ՈՐՔԱ՞Ն ԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ՀԱՇՏ ՄԵՐ ԱՌՕՐՅԱ ՎԱՐՔԱԳԻԾԸ ԵՒ ՈՒՆԵՑԱԾ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԸ

Մարտի 03, 2017
Training on Democracy on Peace Dialogue's office
Լուսանկարը` © 2017, «Խաղաղության երկխոսություն»։ Հեղինակ՝ Արմինե Զաքարյան

«Նախկինում մտածում էի, թե բավական առաջադեմ հայացքների տեր եմ։ Սակայն այս երեք հանդիպումների ընթացքում հասկացա, թե դեռ որքան բան ունեմ վերանայելու եւ վերաարժեքավորելու», – նշում է «Բետզավտա. ժողովրդավարության կառուցման ճանապարհին» եռօրյա դասընթացի մասնակից Աննան։

2017թ.-ի փետրվարի 4-ին, 11-ին եւ 18-ին «Խաղաղության երկխոսության» գրասենյակում աշխատանքային քննարկումներին մասնակցում էին 17-35 տարեկան  շուրջ 20 երիտասարդ ակտիվիստներ եւ ուսանողներ։ Հանդիպման նպատակն էր մասնակիցների հետ քննարկել եւ վեր հանել նրանց ընկալումները ժողովրդավարության եւ ժողովրդավարության սկզբունքների վերաբերյալ, ասել է թե՝ հասկանալ, թե որքան են կարեւորում մարդու իրավունքները, ազատությունը, բազմազանությունը եւ հավասարությունը, ինչպես նաեւ մարդկանց ազատ ընտրությունն ու փոխհամագործակցությունը՝ որպես ժողովրդավարական հասարակություն կառուցելու համար հիմք հանդիսացող արժեքներ։

Աշխատանքային քննարկումների հիմքում ընկած էր բավականին լայն տարածում ունեցող ժողովրդավարության ուսուցանման Betzavta (թարգմանաբար՝ միասին լինել) մեթոդը, որն ստեղծվել եւ կիրառվել է Իսրայելում` Ադամի ինստիտուտի տնօրեն դոկտոր Մարոշեկ – Կլերմանի կողմից 20-րդ դարի կեսին, ով գտնում էր, որ քաղաքագիտության բաժինններում դասավանդվող ակադեմիական դիսցիպլիններն իրական ժողովրդավարության հետ գրեթե ոչ մի առնչություն չունեն եւ չեն լուծում այն խնդիրները, որոնց հետ մարդիկ առերեսվում են առօրյա կյանքում։ Վերոհիշյալ մեթոդն այնուհետեւ լայն կիրառում է ստացել իսրայելական  դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ որպես այլընտրանքային ուսուցում մինչ այժմ գոյութուն ունեցեղ ակադեմիական մոտեցումների։

Հատկանշական է, որ մեթոդի կիրառումը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների մոտ, ովքեր ցանկություն հայտնեցին պարբերաբար մասնակցելու նմանատիպ միջոցառումների։ Նրանք նշեցին, որ հանդիպումների ընթացքում բարձրաձայնված հարցերը շատ արդիական են եւ արժեքավոր, սակայն միանշանակ լուծումներ եւ պատասխաններ չեն կարող գոյություն ունենալ, քանզի ժողովրդավարության կառուցման համար բոլորը չէ, որ պետք է ունենան միանման ընկալումներ եւ վարքագծի պարտադիր կանոններ։ Ժողովրդավարության կառուցումը բազմաշերտ եւ երկարաժամկետ գործընթաց է, որն իր հերթին կախված է շատ եւ շատ սոցիալ-մշակութային, տնտեսական եւ քաղաքական գործոններից։

Հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց նաեւ այն հարցերին, թե երիտասարդներն ինչ արդիական հիմնախնդիրներ են տեսնում երկրում եւ համայնքում՝ կապված ժողովրդավարական գործընթացների եւ մարդու իրավունքների հետ։ Արտահայտված կարծիքները կազմակերպիչները հաշվի կառնեն երիտասարդների հետ իրենց հետագա աշխատանքում։

Global Giving logoԱշխատանքային քննարկումները կազմակերպվել եւ իրականացվել են Global Giving կայքի աջակցությամբ առցանց հավաքված ֆինանսական նվիրատվությունների միջոցով։