«ԽԵ»-Ն ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է ՆԱԽԱՁԵՌՆԵԼ

Հոկտեմբերի 28, 2018
© 2018. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝  «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ
© 2018. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝  «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

Ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների հետուսումնական պայմանագրային զինծառայությունից հրաժարվելու գործերով ռազմավարական դատավարություն

«Խաղաղության երկխոսություն» հկ-ն ռազմավարական դատավարական գործընթաց է նախաձեռնել ի պաշտպանություն հետուսումնական պայմանագրային զինծառայությունից հրաժարվող ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների շահերի։ Փաստաբան Արթուր Սուքիասյանի ներգրավմամբ, ՀՀ զինված ուժերի պահեստազոր արձակված զինծառայողներից մեկի դիմումի հիման վրա կազմակերպությունը պատրաստվում է դատարան դիմել նրա նկատմամբ կիրառված ՀՀ կառավարության որոշման դրույթն անվավեր ճանաչելու պահանջով։

Ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողները հետուսումնական պայմանագրային զինծառայությունից հրաժարվելու դեպքում պարտավոր են փոխհատուցել իրենց ուսման հետ կապված ծախսերը: Հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 08-ի թիվ 393-Ն որոշմամբ:

Տարիներ շարունակ նշված իրավական ակտի դրույթների հիման վրա զինվորական ծառայությունից հրաժարվող զինծառայողները վճարել են ոչ թե իրենց ուսման հետ կապված փաստացի ծախսերի գումարները, այլ վճարել են այնքան գումար, ինչքան գումար պետությունը մեկ սովորողի համար ծախսել է զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ:

Ուսման ծախսերի փոխհատուցման հաշվարկը նման կերպ կատարելը պայմանավորված է ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 08-ի թիվ 393-Ն որոշմամբ սահմանված՝ «Ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների կողմից հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգ»-ի պահանջներով, որի 3-րդ կետը սահմանում է, որ փոխհատուցման ենթակա ուսման համար պետության կատարած ծախսերը հաշվարկվում են զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ մեկ սովորողի համար կատարվող ծախսերով:

Նման իրավակարգավորման պայմաններում զինվորական ծառայությունից արձակվողները, փաստորեն, պետությանը փոխհատուցում են ոչ թե իրենց ուսման վրա փաստացի ծախսված գումարը, այլ վճարում են մի գումար, որն իրենց ուսման համար պետությունը չի ծախսել: Ստացվում է, որ զինվորական ծառայությունից արձակվող անձի ուսման ժամանակ պետությունը տվյալ զինծառայողի, օրինակ, սննդի համար կարող է ծախսած լինել շատ ավելի քիչ գումար, տվյալ զինծառայողն ավելի ցածրորակ սնունդ ստացած լինի, սակայն զինվորական ծառայությունից արձակվելու ժամանակ պարտավոր է փոխհատուցել իր վրա փաստացի ծախսվածը գերազանցող գումար՝ միայն այն պատճառով, որ փոխհատուցում տրամադրելու ժամանակ պետությունը սովորողներին ավելի լավ և թանկ սնունդ է տրամադրում: Այս մոտեցումը նախ և առաջ հակասում է օրենքի պահանջներին, ի կատարումն որի ընդունվել է ՀՀ կառավարության թիվ 393-Ն որոշումը: Բացի այդ, այն նաև չի տեղավորվում վնասի հատուցման ինստիտուտի տրամաբանության և կարգավորումների մեջ:

Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 08-ի թիվ 393-Ն որոշման դրույթները կիրառվում են հետուսումնական պայմանագրային զինծառայությունից հրաժարվող բոլոր ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների նկատմամբ։ Այս ոլորտում իրավակիրառ պրակտիկայում փոփոխություն կատարելու եւ խնդրի վերաբերյալ հանրային իրազեկումը ապահովելու նպատակով էլ կազմակերպությունը հանդես եկավ նման նախաձեռնությամբ եւ այս փուլում քայլեր է ձեռնարկում դատարանի կողմից նշված դրույթն անվավեր ճանաչելու ուղղությամբ:

Հետեւեք մեր կայքին նախաձեռնության հետ կապված նորություններին ծանոթանալու նպատակով։


Embassy of the Federal Republic of Germany in Armenia

Նախագիծը հովանավորվում է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության կողմից՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով:

German Federal Foreign Office.