ԶԵԿՈՒՅՑ. ՌՈ ԲԵՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻՑ ԶԵՐԾ ՄՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Մարտի 04, 2020
© 2019 Զեկույցը հրապարակվել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից
© 2020. Նկարազարդումը` Ալեքսեյ Յորշ, Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն

Զինված ուժերում (ԶՈւ) մարդու իրավունքների հիմնախնդիրները միշտ եղել են իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում: Վերջին տարիներին այս ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունները հաճախ են բարձրաձայնում, որ բանակում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, ամրագրված ինչպես միջազգային, այնպես էլ՝ ներպետական իրավական ակտերում, կոպտորեն ոտնահարվում են։ «Խաղաղության երկխոսություն» (ԽԵ) հասարակական կազմակերպության մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկարամյա գործունեությունից բխող փորձը ցույց է տալիս, որ ռազմական ոստիկանության կայազորային մեկուսարաններ բերման ենթարկված զինծառայողներն ու քաղաքացիներն առավել խոցելի են իրավական պաշտպանվածության եւ, հատկապես, խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի ապահովման տեսանկյունից։

2012թ.-ից ԽԵ-ն նախաքննության եւ դատաքննության փուլերում իրավական աջակցություն է ցուցաբերում զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մի շարք ընտանիքների, ինչպես նաեւ իրականացնում բանակում տեղի ունեցած միջադեպերի առիթով հարուցված քրեական վարույթների շրջանակներում մարդու իրավունքների խախտման փաստերով քաղաքացիների դատական ատյաններում ներկայացուցչությունն ու պաշտպանությունը: Վերոնշյալ քրեական գործերի շրջանակներում կազմակերպությունն արձանագրել է, որ քրեական վարույթն իրականացնող մարմինները հաճախ չեն ապահովել արդյունավետ քննության կարեւորագույն չափորոշիչներից մեկը․ գործով անցնող վկաները, դատավարության մյուս մասնակիցները ենթարկվել են դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի։

Քրեական վարույթների շրջանակներում կասկածյալի կամ վկայի կարգավիճակով ռազմական ոստիկանություն բերված անձանց նկատմամբ խոշտանգումը, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող գործողությունները կիրառվել են ինքնախոստովանական ցուցմունք կորզելու կամ ճնշելու նպատակով` ֆիզիկական ու հոգեկան ցավի միջոցով ցանկալի տեղեկություններ կամ վկայություններ ստանալու համար: ՀՀ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից զինծառայողների խոշտանգման` նրանց նկատմամբ բռնություն գործադրելու առանձին դեպքերի հետ կապված խնդիրները  բարձրացվել են նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) զեկույցներում:

Փորձը ցույց է տալիս, որ խոշտանգումների վերաբերյալ քրեական գործերը միայն եզակի դեպքերում են հասնում դատարաններ, ինչը պայմանավորված է նաեւ եղելությունն ապացուցելու դժվարությամբ, գրեթե՝ անհնարինությամբ: Շատ դեպքերում արդարադատություն իրականացնող ինստիտուտների նկատմամբ անվստահության արդյունքում քաղաքացիները նախընտրում են լռել իրենց նկատմամբ իրականացված խոշտանգումների դեպքերի վերաբերյալ, իսկ մեղադրյալի կարգավիճակում գտնվողները կարծում են, որ նման խնդիրների բարձրաձայնումը կարող է ավելի վատթարացնել իրենց վիճակը․ արատավոր պրակտիկան ցույց է տալիս, որ նման դեպքերում դեռ իրենք են ստիպված լինում ապացուցել իրենց նկատմամբ տեղի ունեցած խոշտանգման փաստը։ Բավական է միայն նշել, որ Հայաստանում դեռեւս ոչ մի պաշտոնյա պատասխանատվություն չի կրել այլ անձի նկատմամբ վատ վերաբերմունքի եւ խոշտանգումների համար, անգամ այն դեպքերում, երբ խոշտանգման եւ վատ վերաբերմունքի դրսեւորման փաստը ճանաչվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից: 2020թ. հունվարիդրությամբ ՀՀ դատարանի կողմից արձանագրվել է քաղաքացու խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտման ընդամենը մեկ դեպք․ 2019թ.-ի հունվարի 8-ին ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրել է փաստացի աննախադեպ որոշում` ճանաչել է 2015 թվականին բանակից հոգեկան խնդիրներով տուն վերադարձած Արթուր Հակոբյանի խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտումը։ Չնայած դատարանի որոշմանը՝ մինչ այժմ այդ գործով մեղադրյալ անգամ չկա։

Խնդիրն էլ ավելի է բարդանում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ հանրային իրազեկության ցածր մակարդակի արդյունքում հասարակության լայն շերտերի մոտ (թե՛ պաշտոնական շրջանակներում, թե՛ քաղաքացիների մոտ) չի ամրապնդվել խոշտանգումների, վատ վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնող գործողությունների նկատմամբ անհանդուրժողականությունը․ մարդիկ այս երեւույթները համարում են միանգամայն հասկանալի, ինչ-որ տեղ ընդունելի եւ հանդուրժողաբար են տրամադրված:

Դեռեւս 2015 թ.-ին ՀՀ կառավարությունը խոստովանում էր, որ գործող «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում կարգավորումներ սահմանված չեն կարգապահական վաշտերում, կարգապահական գումարտակում եւ կարգապահական մեկուսարաններում այդ կառույցի գործառույթների վերաբերյալ։ Չնայած այն բանին, որ 2017 թ.-ին ընդունված «Ռազմական ոստիկանության մասին ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքով փորձ արվեց որոշակի հստակություն մտցնել կայազորային մեկուսարաններում ռազմական ոստիկանության գործառույթների վերաբերյալ, ոլորտը կարգավորող նոր օրենք, սակայն, չի ընդունվել։ Արդյունքում՝ մինչ այժմ առկա են անհստակություններ այս կառույցի դերի եւ բովանդակության վերաբերյալ:

Բացի օրենսդրական հստակ կարգավորումների բացակայությունից, ոլորտի բարեփոխմանը խոչընդոտում է նաեւ համակարգի փակ լինելը։ Պաշտպանության նախարարության ենթակայության տակ գործող կառույց հանդիսանալով՝ ռազմական ոստկանությունը դուրս է մնում հանրային վերահսկողությունից: Կազմակերպությանը հայտնի են դեպքեր, երբ փաստաբանները չեն կարողացել մուտք գործել ՌՈ բաժին՝ քրեական գործով ՌՈ-ում գտնվող քաղաքացու շահերի պաշտպանության նպատակով։ Ավելին, արձանագրված է դեպք, երբ անգամ ՄԻՊ աշխատակիցների մուտքը ՌՈ բաժին արգելվել է այդ կառույցի աշխատակիցների կողմից։

2019 թվականի հունվարից ԽԵ-ն սկսեց իրականացնել «ԶՈՒ-ում տեղի ունեցած հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների շրջանակներում ներգրավված անձանց «Խոշտանգումների արգելում» իրավունքի ապահովումը» ծրագիրը, որն ուղղված է ՀՀ ԶՈՒ ռազմական ոստիկանության բաժիններում քրեական վարույթների շրջանակներում ներգրավված անձանց նկատմամբ խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի կանխմանը։

Նախանշված նպատակին հասնելու համար կազմակերպությունը ձգտել է քաղաքացիների խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի պաշտպանության տեսանկյունից վերհանել ոլորտը կարգավորող գործող ներպետական օրենսդրության բացերն ու բացահայտել գոյություն ունեցող իրավական ակտերի անհամապատասխանությունը ՀՀ կողմից վավերացրած միջազգային փաստաթղթերի եւ ոլորտում ներգրավված միջազգային կառույցների կողմից ներկայացված առաջարկների հետ։ Բացի այդ, ծրագրի շրջանակներում փորձ է արվել ՀՀ ԶՈՒ ռազմական ոստիկանության բաժիններում քրեական վարույթների շրջանակներում ներգրավված անձանց նկատմամբ խոշտանգումների կազմակերպությանը հայտնի դարձած դեպքերի վերլուծության հիման վրա վերհանել ոլորտում գոյություն ունեցող խնդիրներն ու դրանց պատճառները, հնարավոր լուծումների վերաբերյալ առաջարկություններ մշակել եւ դրանք ոլորտի պատասխանատուներին ներկայացնել:

© 2020. Նկարազարդումը` Ալեքսեյ Յորշ, Մոսկվա, Ռուսաստանի ԴաշնությունՍույն զեկույցը ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունների արդյունք է։ Նպատակ ունի բարձրացնել թեմայի շուրջ հանրության իրազեկության մակարդակն ու իրավակիրառ պրակտիկայում դրական փոփոխությունների խթան հանդիսանալ։

Ուսումնասիրության արդյունքներին կարող եք ծանոթանալ ներբեռնելով զեկույցի ամբողջական տարբերակը (տես` Զեկույցը) (PDF, 3.0 Mb)


Նախագիծն իրականացվում է «Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով» ծրագրի շրջանակներում տրամադրված դրամաշնորի միջոցներով:

Open Society Foundations

Institute of Public Policy

Union of Infromed Citizens NGO

logo-EU

 

 

«Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով» ծրագիրն իրականացնում է ԲՀՀ-Հայաստանը` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ համագործակցելով Հանրային քաղաքականության ինստիտուտ և Իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպությունների հետ: