ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԵՋ. ԴԱՍԸՆԹԱՑ ԶՈՒԳԴԻԴԻՈՒՄ

Մայիսի 30, 2018
ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԵՋ

© 2018Թ. ԼՈՒՍԱՆԿԱՐԸ ՑԻՑԻՆՈ ՇԵՆԳԵԼԻԱՅԻ (ՎՐԱՍՏԱՆ)


2018 թ. մայիսի 9-12-ը Վրաստանի Զուգդիդի քաղաքում անցկացվեց «Գենդերային մոտեցումը համայնքի կազմակերպման գործում» խորագիրը կրող քառօրյա դասընթացը: Միջոցառումն «ԱՐԵՆԱ. Համայնքային թատրոն եւ հանրային արվեստ»նախագծի շրջանակներում նախաձեռնել էր Զուգդիդիի «Քաղաքացիական ակտիվիզմի կենտրոնի» ղեկավար Ցիցինո Շենգելիան:

«Անցյալ տարի ես մասնակցեցի «ԱՐԵՆԱ»-ի ստեղծագործ ռազմավարացման ամառային դպրոցին, որտեղ մեզ հնարավորություն տրվեց մշակել արվեստի վրա հիմնված խաղաղարարական ռազմավարություններ, որոնք մենք հետագայում կիրականացնենք մեր համայնքներում»,-ասաց Ցիցինոն,- «Վրացական մեր խմբի ռազմավարությունը նպատակ ուներ մեծացնել կանանց դերը քաղաքական որոշումների կայացման գործընթացում, ուստի գործողությունները, որոնք մենք ծրագրել էինք իրականացնել, մեծապես ուղղված են կանանց հզորացմանը»:

2018 թ.-ի ընթացքում «ԱՐԵՆԱ»-ն ջանում է աջակցել ցանցի անդամներին իրենց ռազմավարություններից բխող գործողությունների իրականացման հարցում: Այս քառօրյա դասընթացը նախագծի թիմի կողմից իրականացվող գործողություններից մեկն էր:

© 2018թ. ԼՈՒՍԱՆԿԱՐԸ ՑԻՑԻՆՈ ՇԵՆԳԵԼԻԱՅԻ (ՎՐԱՍՏԱՆ) Դասընթացի մասնակիցները մեծամասամբ կին ակտիվիստներ էին Զուգդիդիից եւ հարակից գյուղերից՝ հիմնականում ներքին տեղահանված անձինք Աբխազիայից: Այնուամենայնիվ, նախագծի թիմը նաեւ ներգրավել էր մասնակիցների «ԱՐԵՆԱ»-ի ցանցից Ուկրաինայից, Հայաստանից, Ադրբեջանից եւ Ռուսաստանից, ինչպես նաեւ ցանցի մասնակիցների կողմից ընտրված մասնակիցների: Հատկանշական է, որ ցանցի անդամներ Էլվիրա Մելիքսեթյանը Հայաստանից եւ Օկսանա Պոտապովան Ուկրաինայից ներգրավվել էին որպես համադասընթացավարներ Միրելլա Գալբիատիի հետ, որը ներկայացնում է ԱՐԵՆԱ ծրագրի գերմանական գործընկեր ՕՎԵՆ կազմակերպությունը:

Ճնշվածների թատրոնի զանազան արվեստի միջոցների եւ պատումի մեթոդների կիրառությամբ դասընթացի մասնակիցներն անդրադարձան մշակութայնորեն եւ սոցիալապես սահմանված գենդերային դերերի հետ ունեցած իրենց սեփական փորձառություններին:

© 2018թ. ԼՈՒՍԱՆԿԱՐԸ ՑԻՑԻՆՈ ՇԵՆԳԵԼԻԱՅԻ (ՎՐԱՍՏԱՆ) Մասնակից կանայք նաեւ կիսեցին խտրականության, բռնության ու անարդարությունների վերաբերյալ իրենց պատմությունները, որոնք մոտիվացնում են ակտիվիստներին փոխադարձ աջակցության մեխանիզմներ ստեղծելու եւ բարեփոխումների հնարավորություններ փնտրելու: Քննարկված գլխավոր թեմաներից էին դպրոցներում աղջիկների նկատմամբ խտրական վերաբերմունքը, հանրային վայրերում սեռական ոտնձգությունները, իգական սեռի երեխաների սելեկտիվ աբորտները եւ ընտանեկան բռնությունը:

Գենդերային հիմք ունեցող ընտանեկան բռնության խնդիրները ոչ միայն կարեւոր էին դասընթացին մասնակցող, այլ նաեւ դասընթացի ընթացքում Զուգդիդիի փողոցներում հարցազրույց տված կանանց համար:

Ըստ Ցիցինո Շենգելիայի՝ իրենց կազմակերությունը հետագայում էլ կշարունակի ծավալել գործունեություն Զուգդիդիի կանանց հզորացման ուղղությամբ:

«Մենք կփորձենք ստեղծել նմանատիպ ավելի շատ կանանց հարթակներ եւ կշարունակենք աշխատել տեղացի կանանց հետ՝ կիրառելով արվեստը որպես հասարակության  ընկալման եւ վերափոխման միջոց»,- ամփոփեց Ցիցինոն:


© 2018. Դասընթացն իրականացվել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության «ԱՐԵՆԱ. համայնքային թատրոն և հանրային արվեստ» ծրագրի շրջանակներում:

owen

Ծրագրի գերմանական գործընկերն է՝ «Օվեն» հկ-ն (OWEN – Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e.V.):

Ծրագրի գործընկերը Վրաստանում՝ «Քաղաքացիական ակտիվիզմի կենտրոն» ՀԿ:

02255

«ԱՐԵՆԱ. համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik” ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով:

aus