ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ

Հոկտեմբերի 21, 2018
Հարգելի ընթերցողներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Խաղաղության երկխոսություն» հկ-ի կողմից վերջերս հրապարակված «Մարդու իրավունքները զինված ուժերում» ուղեցույցը։
© 2018, «ԽԵ»,ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ ՆԱՐԵԿ ԿԱՐԴԱՇՅԱՆԻ

Հարգելի ընթերցողներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Խաղաղության երկխոսություն» հկ-ի կողմից վերջերս հրապարակված «Մարդու իրավունքները զինված ուժերում» ուղեցույցը։ Այն գործնական գիտելիքներ է տալիս ապագա զինվորներին՝ զորակոչի եւ զինվորական ծառայության ընթացքում սեփական իրավունքները պաշտպանելու համար։ Վերջին տարիներին Հայաստանում գործող մի շարք կազմակերպություններ, միջազգային կառույցներ, փորձագիտական խմբեր զինված ուժերում մարդու իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ բազմաթիվ ուղեցույցներ ու ձեռնարկներ են հրապարակել, սակայն, նմանատիպ, քայլ առ քայլ ուղեցույցի անհրաժեշտություն զգացվեց նախազորակոչային տարիքի երիտասարդների եւ նրանց ընտանիքների հետ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության աշխատանքի արդյունքում։ Մինչ այժմ հրապարակված ուսումնական ձեռնարկներն ու ուղեցույցները հիմնականում ուղղված են եղել մարդու իրավունքների ոլորտում զինված ուժերի սպայական անձնակազմի վերապատրաստմանը։ Այս ուղեցույցը մշակվել է թե՛ ապագա զորակոչիկների, թե՛ նրանց ընտանիքների անդամների համար՝ զորակոչի կամ զինվորական ծառայության ընթացքում իրենց հարազատների իրավունքների ոտնահարման դեպքերն ըստ անհրաժեշտության կանխելու համար։ Միեւնույն ժամանակ, այն օգտակար նյութ կարող է լինել զինված ուժերում մարդու իրավունքների ոլորտում ներգրավված հասարակական կազմակերպությունների աշխատակիցների, մարդու իրավունքները կարեւորող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար։

Ուղեցույցը կազմվել է տարիների ընթացքում «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպություն դիմած քաղաքացիների հարցադրումների հիման վրա: Ըստ այդմ, հեղինակները փորձել են նախազորակոչային եւ զորակոչային տարիքի երիտասարդներին առավել մատչելի եւ հասկանալի ձեւով ներկայացնել իրենց իրավունքները պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, նաեւ բուն ծառայության ընթացքում։

Բացի այդ, ուղեցույցի կարեւոր մաս կազմող հավելվածներում ներկայացված են այս կամ այն կետի վերաբերյալ օրենքի տառից բխող պարզաբանումներ, արագ արձագանման որոշակի գործիքների վերաբերյալ առաջարկներ, որոնք հնարավորություն կտան պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիներին և նրանց հարազատներին կոնկրետ գործողություններ իրականացնել ծառայության ընթացքում իրենց կամ իրենց հարազատների իրավական պաշտպանվածությունն ապահովելու համար։

Ուղեցույցի «լեզուն» ավելի շատ իրավական ու իրավաբանական է, բայց օգտագործվող տերմինները և արտահայտությունները շատ կարևոր են իրավունքները պատկերացնելու և դրանք պաշտպանելու համար: Հեղինակները խորհուրդ չեն տալիս «անգիր» սովորել այն, այլ ունենալ ձեռքի տակ՝ նշված կետը կամ հավելվածն արագորեն վերընթերցելու կամ հիշողությունը թարմացնելու համար:

Հարկ է նշել, որ ուղեցույցի նախապատրաստման աշխատանքներում ներգրավվել են նաեւ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, պաշտպանության նախարարության, ինչպես նաեւ կրթության եւ գիտության նախարարության մասնագետները. ուղեցույցում տեղ գտած նյութերը պարբերաբար ուղարկվել են այս պետական մարմիններին՝ համապատասխան մասնագետների փորձագիտական եզրակացությունները եւ առաջարկությունները նյութում ներառելու նպատակով։

Կարեւորում ենք նաեւ այն փաստը, որ Dasaran.am կայքի մեր գործընկերներն իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցել ուղեցույցի տարածման գործում եւ նյութերի հիման վրա պատրաստելու են առցանց խաղ՝ կայքի «Ես գիտեմ իմ իրավունքները» խորագրի ներքո։

© 2018, «ԽԵ»,ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ ՆԱՐԵԿ ԿԱՐԴԱՇՅԱՆԻՈւղեցույցի ամբողջական տարբերակը՝ հայերեն լեզվով տես այստեղ (PDF, 5.9 Mb):

© 2018. Ուղեցույցը մշակվել եւ տպագրվել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության «Նախազորակոչային տարիքի երիտասարդների իրազեկում ԶՈւ-ում մարդու իրավունքների թեմայի շուրջ» ծրագրի շրջանակներում։

 


US Embassy in Armenia
Ծրագիրն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Տեսակետները, կարծիքներն ու եզրակացությունները հեղինակներինն են եւ պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ պետդեպարտամենտի դիրքորոշումները։