Տեսանյութը` © 2019, «Մեդիա կենտրոն»-ի: Քննարկում «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի» շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող միջոցառումների վերաբերյալ։
Նոյեմբերի 6-ին Երեւանում, «Մեդիա կենտրոնում» քննարկվեց «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության (ԽԵ) «Քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և խթանման գործում» նախաձեռնության շրջանակներում ձեւավորված մշտադիտարկող խմբի ավարտական զեկույցը` «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի» շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող միջոցառումների վերաբերյալ։
Քննարկմանը հրավիրված էին «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության նախագահ Էդգար Խաչատրյանը, ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետի տեղակալ Ալեն Մկրտչյանը եւ ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալեքսանդր Ավետիսյանը։
Է. Խաչատրյանը ներկայացրեց մշտադիտարկող խմբի, որում ներգրավված են եղել փորձագետներ, իրավաբաններ, իրավապաշտպաններ, ՀՀ-ում գործունեություն ծավալող տարբեր ՔՀԿ-ների ներկայացուցիչներ, ավարտական (մինչ այս՝ ծրագրի առաջին կիսամյակից հետո, նաեւ միջանկյալ զեկույց էր հրապարակվել) զեկույցը։
Մշտադիտարկման խումբը դիտարկել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում ՊՆ գործողությունները եւ յուրաքանչյուրի համար ինքնուրույն մշակել արդյունավետության ցուցիչներ, քանի որ, ծրագիրն ուսումնասիրելով, խումբը եզրահանգել էր, որ խնդիրներ կան գործողությունների չափելիության տեսանկյունից, այսինքն դժվար էր չափել այս կամ այն գործողության արդյունավետությունը, թե որքանով այն կնպաստի թիրախ խմբի շահերի կամ իրավունքների պաշտպանությանը: Է. Խաչատրյանը զեկույցը ներկայացնելու ընթացքում խոսեց մշտադիտարկման միջոցով վերհանված խնդիրների մասին` նշելով, որ բարձրացված խնդիրների մի մասը իրավական, մյուս մասը՝ իրավակիրառ դաշտում են։
«Քանի որ գործողությունների ծրագրում որպես այս կամ այն գործողության արդյունավետության չափման համար ցուցանիշ էր սահմանված, օրինակ, իրավական ակտի ընդունումը, մենք չենք բավարարվել միայն այդ ցուցանիշն ստուգելով, այլ փորձել ենք վերլուծել դրանք իրավական տեսանկյունից, թե ինչ խնդիրներ ենք տեսնում թե՛ իրավական ակտում, թե՛ իրավակիրառ պրակտիկայում, թե ինչպես է իրականացվում այդ մշակված իրավական ակտը՝ նպաստելով շահառու խմբերի իրավունքների պաշտպանությանը», – ասաց նա։
Չնայած, ոլորտի առանձնահատկությունները հաշվի առնելով, շատ դեպքերում մշտադիտարկման խումբը թիրախ խմբի հետ աշխատելու հնարավորությունից զրկված է եղել, այնուամենայնիվ, 290 զինակոչիկի հետ հաջողվել է աշխատել։
ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալեքսանդր Ավետիսյանը (կենտրոնը համակարգում է նաեւ ՊՆ թեժ գծի աշխատանքները), հիմնականում, տեղյակ էր զեկույցում բարձրաձայնված խնդիրներից եւ նշեց, որ դրանց բացակայության դեպքում, բնականաբար, կարիք չէր զգացվի նաեւ ՊՆ-ում մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնն ստեղծելու։ Նա իր նկատառումները հայտնեց մշտադիտարկման մեթոդաբանության եւ ընտրանքի վերաբերյալ։ Մի շարք այլ կետերի հետ նա անհամաձայն էր եւ պատրաստակամորեն դիրքորոշում եւ պարզաբանումներ ներկայացրեց։
Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետի տեղակալ Ալեն Մկրտչյանը ներկայացրեց արդարադատության նախարարության՝ 2017-2019թթ. գործողությունների ծրագրի մշակման հիմնական պատասխանատու գերատեսչության գործառույթները ՄԻՊ ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի մասով։
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանի կարծիքով եւս մշտադիտարկումը բավականին խոչընդոտների է հանդիպել մեթոդաբանության առումով։ Ըստ նրա՝ նշված եղանակով համակարգային խնդիրներ առանձնացնելու առումով կարող են խնդիրներ լինել։
«Զեկույցում նշված խնդիրները, իմ գործընկերներն էլ կփաստեն, այո, կան, նման խնդիրներ առկա են, սակայն պետք է հասկանանք՝ այս խնդիրները համակարգային, թե՞ իրավիճակային են», – ասաց նա։
Քննարկման մասնակիցները կարեւորեցին քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող մշտադիտարկումը, պատրաստակամ էին համատեղել ջանքերը հաջորդ եռամյա գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներում: Արթուր Հովհաննիսյանի հավաստմամբ՝ ԱԺ-ն քաղհասարակությունը դիտարկում է որպես գործընկեր եւ անհրաժեշտության դեպքում հետագայում եւս պատրաստ է աջակցել ՄԻՊ ռազմավարությունից բխող գործողությունների մշտադիտարկման աշխատանքներին։