Նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին Ռոզա Լյուքսեմբուրգի հիմնադրամի կիեւյան գրասենյակում տեղի ունեցավ Դանա Կավելինայի «Մարկ Լվովիչ Տյուլպանովի մասին, ով խոսում էր ծաղիկների հետ» մուլտֆիլմի ցուցադրությունը։
«Մարկ Լվովիչ Տյուլպանովի պատմությունը ծնվել է «Արենայում»․ աշխատանքային հանդիպումներից մեկի համար մենք պետք է ներկայացնեինք մեր շրջապատում խաղաղությանն ուղղված նախաձեռնությունների մասին պատմող ստեղծագործական աշխատանքներ։ Ես զրուցեցի «Արենայի» ուկրաինացի բոլոր մասնակիցների հետ։ Գործընկերներս, ովքեր երկար ժամանակ աշխատել են փախստականների, հակամարտության հետեւանքով ներքին տեղահանվածների խնդիրների շուրջ, ինձ պատմեցին մի քանի պատմություն՝ տղամարդու մասին, ով կարոտում է իր այգին, եղբայրների, ովքեր ուկրաինական կոնֆլիկտում տարբեր դիրքորոշում են զբաղեցրել… Այդ պատմություններից կազմել եմ մեկը, որն առավել ամբողջական կնկարագրի մեր իրավիճակը»,- ասում է «ԱՐԵՆԱ. Համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» ծրագրի ուկրաինացի մասնակից Դանա Կավելինան:
Ֆիլմի վրա աշխատանքները Դանան սկսել էր դեռեւս 2017թ. սկզբին, սակայն հանգամանքների բերումով ֆիլմի այդ նախնական տարբերակը կորսվեց։ «Խաղաղության երկխոսության» աշխատակազմը ֆիլմի աշխատանքներն ավարտելու նպատակով Դանային հրավիրեց Հայաստան. գերմանական ՕՎԵՆ կազմակերպության հետ միասին ԽԵ-ն «ԱՐԵՆԱ. Համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» ծրագրի հեղինակն ու նախաձեռնողն է։ Դեռեւս ֆիլմի նկարահանման փուլում շատերն էին հետեւում աշխատանքների ընթացքին սոցիալական ցանցերի միջոցով եւ անընդհատ հարցնում, թե երբ կարելի է դիտել այն։
Ֆիլմի շնորհանդեսին, որը կազմակերպել էր Արենայի մեկ այլ ուկրաինացի մասնակից՝ Բոգդան Դեդուշկինը, ֆիլմի վրա աշխատանքներին ինտերնետի օգնությամբ հետեւողներից շատերն էլ էին ներկա.
«Եկել էին նաեւ ընկերներ, ակտիվիստներ, ուկրաինական կոնֆլիկտի եւ տեղահանվածների հարցերով զբաղվող հետազոտողներ, լրագրողներ, քաղաքագետներ, տարբեր տարիքային խմբերի պատկանող եւ քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ», – հայտնում է Դանան։
Ֆիլմի դիտումից հետո քննարկում ծավալվեց, որը, քննարկման մասնակիցներից մեկի խոսքերով, այնքան էլ հեշտ չէր սկսել, քանի որ շատերն էին հուզվել։
Մասնակիցներից մեկի խոսքերով, սա ուկրաինական հակամարտության մասին պատմող ամենաառողջ ֆիլմն է իր համար, քանի որ հեղինակը որեւէ կողմ չի ընտրել, այլ` ընդամենը պատմել է մարդկային մի պատմություն, իսկ Արենայի մեկ այլ մասնակից՝ Օկսանա Պոտապովան, պատմեց, որ ֆիլմն իր մոտ հատուկ արձագանք ունեցավ, քանի որ իր տատիկը գրեթե նույն տարիքն ունի, ինչ ֆիլմի հերոսն ու այժմ, գտնվելով հակամարտության գոտում, նման զգացմունքներ է ապրում։
Ընդհանրապես, քննարկումը շատ բուռն, համակողմանի ու հետաքրքիր անցավ, ձգվեց ավելի քան երկու ժամ եւ ընդհատվեց միայն այն պատճառով, որ գրասենյակը փակելու ժամն էր։ Քննարկման մասնակիցները շատ նուրբ եւ արդիական հարցեր շոշափեցին, իսկ երբ ֆիլմի ստեղծմանը ծանոթ մասնակիցներից մեկի հարցը, թե ինչի է հեղինակը փոփոխել վերջաբանը, քննարկման հունն ուղղեց դեպի խաղաղասիրության, հակամարտությունների վերաբերյալ ընդհանրական վերլուծության։
«Ինձ Հայաստանի մասին հարցեր ուղղեցին, հարցնում էին, թե ինչո՞ւ հենց այնտեղ է նկարահանվել ֆիլմը, ինչո՞ւ են Արենա ծրագրի կազմակերպիչներն աջակցել, ինչպե՞ս է հայկական համատեքստն ազդել մուլտֆիլմի ստեղծման վրա եւ որքանո՞վ են նման Դոնբասի եւ ղարաբաղյան հակամարտությունները…», – պատմում է հեղինակը, – «Ես բոլորին պատմեցի Արենայի , «Խաղաղության երկխոսության» եւ ՕՎԵՆ-ի մասին, պատրաստակամություն հայտնեցի ցանկացողներին էլ ավելի մանրամասն պատմել ցուցադրությունից հետո, անգամ հարցեր հնչեցին, թե ինչպե՞ս կարելի է անդամագրվել Արենային»։
Դանային հատկապես հուզել է մի դիտարկում այն մասին, որ Մարկ Լվովիչի պատմությունը կարծես համահյուսվում է իր սեփական պատմությանը.
«Ինչ-որ պահի ես կորցրեցի ամբողջ աշխատանքը, որ կատարել էի ֆիլմի վրա։ Գրեթե այնպես, ինչպես Մարկ Լվովիչն իր այգին կորցրեց։ Հետո ինչ-որ կերպ գտա այն նորից ստեղծելու ճանապարհը եւ, գուցե, հենց այդ պատճառով էլ փոփոխեցի վերջաբանը, որում այժմ Մարկ Լվովիչը վերատնկում է իր այգին»։
Ծրագրի գերմանական գործընկերն է՝ «Օվեն» հկ-ն (OWEN – Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e.V.)
«ԱՐԵՆԱ. համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik” ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով: