ԼՈՌՈՒ, ՇԻՐԱԿԻ ԵՒ ՏԱՎՈՒՇԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ՝ ՔԱՂԼՐԱԳՐՈՂ ԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Հոկտեմբերի 08, 2019
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը Գյումրիում կազմակերպեց եւ ընդունեց քաղլրագրության թեմայով առաջին դասընթացը։

© 2019. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ


«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը Գյումրիում կազմակերպեց եւ ընդունեց քաղլրագրության թեմայով առաջին դասընթացը։ Մասնակիցները՝ Լոռու, Շիրակի եւ Տավուշի մարզերը ներկայացնող 16-25 տարեկան 18 երիտասարդներ, ուղեւորվեցին Գյումրի՝ դասընթացավարներ Արմեն Սարգսյանի (Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական պրոդյուսեր) եւ մեդիադասընթացավար Մանե Պապյանի հետ լրագրության եւ քաղլրագրության տարբերություններին եւ նրբություններին ծանոթանալու համար։

Կանադայի դեսպանատան «Համայնքային նախաձեռնությունների աջակցության հիմնադրամի» կողմից աջակցվող «Հայաստանի հյուսիսային մարզերում նոր սերնդի քաղլրագրողների պատրաստման» ծրագրի բաղադրիչներից մեկը հանդիսացող այս 4-օրյա դասընթացն սկսվեց ժողովրդավարական հասարակությունում լրագրության, լրագրողների դերի վերաբերյալ քննարկմամբ։ Երիտասարդ մասնակիցները սովորեցին, թե ինչ է ներառում լրագրողի եւ քաղլրագրողի աշխատանքը, ծանոթացան լրագրողական էթիկայի կանոններին: Նրանք հնարավորություն ստացան նաեւ գործնական աշխատանքներ կատարելու՝ փաստերի հավաքագրման, հարցազրույցներ վարելու, կարճ հոդվածները վիզուալ բովանդակության հետ համադրելու հմտությունները զարգացնելու, տեղական հետաքրքրության պատմությունների համար հոդվածների գաղափարներ զարգացնելու եւ դրանք իրացնելու նպատակով։

Ավարտին մասնակիցները դասընթացավարներին եւ միմյանց ներկայացրեցին ու քննարկեցին դասընթացի ընթացքում ստեղծված սեփական լրագրողական աշխատանքները, դրանք առավել բովանդակային, ազդեցիկ եւ ավարտուն տեսքի բերելու համար խորհուրդներ ստանացան դասընթացավարներից։

Ծրագրում ընդգրկված երիտասարդներն առաջիկա ամիսների ընթացքում կազմակերպիչների եւ դասընթացավարի հետ միասին կաշխատեն իրենց ներկայացրած համայնքների վերաբերյալ հոդվածների գաղափարները զարգացնելու եւ իրականացնելու ուղղությամբ. ծրագրի արդյունքում ստեղծված լավագույն աշխատանքները կհրապարակվեն «Խաղաղության երկխոսության» կայքում կամ կտարածվեն այլ մեդիա հարթակներով։

Հաջորդ հանդիպման ընթացքում, որը նախատեսված է այս տարվա դեկտեմբերին՝ Դիլիջանում, մասնակիցները կծանոթանան լուսա-տեսալրագրության նրբություններին։


Համայնքային նախաձեռնությունների աջակցության հիմնադրամ
«Հայաստանի հյուսիսային մարզերում նոր սերնդի քաղլրագրողների պատրաստման» ծրագիրն իրականացվում է կանադական «Համայնքային նախաձեռնությունների աջակցության հիմնադրամի» աջակցությամբ: