© 2019: Լուսանկարը` «Խաղաղության երկխոսություն» հկ: Հեղինակ՝ Արմինե Զաքարյան
Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում ոչ այնքան վաղ անցյալի բռնությունների արդյունքում մնացած ժառանգության շուրջ կառուցողական հասարակական քննարկումների պակաս կա։ Հակամարտության մեջ ներգրավված հասարակություններում ընդունված հիմնական պատմական գծերն այդ պատմության այլընտրանքային տարբերակների, «ճշմարտության» բազմազանության համար շատ քիչ տեղ են թողնում։
«Ղարաբաղյան հակամարտության արխիվը» ԼՂ հակամարտության պատմությունն արտացոլող նյութերի հավաքման քաղհասարակության նախաձեռնություն է։ Իրականացվում է հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք հետաքրքրված են այդ հակամարտության վերաբերյալ հիշողությունները պահպանելու համար սկզբնաղբյուրներից ստացված տեղեկությունները հավաքագրելու հարցում։
Ծրագիրը, որ բխում է ԼՂ հակամարտությունը փաստագրող առավել ընդգրկուն արխիվային նյութեր ունենալու անհրաժեշտության գիտակցումից, EPNK-ի կողմից է աջակցվում։ Իր իրականացման ընթացքում՝ 2016-ից մինչեւ 2019թ.-ը, ներառել է պատմական հիշողությունների հետ աշխատանքի 4 միջսահմանային աշխատանքային հանդիպում։
«Ղարաբաղյան հակամարտության արխիվի» առաջնահերթությունը հակամարտությանը վերաբերող, անհետացման վտանգի տակ գտնվող եզակի նյութերի թվայնացումն ու պահպանումը, բազմակողմանի եւ հնարավորինս ամբողջական տեղեկատվության ապահովումն է՝ հակամարտության կողմեր հանդիսացող հասարակություններում եւ նրանց միջեւ տեղեկացված եւ իմաստալից պատմական երկխոսություն ծավալելու հնարավորությունների պահպանման համար։ Նյութերն այդ, ի դեպ, կարող են հետագայում ամենատարբեր, այդ թվում՝ նաեւ կրթական նպատակների ծառայել։
Արխիվային նյութերի հավաքման առաջին փուլն ընդգրկում է 1988-1990 թվականները՝ կենտրոնանալով, մասնավորապես, քաղաքական անհանգստությունների եւ բռնությունների սկզբի, անհետ կորածների ընտանիքների անձնական արխիվային նյութերի (փաստաթղթեր, լուսանկարներ, աուդիո-տեսանյութեր) վրա։
Արխիվը ղեկավարվելու է հիմնադիրների խորհրդի կողմից, որին անդամակցում են բրիտանական «Հաշտեցման ռեսուրսներ» ոչ կառավարական կազմակերպությունը, ադրբեջանական «Ինտերնյուսը»,Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, «Խաղաղության երկխոսություն»հկ-ն, Ստեփանակերտի մամուլի ակումբը, Հասարակական մարդասիրական հետազոտությունների կենտրոնը եւ swisspeace կազմակերպությունները։