2017թ. հունիսի 2-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում Ոստիկանությանը քննադատող գրառում կատարելուց հետո ստացել է մահվան մանրամասն նկարագրված սպառնալիքներ Աշոտ Ավանեսյան անունով օգտատիրոջ կողմից: Լրատվության միջոցներով տարածվող հայտարարությունների հիման վրա ՀՀ իրավապահ մարմիններն սկսել են փաստի առթիվ ստուգման ընթացակարգ՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը պարզելու նպատակով:
Մինչ օրս հանրությանը հայտնի չեն սպառնալիքներ հասցրած քաղաքացու ինքնության, նրա հնարավոր հովանավորողների բացահայտման ուղղությամբ իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների արդյունքները:
Հարկ է նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ տարաբնույթ սպառնալիքների միջոցով փորձ է կատարվում լռեցնել իշխանության ապօրինությունների մասին բարձրաձայնող և դրանց դեմ պայքարող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:
Առավել մտահոգիչ է այն փաստը, որ նշյալ դեպքերի առնչությամբ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկած քայլերը մեծ մասամբ բավարար չեն եղել մեղավորներին հայտնաբերելու և պատժելու համար: Նման գործելակերպը հիմք է տալիս մտածելու, որ նման գործողությունները կատարվում են իշխանության որոշ շրջանակների շահերը սպասարկող և նրանց հովանու ներքո գտնվող անձանց կողմից:
Գտնում ենք, որ ժողովրդավարական հասարակությունում իշխանությունն է պատասխանատվություն կրում քաղաքացիների սահմանադրական իրավունքի իրացման, խոսքի ազատության, քաղաքացիների կողմից իրենց կարծիքն արտահայտելու ազատության ապահովման, ինչպես նաև այդ ազատությունների վրա ոտնձգություններ կատարելու դեպքում պաշտպանություն ապահովելու համար: Ավելին, հանդիսանալով ՄԱԿ-ի Իրավապաշտպանների իրավունքների պաշտպանության հռչակագրի անդամ, Հայաստանի Հանրապետությունն արդյունավետ կերպով չի կատարում իրավապաշտպանների պաշտպանության ուղղությամբ ստանձնած իր պարտավորությունները:
Սույն հայտարարությամբ կոչ ենք անում ՀՀ իրավապահ մարմիններին ապահովելու գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, ինչպես նաև արդյունավետ կերպով տեղեկացնելու հանրությանը քննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ:
Հայտարարությունը բաց է միանալու համար.
- Ագաթ հատուկ կարիքներով կանանց կենտրոն ՀԿ
- Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
- «Բիոսոֆիա» ՀԿ
- Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
- Գորիսի Մամուլի ակումբ ՀԿ
- Եղեգնաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
- Երևանի մամուլի ակումբ
- Էկոթիմ ՀԿ
- «Էկոլոգիական իրավունք» ՀԿ
- «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
- Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ
- Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
- Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
- Իջևանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
- Իրազեկ քաղաքացիների միավորում
- Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ
- Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
- «Լոռի՛՛ հեռուստաընկերություն
- «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
- Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
- «Խորան Արդ» ինտելեկտուալ ՀԿ
- Կանանց իրավունքների կենտրոն
- Կանանց ռեսուրսային կենտրոն
- Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն
- Հայաստանի Հելսինկյան կոմիտե իրավապաշտպան ՀԿ
- Հանրային լրագրության ակումբ
- Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ
- «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ
- «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ
- Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
- Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ
- «Շիրակ կենտրոն» ՀԿ
- Ռադիո Հայ Գյումրի ռադիոկայան
- ««Սոսե» Կանանց Հիմնահարցեր» ՀԿ
- Վանաձոր քաղաքացիական երիտասարդական կենտրոն
- Տիգրան Հայրապետյան, փաստաբան