© 2020. ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ: ՀԵՂԻՆԱԿ՝ ՄԱՐԻԱՆՆԱ ԽԱԺԱԿՅԱՆ
Ձևավորվեց ՄԻՊ 2020-2022թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում պաշտպանական ոլորտին առնչվող միջոցառումների մշտադիտարկման հասարակական խումբը:
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ 2020թ. օգոստոսի 8-10-ին իրականացվեց «Քաղաքացիական հասարակության ներուժի զարգացումը ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների արդյունավետ մշտադիտարկում իրականացնելու նպատակով» խորագրով եռօրյա դասընթաց: Միջոցառումն ուղղված էր ՀՀ մարզերում եւ Երեւան քաղաքում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների կարողությունների զարգացմանը մարդու իրավունքների մշտադիտարկման ոլորտում՝ նպատակ ունենալով ձեւավորել ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թթ.-ի գործողությունների ծրագրի շրջանակներում պաշտպանական ոլորտին առնչվող միջոցառումների մշտադիտարկման հասարակական խումբ:
Փորձագետ, իրավաբանական գիտությունների դոկտոր Արմեն Գրիգորյանի ներգրավմամբ՝ դասընթացի 17 մասնակիցներին ներկայացվեցին ՄԻՊ 2020-2022թթ. գործողությունների մշտադիտարկման եւ գնահատման մեթոդաբանությունը, ծրագրով նախանշված գործողությունների կատարման վերաբերյալ շահառու խմբերից տեղեկատվություն հավաքագրելու, ինչպես նաեւ մարդու իրավունքների խախտումները փաստագրելու մի շարք արդյունավետ գործիքներ: Մասնակիցները հնարավորություն ունեցան առավել խորքային գիտելիք ձեռք բերել պաշտպանական ոլորտի վերաբերյալ, ծանոթանալ առկա խնդիրներին ու մարտահրավերներին։
Հանդիպման վերջին օրը մասնակիցների կողմից նախապատրաստվեց ՄԻՊ գործողությունների ծրագրի շրջանակներում պաշտպանական ոլորտին առնչվող միջոցառումների 2020թ.-ի մշտադիտարկման պլանը: Մշտադիտարկման աշխատանքների մեկնարկը նախատեսված է դասընթացի ավարտից անմիջապես հետո: Մինչեւ 2020 թ.-ի ավարտը խմբի կողմից կուսումնասիրվեն կյանքի, խոշտանգումներից զերծ մնալու եւ գործի արդար քննության իրավունքների ապահովման առնչությամբ պաշտպանության նախարարության կողմից իրականացվելիք ութ միջոցառումների մշտադիտարկումը:
Սույն միջոցառումը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող ՊՆ-ի գործունեության մշտադիտարկումը իրականացվում են Գերմանիայի արտաքին գործերի նախարարության (ի դեմս` Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության) եւ Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստանի կողմից տրամադրված դրամաշնորհների շրջանակներում: