ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ

Մարտի 27, 2018
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԴԱՆԱ ԿԱՎԵԼԻՆԱՅԻ (ԿԻԵՒ, ՈՒԿՐԱԻՆԱ)։

Մարտի 25-ին «12 աթոռ» այլընտրանքային սրճարանում տեղի ունեցավ «Միջանցք» (ֆիլմի հեղինակ՝ Իգրար Գուրբան, Ադրբեջան), «Մարկ Լվովիչ Տյուլպանովը եւ մյուսները» (հեղինակ՝ Դարիա Կավելինա, Ուկրաինա), «Թշնամանք» (հեղինակ՝ Նորայր Համբարյան, Հայաստան) վավերագրական եւ անիմացիոն ֆիլմերի ցուցադրություն-քննարկումը։ Ֆիլմերը պատրաստվել են «Խաղաղության երկխոսություն» հկ-ի «ԱՐԵՆԱ. Համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում։

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎԴիտում-քննարկման նպատակն էր Վանաձոր համայնքի բնակիչներին պատմել ԱՐԵՆԱ ծրագրի մասին, ինչպես նաեւ՝ ներկայացնել դրա շրջանակներում ձեւավորված խաղաղասիրական ցանցի անդամների կողմից պատրաստված ֆիլմերը, որոնք պատմում են նախկին Խորհրդային Միության՝ հակամարտության մեջ ներգրավված երկրներում խաղաղասիրական տարբեր նախաձեռնությունների մասին։

Հանդիպմանը ներկա էին վանաձորցի մի խումբ ակտիվ երիտասարդներ, քաղհասարակության ներկայացուցիչներ։ Ներկաների թիվը թեեւ մեծ չէր, փոխարենը՝ բուռն էր ֆիլմերի դիտումից հետո ծավալված քննարկումը։

Մասնակիցներից շատերը նշեցին, որ ֆիլմերը դիտելիս իրենց համար անէական էր այն հանգամանքը, թե որ երկրում ու որ հակամարտության կոնտեքստի հիման վրա է պատրաստված ֆիլմը, քանի որ պատերազմի հետեւանքները միանշանակ ողբերգական են, հուզում են բոլորին՝ անկախ ազգային պատկանելությունից։

Ի հակադրություն հանդիպման մասնակիցներից մեկի կողմից հնչեցված կարծիքի, թե նմանատիպ հանդիպում-քննարկումները եւ խաղաղասիրական տարբեր նախաձեռնությունները դժվար թե որեւէ էական փոփոխություններ բերեն, որ լուրջ որոշումներ կարող են կայացվել միայն քաղաքական գործիչների ու գերտերությունների կողմից, այնուամենայնիվ, ներկաներից շատերը կարծիք հայտնեցին, որ յուրաքանչյուր մարդ կարող է ինքը հանդիսանալ փոփոխությունների կրողը եւ տարածողը՝ թեկուզ եւ փոքր մասշտաբներով։ Խոսվեց նաեւ այն մասին, թե որքան հեշտ է բազում առկա խնդիրների համար միշտ «արտաքին»,  վերացական մեղավորներ փնտրել, սակայն չնկատել խնդրի անմիջական պատասխանատուներին եւ ոչինչ չնախաձեռնել որպես քաղաքացի՝ փորձելով սեփական ներդրումն ունենալ իրավիճակի վրա ազդելու ու դրական փոփոխություններ բերելու հարցում։

Միջոցառման ընթացքում ներկայացված բոլոր նյութերը պատրաստվել են «ԱՐԵՆԱ. Համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» ծրագրի շրջանակներում։


Ծրագրի գերմանական գործընկերն է՝ «Օվեն» հկ-ն (OWEN – Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e.V.)

owen

«ԱՐԵՆԱ. համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik” ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով:

02255

aus