ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ ԴԵՊՔԵՐԻ ԲԱԶԱՅՈՒՄ ԱՐԴԵՆ 810 ԴԵՊՔ Է ԳՐԱՆՑՎԱԾ

Ապրիլի 01, 2016
www.safesoldiers.am

«Խաղաղության երկխոսությունն» իր www.safesoldiers.am կայքի տվյալների բազայի համալրման գործում վերջին տարիների ընթացքում համագործակցելով այլ հասարակական կազմակերպությունների, անհատների հետ, նաեւ մամուլից ստացած տեղեկատվության հիման վրա մուտքագրել է 1994թ.-ից մինչ օրս զինված ուժերում գրանցված մահվան ելքով արդեն 810 դեպք:

Վերապահումներով, սակայն ամբողջական կարելի է համարել միայն 2010-2014թթ. ընկած ժամանակահատվածի տվյալները, երբ ԶԼՄ-ներն առավել ակտիվ սկսեցին լուսաբանել զինված ուժերում շարունակաբար գրանցվող միջադեպերը: Անգամ այս վերջին տարիների ընթացքում գրանցված միջադեպերին վերաբերող թվերն, այս կամ այն աղբյուրների դեպքում, տարբեր են: Առավել բարդ է ամբողջական տեղեկատվություն գտնել 90-ականներին համեմատաբար խաղաղ պայմաններում բանակի ունեցած կորուստների մասին:

Կայքի տվյալների բազան դեռեւս հեռու է ոչ միայն կատարյալ լինելու, այլ նաեւ քիչ թե շատ ամբողջական լինելու հավակնություններից, մանավանդ, որ պատկան մարմիները, մասնավորապես՝ պաշտպանության նախարարությունը, պարբերաբար մերժում է կազմակերպությանը մահվան ելքով միջադեպերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել, իսկ ՀՀ վարչական դատարանը մարտի 11-ին կայացած նիստում (նախագահող դատավոր՝ Արման Դիլանյան) որոշեց մերժել ՀՀ պաշտպանության նախարարի 2015թ. հուլիսի 9-ի թիվ 9-Ն հրամանի հավելված 1-ի 42-րդ եւ 43-րդ կետերն անվավեր ճանաչելու «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության պահանջը։

Ըստ այս պահին տեղեկատվական բազայում տեղ գտած տվյալների՝ գրանցված 810 դեպքերի մեջ, որպես մահվան պատճառ, առաջին տեղում են սպանությունները (208 դեպք): Սա այն դեպքում, երբ արձանագրվել են դեպքեր, որ դիտավորյալ սպանությունները պատկան մարմինների կողմից ներկայացվել են որպես ինքնասպանություններ, անզգուշությամբ կատարված սպանություններ կամ դժբախտ պատահարներ, իսկ մարտական հենակետերում կատարված սպանությունները՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ: www.safesoldiers.am–ի անձնակազմը, գրանցված դեպքերը կայքէջ մուտքագրելիս, մահվան պատճառը նշում է՝ առաջնորդվելով, հիմնականում, պաշտոնական վարկածով, սակայն միջադեպի նկարագրության մեջ նշվում են նաեւ այն բացահայտումները, որոնք կասկածի տակ են առնում պաշտոնական վարկածը՝ հարազատների կարծիքները, վկայություններ, բացահայտումներ այս կամ այն լրատվամիջոցում, իրավապաշտպանների եւ գործից լավատեղյակ փորձագետների տրամադրած տվյալներ:

172 դեպք՝ դժբախտ պատահարների, 174-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման, 83-ը՝ առողջական խնդիրների արդյունք են: Գրանցվել է 90 ինքնասպանություն:

810 դեպքից 298-ը Լեռնային Ղարաբաղում, 339-ը՝ Հայաստանում է տեղի ունեցել: 173-ի դեպքում կատարվածի վայրը ճշտել կազմակերպությանը դեռեւս չի հաջողվել: (Տես այստեղ)

Ելնելով այս պահին հավաքագրված տվյալներից՝ փորձ է կատարվել քարտեզագրել գրանցված մահվան ելքով միջադեպերի աշխարհագրական բաշխվածությունը, ըստ որի ՀՀ տարածքում առավել շատ միջադեպեր են գրանցվել Տավուշի մարզում, իսկ ԼՂ-ում՝ Մարտակերտի շրջանում: Այս երկու մարզերում ամենամեծ թվով մահվան ելքով միջադեպեր են՝ համապատասխանաբար 96 եւ 109 դեպք: Մեծ թվով մահվան դեպքեր են գրանցվում նաեւ Սյունիքում (61), Հադրութում (60), Մարտունիում (50), Գեղարքունիքում (43): Ամենամեծ թվով մահվան ելքով դեպք մինչ այժմ գրանցված է 2000 թվականի համար՝ 77, եւ պետք է հաշվի առնել, որ այդ թվականի համար համեմատաբար ամբողջական տվյալների (ինչպես, օրինակ, 2010-2014թթ․ համար) կազմակերպությունը դեռեւս չի տիրապետում: Ընդամենը մեկ դեպքով է ետ մնում նախորդ՝ 2015թ.-ը (76 դեպք)։ Այս տարվա առաջին երեք ամիսներին արդեն 16 դեպք է գրանցվել։