© 2017, «Խաղաղության երկխոսություն» հկ: Պատկերը` Դանա Կավելինայի (Կիեւ, Ուկրաինա)։
ԱՐԵՆԱ խաղաղասիրական ցանցը հիմնադրվել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության եւ իր գերմանական գործընկեր ՕՎԵՆ-ի «ԱՐԵՆԱ. Համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» եռամյա ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն ուղղված է տարբեր հակամարտություններում ներգրավված հետխորհրդային երկրներում խաղաղասիրական նախաձեռնությունների ազդեցությունների բարելավմանը։ Այս տարվա օգոստոսին ցանցի անդամները զարգացրեցին Արենայի համայնքի համատեղ ռազմավարությունը՝ կազմված Հարավային Կովկասի, ՌԴ-ի եւ Ուկրաինայի իրենց տեղական համայնքներում իրականացվելիք տարբեր միջոցառումներից։
Հոկտեմբերի 3-4-ը Թբիլիսիում կայացած ցանցի հերթական աշխատանքային հանդիպման նպատակն էր պարզել, թե ինչ աջակցության կարիք են նրանք զգում իրենց տեղական ռազմավարությունների իրականացման համար, ինչպե՞ս կարող են ցանցի անդամներն իրենց կարողություններն ու գիտելիքները ի նպաստ դնել միմյանց ռազմավարությունների արդյունավետ իրականացման գործում։ Աշխատանքային հանդիպման ընթացքում կազմակերպիչները ջանացել էին հարթակ ապահովել մասնակիցների համար, որպեսզի համատեղ մանրամասն վերլուծվեն ծրագրում ներգրավված երկրների առկա սոցիալ-քաղաքական դինամիկաները, որոնք կարող են ազդել տեղի ունեցող քաղհասարակական գործընթացների վրա։
Մասնակիցներից շատերն էին համակարծիք, որ իրենց երկրներում առկա ռազմականացման միտումները լայնորեն ընդունված են հասարակության կողմից․ բռնությունը՝ այդ թվում նաեւ գենդերային, ոչ միայն որպես չարիք չի դիտվում, այլ ընկալվում է որպես պատշաճ լուծում ամենօրյա կոնֆլիկտների կամ էթնո-քաղաքական հակասությունների։ Նշվեց, որ վախի, անտարբերության մթնոլորտն իրենց համայնքներում նվազեցնում է սեփական ռազմավարությունների իրականացմանն աջակցելու համար նոր մարդկանց ներգրավումը։ Մասնակիցները նաեւ հույս հայտնեցին, որ ՕՎԵՆԻ-ի եւ «ԽԵ» թիմերը կաջակցեն տեղական խմբերի ռազմավարություններից բխող գործողությունների իրականացման, տարածաշրջանային ցանցի հետագա հզորացման եւ իրենց ներկայացրած համայնքներում նոր դերակատարների ներգրավման գործում։
Մասնակիցները երեք նախաձեռնություն ընտրեցին՝ որպես իրենց ռազմավարություններից բխող գործողությունների պլանի մեկնարկային կետ․
- Պատմության եւ հիշողությունների միջեւ երկխոսության ձեւավորում,
- Գենդերային հիմունքներով մոտեցման դերի բարձրացում համայնքային խաղաղասիրությունում,
- Հասարակության տեղեկացվածության բարձրացման գործում արվեստի գործիքների կիրառում։
Մասնակիցները նաեւ իրենց վճռականությունը հայտնեցին ցանցի հետագա կենսագործունեության համար ՕՎԵՆԻ֊ի եւ «ԽԵ» աշխատակազմերին ֆոնդահայթայթման գործում օժանդակելու հարցում։
Ծրագրի գերմանական գործընկերն է՝ «Օվեն» հկ-ն (OWEN – Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e.V.)
«ԱՐԵՆԱ. համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik” ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով: