաձևի պահանջների վերաբերյալ կանանց իրազեկվածության մակարդակի բարձրացումը։ Այդ նպատակով 2020 թվականի օգոստոս ամսին զուգահեռաբար անցկացվեցին կարողությունների զարգացման դասընթացներ ծրագրի վրացական, ադրբեջանական և հայկական թիմերի մասնակիցների համար:
Օգոստոսի 27-31-ին «Խաղաղության երկխոսություն» հկ-ի կողմից Գյումրիում իրականացվեց հայկական թիմի հինգօրյա դասընթացը, որում ներգրավված էին Հայաստանի Լոռու և սահմանամերձ Տավուշի մարզերը ներկայացնող կանայք և աղջիկներ։ Դասընթացի ընթացքում մասնակիցները քննարկեցին իրենց տարածաշրջաններում կանանց իրավունքներին առնչվող բազմաթիվ խնդիրներ՝ անդրադառնալով COVID-19 համավարակով պայմանավորված մարտահրավերներին և համավարակի ազդեցությանը Հարավային Կովկասի երկրների կանանց ու աղջիկների վրա։ Բացի այդ, մասնակիցները ծանոթացան իրենց համայնքներում կանանց հիմնահարցերի բացահայտման և դրանց խորքային պատճառների վերլուծության ուղղությամբ մի շարք արդյունավետ մեթոդների և գործիքների։
Հաշվի առնելով այն փաստը, որ վերադառնալով իրենց համայնքներ՝ ծրագրում ներգրավված մասնակիցները հանդես են գալու տեղական մակարդակում կանանց խնդիրների բարձրաձայնմանն ու դրանց լուծմանն ուղղված սեփական նախաձեռնություններով՝ «Խաղաղության երկխոսություն» հկ-ի փորձագետները մասնակիցներին ներկայացրին նաև դասընթացի հիմնական տարրերից մեկը հանդիսացող 2019թ. փետրվարի 28-ին Հայաստանի Հանրապետության կառավարության N 197-Լ որոշմամբ հաստատված ՄԱԿ-Ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն եվ անվտանգություն» N 1325 բանաձևի դրույթներից բխող 2019-2021 թվականների համար նախատեսված գործողությունների ծրագիրը՝ նպատակ ունենալով ապահովել մասնակիցների նախաձեռնությունների կապը կանանց իրավունքների ապահովման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից նախատեսվող գործողությունների հետ:
Ծրագիրն իրականացվում է «CRISP» հասարակական կազմակերպության կողմից՝ Գերմանիայի կառավարության «Քաղաքացիական հասարակության համագործակցություն» նախաձեռնության եւ Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում։