«ՄԵՐ ՀԱՐԹԱԿԸ». ԱՄՓՈՓԵԼՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ

Սեպտեմբերի 29, 2017
«Մեր հարթակը». ամփոփելով հանդիպումների շարքը
© 2017. Պատկերը`  www.pixabay.com կայք

«Ծրագիրն օգտակար էր նոր գիտելիքների, ծանոթությունների, հաճելի ժամանակի մասով, ավելի շատ պրակտիկ գործունեության վրա էր հիմնված, քան` տեսականի։ Ինձ դուր եկան խմբային աշխատանքները, մթնոլորտն ազատ էր, մասնակիցներն՝ անկեղծ։ Մեր ժամանակը բավականին արդյունավետ էր անցնում, եւ շատ շնորհակալություն էդ ամենը շատ լավ կազմակերպելու համար», – «Մեր հարթակի» մասնակիցներից մեկի հետադարձ հայացքն է հանդիպումների շարքին։

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն սեպտեմբերի 26-ին ամփոփեց առաջնորդությանն ու նախաձեռնողականությանն ուղղված «Մեր հարթակը» եռամսյա երիտասարդական ծրագիրը, որի 10 հանդիպումներում ներգրավված են եղել Լոռու մարզի 27 երիտասարդ։

Ծրագիրն իր առջև  հետևյալ խնդիրներն էր դրել.  ուսումնասիրել առաջնորդության մասին առկա պատկերացումները, վերաիմաստավորել դրանք, ուսումնասիրել առաջնորդություն-նախաձեռնողականություն կապը, առաջնորդության երևույթը կենսագործունեության տարբեր ոլորտներում, առաջնորդության և արժեհամակարգերի միջև կապը, անդրադառնալ առաջնորդության հենասյունային բաղադրիչներին, նպաստել մասնակիցների ինքնաճանաչողությանը, սեփական կարողությունների բացահայտմանը և ցանկությունների, երազանքների իրագործման հանդեպ հավատի ձևավորմանը։ Կարեւոր էր նաեւ հարթակ, այնպիսի միջավայր ստեղծել, որում մասնակիցները հնարավորություն կունենան անդրադառնալ ինքնաընդունման և ինքնաճանաչողության գործընթացներին, կլինեն լսված, ընդունված, արժևորված, ստեղծել, կնպաստեր մասնակիցերի մոտիվացիայի բարձրացմանը՝ սեփական գաղափարները կյանքի կոչելու հեռահար նպատակով։

«Մինչ սեմինարներին մասնակցելը մտածում էի, որ այն սովորական ու ձանձրալի (միալար) սեմինարներից է լինելու, որ խոսելու են, իսկ ես՝ լսեմ ուղղակի… Բայց չէ։ Մի տեսակ իրականություն ու սպասելիք տեղերով փոխվել էին։ Միջավայրը, մարդիկ, առաջնորդը (այս դեպքում՝ դասընթացավարը, վարդագույն ու կապույտ մազերով մարդուկ)… մի տեսակ ամեն ինչ լավն էր։ Դե, օգտակարության մասին էլ չխոսեմ՝ լիքը նոր տերմիններ, լիքը նոր մարդկանց տեսակներ, իրերին ուրիշ տեսանկյունից դիտարկել ու մեդիտացիա… Ամենակարևորը՝ «Մեր հարթակի» շնորհիվ վստահություն եմ ձեռք բերել և չեմ կաշկանդվում մարդկանց մոտ խոսել»,- ասում է մեկ այլ մասնակից։

Ծրագիրը բազմատարր էր իր կառուցվածքի մեջ, հանդիպումները հագեցած էին  ինտերակտիվ աշխատանքներով՝ հիմնված ոչ բռնի հաղորդակցության, գիտակցվածության, համակցված բարօրության, համայնքային ակտիվիզմի մեթոդների վրա։ Ծրագրի շրջանակներում կազմակերպվել են նաև հրավիրված խոսնակների մասնակցությամբ թեմատիկ բաց հանդիպում-քննարկումներ՝ ֆիլմի դիտում-քննարկում։

Ծրագրի ավարտին մասնակիցները քննարկեցին իրենց անհանգստացնող համայնքային խնդիրները, վերհանեցին սեփական ցանկություններն ու կարիքները՝ ավելի լիարժեք և արժանապատիվ կյանքով ապրելու համար։ «Մեր հարթակի» վերջին հանդիպմանը մասնակիցները միահամուռ էին մոտ ապագայում նորից հանդիպելու ցանկության մեջ։ ԽԵ-ի աջակից թիմը (դասընթացավար Էլվիրա Մելիքսեթյանի հետ միասին) շուտով կսկի աշխատել նոր համայնքային նախաձեռնության ձևավորման վրա՝ հիմնված հարթակի մասնակիցների վեր հանած խնդիրների և պահանջմունքների վրա։