ԱՐՎԵՍՏԸ ԵՒ ՎԻԶՈՒԱԼԻԶԱՑԻԱՆ ԽԱՂԱՂԱՍԻՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈԻՄ

Մայիսի 02, 2017
Art and Visualization in Peacebuilding
Լուսանկարը` © 2017, ԽԵ, «Արվեստը եւ վիզուալիզացիան խաղաղասիրական գործընթացներում» դասընթաց: Հեղինակ՝ Արմինե Զաքարյան

2017թ.-ի ապրիլի 19-23-ը Թբիլիսի քաղաքում «ԱՐԵՆԱ. համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» ծրագրի անձնակազմը (բաղկացած «Խաղաղության երկխոսության» եւ ծրագրի գերմանական գործընկեր ՕՎԵՆ կազմակերպության աշխատակիցներից) կազմակերպեցին ու անցկացրեցին «Արվեստը եւ վիզուալիզացիան  համայնքային խաղաղասիրական գործընթացներում» աշխատանքային քննարկումը, որին  ներկա էին ծրագրում ներգրավված 21 մասնակիցներ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Ուկրաինայից եւ Ռուսաստանի Դաշնությունից։

Ինչպես նախորդ երկու տարիներին, այս տարի եւս ծրագիրը շարունակելու է աջակցել ներգրավված կողմերի քաղաքացիական ակտիվիստներին եւ անկախ արվեստագետներին՝ զարգացնելով նրանց կարողությունները եւ նպաստելով խաղաղության ոլորտում գործող քաղաքացիական ակտիվիստների մեկուսացվածության հաղթահարմանն իրենց համայնքներում։ Այսուհանդերձ, ԱՐԵՆԱ ծրագիրն ուղղված է տարածաշրջանային եւ համայնքային մակարդակներում խաղաղասիրական նախաձեռնությունների ազդեցությունը բարելավելուն՝ համապատասխան ներգործուն ռազմավարությունների մշակման եւ ՌԴ-ի տարբեր տարածաշրջանները, Ուկրաինան եւ Հարավային Կովկասը (Վրաստան, Ադրբեջան, Հայաստան) ներկայացնող քաղաքացիական հասարակության խմբերի միջեւ ցանցի ձեւավորման միջոցով։

Ցանցը խթանելու է քաղաքացիական ակտիվիստների եւ անկախ արվեստագետների համագործակցությունը՝ արվեստի միջոցով երկխոսության հարթակ ձեւավորելու հակամարտություններում ներգրավված հասարակությունների տարբեր շերտերի միջեւ։

«Արվեստը եւ վիզուալիզացիան  համայնքային խաղաղասիրական գործընթացներում» աշխատանքային քննարկումը ծրագրի երրորդ տարվա՝ 2017թ-ի ընթացքում իրականացված առաջին միջոցառումն էր, որի նպատակն էր հասկանալ, թե ինչ է նշանակում խաղաղասիրությունը ծրագրում ներգրավված յուրաքանչյուր մասնակցի համար, ինչպես նաեւ, համատեղ աշխատանքի միջոցով պարզել, թե ելնելով մասնակիցների երկրներում տիրող սոցիալական եւ քաղաքական առանձնահատկություններից հատկապես ո՞ր վիզուալ գործիքներն են ավելի արդյունավետ եւ ի՞նչ նպատակով կարելի է կիրառել այդ գործիքները կոնֆլիկտներից տուժած խմբերի հետ աշխատելիս:

empowerment of people from conflict affected communities through the art: “Arena” approach
Ինֆոգրաֆիկա․ Հակամարտություններից տուժած խմբերի հզորացում եւ ներգրավում. «ԱՐԵՆԱՅԻ» մոտեցումը:

Աշխատանքային քննարկման ժամանակ մասնակիցներին տրվեցին մի շարք հմտություններ` սեփական համայնքներում վիզուալ նյութերի կիրառմամբ (կոմիքսներ, պոստերներ, ֆիլմեր, մուլտֆիլմեր) խաղաղության կառուցմանն ուղղված միջոցառումներ կազմակերպելու համար: Ներկայացվեցին նաեւ մի շարք վերլուծական գործիքներ եւ հակամարտությունների խաղաղ կարգավորման վերաբերյալ տեսական նյութեր, որոնք առավել համապատասխան են կիրառելու համար հակամարտության զարգացման տարբեր փուլերում գտնվող հասարակության տարբեր շերտերի, այդ թվում՝ որոշում կայացնողների միջեւ երկխոսություն ձեւավորելու նպատակով։

Արենա ծրագրի անձնակազմը հավատում է, որ արվեստը լավագույն միջոցներից է հակամարտության ազդեցությունը կրող հասարակություններում հնչեցնելու գաղափարներ եւ բարձրաձայնելու այնպիսի կարեւոր խնդիրներ, ինչպեսիք են մարդու իրավունքները, ռազմականացումը, քարոզչությունը, սոցիալական անարդարությունը եւ այլն։

Հարկ է նշել նաեւ, որ «ԱՐԵՆԱ. համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» ծրագրի շրջանակներում հաջորդ գործողությունը կլինի «ԱՐԵՆԱ» միջազգային խաղաղասիրական ցանցի ռազմավարության մշակումը, որը տեղի կունենա 2017թ.-ի օգոստոսին, ավստրիական Շտադտշլայնինգ բնակավայրում գտնվող «Խաղաղության եւ հակամարտությունների կարգավորման ուսումնասիրությունների» ավստրիական կենտրոնում (Austrian Study Centre for Peace and Conflict Resolution (ASPR)), որը խաղաղասիրական կրթության յուրահատուկ կենտրոն է Եվրոպայում։

Առաջարկում ենք ծանոթանալ նաեւ «ԱՐԵՆԱ» ծրագրի շրջանակներում Ապրիլի 24-27-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում կայացած «Արենա» ծրագրի 2015-2016 թթ. գործողությունների սիստեմատիզացիա» դասընթացի մասին պատմող նյութի հետ:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք գրել Արմինե Զաքարյանին՝ [email protected]

Ծրագրի գերմանական գործընկերն է՝ «Օվեն» հկ-ն (OWEN – Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e.V.)

owen

«ԱՐԵՆԱ. համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik” ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով:

02255

aus