ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ՔԱՂԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՅՈՒՐԱՑՐԵՑԻՆ ՏԵՍԱ-ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՆՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Դեկտեմբերի 09, 2019
© 2019. Լուսանկարը` «Խաղաղության երկխոսություն» հկ: Հեղինակ՝ Դավիդ Պիպիա (Վրաստան)
© 2019. Լուսանկարը` «Խաղաղության երկխոսություն» հկ: Հեղինակ՝ Դավիդ Պիպիա (Վրաստան)

Տեղի ունեցավ «Հայաստանի հյուսիսային մարզերում նոր սերնդի քաղլրագրողների պատրաստման» ծրագրի երկրորդ հանդիպումը։ Գյումրիում կայացած լրագրության եւ քաղլրագրության դասընթացից հետո երկրորդ աշխատանքային հանդիպումը տեսա-լուսանկարահանման տեխնիկաների վերաբերյալ էր, Դիլիջանում՝ դեկտեմբերի 3-7-ը։ Չորսօրյա դասընթացին մասնակցեց Հայաստանի հյուսիսային երեք մարզերը՝ Լոռին, Տավուշն ու Շիրակը, ներկայացնող 21 երիտասարդ։

© 2019. Լուսանկարը` «Խաղաղության երկխոսություն» հկ: Հեղինակ՝ Դավիդ Պիպիա (Վրաստան)

Դասընթացավար Դավիդ Պիպիան (GO Group Media, JAMnews, Թբիլիսի) ծրագրում ընդգրկված երիտասարդ քաղլրագրողներին ծանոթացրեց լուսանկարահանման տեխնիկական եւ գեղարվեստական ասպեկտներին, ռեպորտաժային, շարժական, վավերագրական եւ փողոցային լուսանկարչության, խոսեց տեսանկարահանման նրբությունների մասին։ Յուրաքանչյուր նոր նյութը յուրացնելու համար աշխատանքային հանդիպման երիտասարդ մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց ստացած գիտելիքները գործնականում կիրառելու․ դասընթացի ընթացքում նրանք Դիլիջանի, այնտեղ ապրող մարդկանց կյանքի, գործող հետաքրքիր կառույցների եւ օբյեկտների, մասնագիտությունների վերաբերյալ լուսանկարներ եւ կարճ տեսանյութեր պատրաստեցին՝ յուրացնելով նաեւ նկարահանված նյութը մոնտաժելու հմտություններ։

Դասընթացավար Մանե Պապյանի հետ քննարկում կայացավ նաեւ նախորդ՝ քաղլրագրության թեմայով դասընթացից (կայացած՝ այս տարվա սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը Գյումրիում) հետո մասնակիցների կողմից արդեն տեղերում (իրենց համայնքներում) ստեղծված համառոտ պատմությունների վերաբերյալ։ Նախատեսվում է, որ այս դասընթացից հետո էլ երիտասարդներն այդ նույն պատմությունները տեսանյութերով լրացնելու կամ այլ պատմություն նկարահանելու հնարավորություն կունենան։ Ծրագրի ընթացքում ստեղծված պատմություններն ու տեսա-լուսանկարահանված նյութերը կմեկտեղվեն եւ կներկայացվեն մեկ ընդհանուր պատմության մեջ։

 


Համայնքային նախաձեռնությունների աջակցության հիմնադրամ
«Հայաստանի հյուսիսային մարզերում նոր սերնդի քաղլրագրողների պատրաստման» ծրագիրն իրականացվում է կանադական «Համայնքային նախաձեռնությունների աջակցության հիմնադրամի» աջակցությամբ: