© 2018, «ԽԵ». ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ ՆԱՐԵԿ ԿԱՐԴԱՇՅԱՆԻ
«Խաղաղության երկխոսություն» հկ-ի կողմից հրապարակված «Մարդու իրավունքները զինված ուժերում» ուղեցույցի շնորհանդեսը կայացավ Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում 2018թ.-ի նոյեմբերի 30-ին։
Զորակոչիկներին եւ նրանց հարազատներին զորակոչի եւ զինվորական ծառայության ընթացքում սեփական իրավունքները պաշտպանելու համար անհրաժեշտ գործնական գիտելիքներ տալու համար նախատեսված քայլ առ քայլ ուղեցույցը, որի նախապատրաստման աշխատանքներում ներգրավվել են նաեւ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, պաշտպանության նախարարության եւ կրթության եւ գիտության նախարարության մասնագետները, զորակոչի կամ զինվորական ծառայության ընթացքում իրավունքների ոտնահարման դեպքերն ըստ անհրաժեշտության կանխելու նպատակով է ստեղծվել։
Հայաստանում ԱՄՆ դեսպանության Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ տպագրված այս ուղեցույցը կազմվել է տարիների ընթացքում «ԽԵ» դիմած քաղաքացիների հարցադրումների հիման վրա: Հեղինակները փորձել են նախազորակոչային եւ զորակոչային տարիքի երիտասարդներին առավել մատչելի եւ հասկանալի ձեւով ներկայացնել իրենց իրավունքները պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, նաեւ բուն ծառայության ընթացքում։
Բացի մի շարք իրավապաշտպան եւ լրագրողական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից, շնորհանդեսին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարության տարբեր ստորաբաժանումների, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ԱՄՆ դեսպանատան, «Dasaran» կրթական ծրագրի ներկայացուցիչներ։
Շնորհանդեսի սկզբին ուղեցույցի հեղինակները` «ԽԵ» նախագահ Էդգար Խաչատրյանը, փաստաբան Արթուր Սուքիասյանը եւ նկարիչ Նարեկ Կարդաշյանը, մասնակիցներին ներկայացրեցին ուղեցույցի ստեղծման պատմությունը, մշակման ընթացքում առաջացած բարդությունները, խոսեցին դրա ստեղծման անհրաժեշտության մասին:
ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով խորհրդատու Սոմեր Բեսիր-Բրիերսը, ողջունելով ներկաներին, նույնպես կարեւորեց նմանատիպ ուղեցույցի ստեղծումը, ինչպես նաեւ ծրագրի շրջանակներում «Խաղաղության երկխոսության» եւ «Dasaran» կրթական ծրագրի միջեւ ձեւավորված համագործակցությունը․աշակերտներին, ծնողներին եւ ուսուցիչներին կապող Dasaran.am կայքի գործընկերներն իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցել ուղեցույցի տարածման գործում։ Ձեռնարկի որոշ բաղադրիչներ ներառվել են «Ես գիտեմ իմ իրավունքները բանակում» առցանց խաղի եւ կայքի «Հանրագիտարան» բաժնում։
«Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը ներկայացրեց ձեռնարկի հիման վրա ստեղծված խաղը եւ հանրագիտարանում ավելացված բաժինը։ «Ես գիտեմ․բանակ և իրավագիտություն» խաղում «Մարդու իրավունքները զինված ուժերում» բաժինն ավելացվել է Խաղաղության երկխոսություն ՀԿ-ի հետ համագործակցության շրջանակում, պաշտոնապես նշված հավելումները գործարկվել են 2018թ․նոյեմբերի 9-ին։
«Մարդու իրավունքները զինված ուժերում» ուղեցույցի նյութերի հիման վրա «Ես գիտեմ. բանակ և իրավագիտություն» խաղի հավելում պատրաստելու համար մշակվել է 133 նոր հարց՝ 532 ճիշտ և սխալ պատասխանի տարբերակներով։Իսկ կայքում գործող Հանրագիտարանում բացված «Մարդու իրավունքները զինված ուժերում» բաժինն այժմ ներառում է 49 հոդված։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Տեսակետները, կարծիքներն ու եզրակացությունները հեղինակներինն են եւ պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ պետդեպարտամենտի դիրքորոշումները։