ՕԲՅԵԿՏԻ՞Վ ԵՆ ՔՆՆՎՈՒՄ, ԱՐԴՅՈՔ, ԲԱՆԱԿՈՒՄ ՈՉ ՄԱՐՏԱԿԱՆ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ

Սեպտեմբերի 17, 2019
© 2019 Թ. Լուսանկարը` «Հոդված 3» ակումբի
© 2019թ. Լուսանկարը` «Հոդված 3» ակումբի

2019 թ.-ի սեպտեմբերի 12-ին «Հոդված 3» ակումբում տեղի ունեցավ «Բանակում ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերի քննություն. երաշխավորվա՞ծ է, արդյոք, գործերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը» խորհագիրն ստացած, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության եւ «Հոդված 3» ակումբի համագործակցության արդյունքում կազմակերպված քննարկումը:

Բանակի ոչ մարտական զոհերը. գործերն օբյեկտի՞վ են քննվում

Posted by «Հոդված 3» ակումբ – #Article3 Club on Thursday, September 12, 2019

Տեսանյութ` © 2019, «Հոդված 3» ակումբ: Քննարկում «Բանակում ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերի քննություն. երաշխավորվա՞ծ է, արդյոք, գործերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը»

Զինվորական ծառայության ընթացքում ոչ մարտական պայմաններում պարբերաբար գրանցվող մահվան դեպքերի բարձր ցուցանիշը վերջին տարիների ընթացքում հասարակության լայն շերտերի անհանգստությունն առաջացնող թեմաներից է: Առավել մտահոգիչ է, որ դրանց պատճառներն ու մեղավորներն այդպես էլ, հիմնականում, չեն բացահայտվում:

«2014-2019 թվականների ընթացքում զինված ուժերում ունեցել ենք 349 զոհ», – հայտարարեց քննարկմանը որպես բանախոս ներգրավված ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության պետ Պերճ Այվազյանը, – «թվերն, իհարկե, մեծ են մեր փոքր ազգի համար», – փաստեց նա՝ հավելելով, որ բերված թվերը վերաբերում են միայն ծառայության հետ կապված զոհերին:

Վերջին 10 տարիների ընթացքում գրանցված մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերից մի քանիսը կարճվել կամ կասեցվել են դատական քննության ընթացքում, մի մասն էլ` դեռևս նախաքննության փուլում: Տուժողների իրավահաջորդներին այդպես էլ չի հաջողվում պարզել իրենց հարազատների մահվան իրական պատճառները․ այլևս սովորական է դարձել, որ այդ դեպքերով չեն բացահայտվում և պատժի չեն ենթարկվում դրանց պատասխանատուները:

«Մեր երեխաների գործերը սեյֆերում փտում են, ոչ մի գործ չի հանգուցալուծվում, մեր մեծ հույսերը ջուրն են ընկել», – ասում է բանակում զոհված Վալերի Մուրադյանի մայրը` Նանա Մուրադյանը:

Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ հանդիսացող իրավապաշտպանների և փաստաբանների կարծիքով՝ մահվան դեպքերի պատճառների ու մեղավորների չբացահայտվելը ոչ միայն չի նպաստում զինված ուժերում սպանությունների և ինքնասպանությունների թվի նվազեցմանը, այլ ավելին` խորացնում է անպատժելիության մթնոլորտն ու ամրապնդում հանրային անվստահությունը քննչական մարմինների և նրանց աշխատանքի նկատմամբ:

«Թավշյա հեղափոխությունից հետո մեծ հույս ունեինք, որ բանակում սպանությունների դեպքերը բացահայտվելու են ու վերականգնվելու է քննչական մարմինների նկատմամբ վստահությունը, սակայն, ցավոք, առայժմ որևէ փոփոխություն չենք նկատել,»- ասում է «Խաղաղության երկխոսություն» հկ-ի նախագահ Էդգար Խաչատրյանը:

Քննարկման մյուս բանախոսի` փաստաբան Մուշեղ Շուշանյանի կարծիքով, տարիներ շարունակ բռնի ուժով պահված իշխանական համակարգը փոխելն այնքան էլ հեշտ չէ. բանակում դեռ խորհրդային տարիներից առաջնորդվում են չգրված կանոններով, ու խնդիրների հիմնական պատճառը հենց այդտեղ է:

Քննարկման մասնակիցները նաեւ անդրադարձան 2018թ.-ին ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնությամբ ստեղծված հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբի շրջանակներում տարվող աշխատանքներին: Խումբն ստեղծվել է զինվորական ծառայության ընթացքում ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով ուսումնասիրություն իրականացնելու՝ գործերի քննության ընթացքում տեղ գտած համակարգային թերությունները, բացթողումներն ու խնդիրներն ի հայտ բերելու և դրանք քննչական մարմնին ու հասարակությանը ներկայացնելու նպատակով:

Այս խմբի անդամ կազմակերպություններից մեկի` «Լրագրողներ՝ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար Ժաննա Ալեքսանյանի կարծիքով խմբի արդյունավետ աշխատանքների համար պայմաններ քննչական կոմիտեի կողմից ապահովված չեն: Միեւնույն ժամանակ, քննարկմանը մասնակցող զոհված զինծառայողի ծնողներն իրենց դժգոհությունն էին հայտնում առ այն, որ հենց այն նույն քննիչները, որոնք կոծկել են իրենց զավակների գործերը, այժմ այդ աշխատանքային խմբում են եւ որեւէ կերպ շահագրգռված չեն գործերի բացահայտմամբ: Զոհված զինծառայողի հարազատներն անհանգստացած էին նաեւ այն փաստով, որ իրենց մտահոգություններն ու պահանջները պետական տարբեր ատյաններին ներկայացնելուն ի պատասխան՝ պաշտոնյաները սովորաբար պնդում են, որ այդ ուղղությամբ աշխատում է ստեղծված հասարակական մոնիթորինգի աշխատանքային խումբը, վերջինիս աշխատանքի արդյունքները, սակայն, առայժմ չեն երեւում:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության պետ Պերճ Այվազյանը համամիտ չէր այդ զոհված զինծառայողի հարազատների պնդման հետ, եւ գտնում էր, որ խմբի աշխատանքների համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները, որ թե՛ քննչական կոմիտեն, թե՛ ինքն անձամբ պատրաստ են լսել քաղաքացիների բոլոր գանգատներն ու առաջարկությունները եւ իրենց իրավասությունների շրջանակներում փորձել լուծումներ գտնել գործերի բացահայտման ընթացքում առաջացող խնդիրների լուծման ուղղությամբ:


https://www.facebook.com/article3club/www.peacedialogue.amՔննարկումն իրականացվել է «Հոդված 3» ակումբի կողմից «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ: