ՓՈՐՁԱԳԵՏ-ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

Հունիսի 08, 2020
© 2020. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ
© 2020. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

Ծրագրի անվանումը` «Քաղաքացիական հասարակության ներուժի զարգացումը Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության գործողությունների արդյունավետ մշտադիտարկման նպատակով»

Մեկնարկը՝ հուլիսի 1, 2020թ․

Տեւողությունը՝ 4 ամիս

Աշխատանքային ժամերը`ազատ գրաֆիկ

Վարձատրությունը` գործարքային

Ընդհանուր տեղեկություն

Վերջին տարիներին միջազգային եւ տեղական հեղինակավոր կառույցների զեկույցներում հաճախ են նշվում ՀՀ ԶՈՒ-ում մահվան, խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի դեպքերի, դրանց կապակցությամբ տարվող քննության արդյունավետության, արդար դատաքննության իրավունքի իրացման պայմանների եւ դատական համակարգի անկախության ու անկողմնակալության շուրջ խնդիրները: Վերջիններիս մասին վկայում են ոչ միայն իրավապաշտպան խմբերի հայտարարություններն ու զեկույցները, այլեւ հեղինակավոր միջազգային կառույցների (Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ), Խոշտանգումների դեմ կոմիտեի (ԽԴԿ)) կողմից պարբերաբար բարձրաձայնվող հարցադրումները, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Հայաստանի Հանրապետության դեմ կայացրած մի շարք վճիռներն ու դրանց կատարողականների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի որոշումները:

Հայաստանի Հանրապետությունում 2018թ.-ին տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո ձեւավորված նոր կառավարությունը պետության համար որպես կարեւորագույն առաջնահերթություն հռչակեց քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնումը, մարդու իրավունքների երաշխավորման եւ պաշտպանության ինստիտուցիոնալ ու համակարգված քաղաքականության մշակումն ու իրականացումը: 2019 թ.-ի դեկտեմբերի 26-ի՝ կառավարության N1978-Լ որոշմամբ հաստատվեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային նոր ռազմավարությունը եւ դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագիրը (ՄԻՊԳԾ 2020-2022թթ.): Կառավարության վերոնշյալ որոշումը սահմանում է, որ ռազմավարության առաջնահերթությունները պայմանավորված են մարդու իրավունքների ոլորտում ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման հրամայականով: Այս ռազմավարության իրագործմամբ կառավարությունն ակնկալում է ապահովել միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների կողմից արձակված ակտերի, հանձնարարականների եւ առաջարկությունների կատարումը, ինչպես նաեւ շտկել պարբերական եւ արտահերթ զեկույցներում բարձրացված խնդիրները։

2020թ.-ի հունիսին «Խաղաղության երկխոսություն» հկ-ն (այսուհետ` ԽԵ) սկսում է «Քաղաքացիական հասարակության ներուժի զարգացումը Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության գործողությունների արդյունավետ մշտադիտարկման նպատակով» նախագծի իրականացումը: Այս նախաձեռնությամբ ԽԵ-ն ձգտում է նպաստել ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանվածությանը` ձեւավորելով մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) գործողությունների մշտադիտարկման արդյունավետ մեխանիզմ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար: Նախագծի շրջանակներում ԽԵ-ն նախատեսում է ձեւավորել Հայաստանի Հանրապետության Երեւան քաղաքում եւ մարզերում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներից ձեւավորված խումբ, որն իրականացնելու է ՄԻՊԳԾ-ի շրջանակներում պաշտպանական ոլորտին առնչվող գործողությունների մշտադիտարկում:

Ծառայության նպատակ եւ տեխնիկական նկարագիր

Մրցութային կարգով ընտրված փորձագետ-վերլուծաբանից ակնկալվում է.

  • Ծրագրի անձակազմի, իրավաբան-փորձագետի եւ հետազոտություններ անցկացնող փորձագետի հետ համագործակցությամբ նախապատրաստել եւ իրականացնել նախագծի շրջանակներում ձեւավորված մշտադիտարկող խմբի մասնակիցների կարողությունների զարգացմանն ուղղված երկու դասընթաց (ընդանուր` 5 oր տեւողությամբ)։
  • Մշակել ՄԻՊԳԾ-ի շրջանակներում 2020թ.-ին պաշտպանական ոլորտին առնչվող գործողությունների` մարդու իրավուների ոլորտում միջազգային պահանջներին համապատասխանության գնահատման չափորոշիչներ:
  • Իրականացնել վերլուծություն պարզելու համար, թե որքանով են ՄԻՊԳԾ-ի շրջանակներում 2020թ.-ին պաշտպանական ոլորտին առնչվող գործողությունները եւ դրանց իրականացումը համապատասխանում ՄԻԵԴ-ի Հայաստանի Հանրապետության դեմ կայացրած վճիռներում արձանագրված պահանջներին, որոնցում Դատարանը ճանաչել է Դիմողների՝ խոշտանգումներից զերծ մնալու եւ գործի արդյունավետ քննության իրավունքի խախտման փաստերը, կամ որքանով են այդ գործողությունները նպաստում ՀՀ-ի վերաբերյալ ԽԴԿ-ի կամ ԽԿԿ-ի տարբեր տարիների զեկույցներում նշված խնդիրների լուծմանը:
  • Վերոնշյալ ուսումնասիրության, ինչպես նաեւ մշտադիտարկող խմբի կողմից վերհանված խնդիրների վերլուծության հիման վրա նախապատրաստել զեկույց, որը կներառվի ՄԻՊԳԾ-ի շրջանակներում 2020թ.-ին պաշտպանական ոլորտին առնչվող գործողությունների վերաբերյալ մշտադիտարկող խմբի վերջնական զեկույցում:

Փորձագետ-վերլուծաբանին ներկայացվող անհրաժեշտ կարողությունների պահանջներ

  • Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ
  • Նմանատիպ վերլուծական առաջադրանքների իրականացման առնվազն հինգ տարվա փորձառություն
  • Մարդու իրավունքների մշտադիտարկման, տեղեկատվության հավաքագրման մեթոդների, մարդու իրավունքների խախտումները փաստագրելու եւ շահերի պաշտպանության ոլորտում դասընթացներ իրականացնելու առնվազն հինգ տարվա փորձառություն
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն
  • Պատասխանատվության բարձր զգացում և թիմում աշխատելու կարողություններ
  • ժամկետների վերահսկման կարողություն

Դիմելու ընթացակարգ

Հետաքրքրված անհատները կարող են դիմել՝ կազմակերպությանը ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը․

  • հետաքրքրության նամակ,
  • վերջին հինգ տարիների ընթացքում դիմողի կողմից իրականացված նմանատիպ աշխատանքների մասին տեղեկատվություն և հավաստող փաստաթղթեր,
  • դիմողի ինքնակենսագրություն (CV):

Անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ուղարկվեն [email protected] էլ․հասցեով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետ

Հայտերն ընդունվում են մինչեւ 2020թ.-ի հունիսի 20 (ներառյալ):

Ոչ ամբողջական և վերջնաժամկետի խախտմամբ ուղարկված հայտադիմումները չեն դիտարկվի:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել +374 (55) 82 06 32 կամ 0322 2 13 40 հեռախոսահամարներով կամ այցելել գրասենյակ  (ք. Վանաձոր, Մյասնիկյան 12/40):