ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարտի 03, 2016

ՀՀ ՆՈՐ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ԿԱԶՄՎԱԾ ՓԵՏՐՎԱՐԻ 29-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ)

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդավար զարգացման համար հիմնարար նշանակություն ունի ընտրական համարակարգի իրական բարեփոխումը,

հաշվի առնելով վերջին քսանմեկ տարում տեղի ունեցած ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները եւ զեղծարարությունները, մասնավորապես` 2015թ. դեկտեմբերի հանրաքվեի ժամանակ,

գնահատելով մեր երկրի եւ  հասարակության առաջ ծառացած ծանր մարտահրավերները՝ առաջիկա ընտրություններին նախընթաց,

մենք` քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ, անհրաժեշտ ենք համարում հանրությանը եւ իշխանություններին ներկայացնել մեր մտահոգություներն ու առաջարկությունները` կապված նոր ընտրական օրենսգրքի մշակման եւ բովանդակության հետ:

  1. Անբեկանելիորեն անհրաժեշտ է ապահովել նոր Ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների թափանցիկությունը` քաղաքացիական հասարակության բոլոր հնարավոր դերակատարների և քաղաքական կուսակցությունների ներգրավվածությամբ: Մենք հավատում ենք, որ այս աշխատանքների լիակատար թափանցիկությունը եւ մասնակցայնությունը նախապայմանն են իրական բարեփոխման: Ցավոք, իրականությունն այլ է. փետրվարի 29-ին կայացած հանրային միջոցառմանը ՀՀ Հանրապետական կուսակցության Խորհրդարանական մեծամասնության և ՀՀ Կառավարության և ոչ մի ներկայացուցիչ չմասնակցեց:
  2. Նոր ընտրական օրենսգրքում հետեւյալ գործիքների եւ լուծումների ներմուծումը համարում ենք անխուսափելի երաշխիքներ` ապահովելու ընտրական համակարգի բարեվարքությունն ու թափանցիկությունը, գործընթացի հաշվետվողականությունը և հնարավորություն` վերականգնելու ոտնահարված ընտրական իրավունքը, եթե այդպիսիք տեղի ունենա.

i. Նոր ընտրական օրենսգրքի որեւէ էական առաջընթաց, որը կապահովի ընտրական գործընթացների բարեվարքությունը և կբարձրացնի Հայաստանի ժողովրդի վստահությունը ժողովրդավարական ընտրությունների ինստիտուտի նկատմամբ հնարավոր չի լինի, առանց ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակման պետության պոզիտիվ պարտավորության սահմանման: Անգամ, նախատեսվող էլեկտրոնափաստաթղթային քվեարկության համակարգի ներդրումն, որն այժմ քննարկվում է իշխանությունների կողմից, չի կարող լուծել խախտումները, մասնավորապես, լցոնումների խնդիրը, որը դարձել է սովորական և օգտագործվել է նաև վերջին հանրաքվեի ժամանակ: Այսպիսով, միայն ընտրողների ցուցակների հրապարակման, բացակա և քվերակած ընտրողների առանձնացված ցուցակների մատչելիության, դրանց համադրման իրական հնարավորության, ինչպես նաև դրանց հասանելիությունը ընտրություններից առաջ բոլոր տեղամասերում ապահովելու պարագայում, կարելի է կանխել զանգվածային ընտրակեղծարարությունը: Հակառակ պարագայում, էլեկտրոնափաստաթղթային քվեարկությունը կդառնա կասկածելի գործիք, որովհետեւ այն կարող է լինել անարդյունավետ, առավել վնասակար և կդիտվի որպես ռեսուրսների անտեղի  վատնում:

ii. Ընտրությունների օրինականության ապահովման համար պատշաճ հանրային հսկողություն սահմանելու նպատակով անհրաժեշտ է վերացնել դիտորդության քննական արտոնագրման գործող կարգը, այդպիսով բացառել տեղական եւ օտարերկրյա դիտորդների նկատմամբ խտրական վերաբերմունքը մի կողմից, իսկ մյուս կողմից բացառել դիտորդական իրավունքի որեւէ սահմանափակում: Բացի այդ անհրաժեշտ է ընդարձակել դիտորդական առաքելությունների ու դիտորդների լիազորությունների շրջանակը` ընձեռնելով արձանագրված խախտումների հիման վրա քվեարկության արդյունքները բողոքարկելու իրավունք՝ որպես հանրային շահի ներկայացուցիչ:

iii. Պետության կողմից որպես պոզիտիվ պարտավորություն, բոլոր ընտրական տեղամասերը հարկավոր է կահավորել եւ ապահովել ընտրական գործընթացի, առնվազն 5 տեսախցիկով, պատշաճ տեսաձայնագրման, ուղիղ առցանց հեռարձակման հնարավորությամբ: Պետական իշխանությունը նաև պիտի ստանձնի այդ տեսաձայնագրությունների արխիվացման և, որպես գաղտնիք չհանդիսացող տեղեկություն պահպանելու պարտավորությունը: Օրենսգիրքը պետք է սահմանի տեսաձայնագրությունների առկայությունն որպես դատական ապացույց` հայտարարված խախտումների դեպքերով:

Մեր առաջարկություններն ու լուծումները չեն սահմանափակվում միայն վերը բերվածներով: Գոյություն ունեն միջոցներ և մեթոդներ` գործընթացի հետագա բարելավման և ազատ ու արդար ընտրությունները հասանելի դարձնելու համար, որոնց ցանկը կցված է:  Սակայն, մեր կարծիքով, վերը նշվածները կարևորագույնն են` կանխելու ընտրական բարեվարքության մշտական չարաշահումները` համապետական, տեղական ինքնառավարման և հանրաքվեների մակարդակներում:

Այս հայտարարությամբ մենք պատրաստակամություն ենք հայտնում, ինչպես վերը նշված և հարանման առաջարկների քննարկման, այնպես էլ նոր Ընտրական օրենսգրքի մասնակցային մշակման աշխատանքներին ներգրավվելու համար:

Հայտարարությունը բաց է միանալու

  •  “Ասպարեզ” Լրագրողական ակումբ
  • «Արաքս կենտրոն» բարեգործական ՀԿ
  • Բաց հասարակության հիմնադրամնր – Հայաստան
  • «Բիոսոֆիա» ՀԿ
  • Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
  • «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնություն
  • Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ
  • Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
  • Թուխմանուկ ՀԿ
  • Իրավունքների  տեղեկատվական կենտրոն  ՀԿ
  • Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
  • «ԼոգոՍ» երիտասարդական ՀԿ
  • Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ
  • Խաղաղության երկխոսություն ՀԿ
  • Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն
  • Խորան Արդ ինտելեկտուալ կենտրոն
  • Կանանց աջակցման կենտրոն
  • Կանանց ռեսուրսային կենտրոն – Հայաստան
  • «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ
  • Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն
  • Հայաստանի հելսինկյան կոմիտե
  • Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ
  • Հանուն հավասար իրավունքների
  • Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա հայկական կոմիտե 
  • Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
  • «ՀԵՏՔ» Հետաքննող լրագրողների ասոցիացիա
  • Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն ՀԿ 
  • Մեր իրավունքների սահմանները իրավապաշտպան ՀԿ
  • Նոր հայացք քաղաքացիական հասարակության կենտրոն
  • Նոր սերունդ մարդասիրական ՀԿ
  • Սպիտակի հելսինկյան խումբ
  • Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն ՀԿ
  • Օրենքի գերակայություն

Լրացուցիչ առաջարկություններ.

i. Փոփոխություն ՀՀ Քրեական օրենսգրքում՝ կապված ընտրողի կամքի ազատ ձևավորման, արտահայտման և կամահայտնության պաշտպանությւն հետ  այդ թվում՝ ընտրակեղծարարներին զսպող և համարժեք պատիժներ սահմանելը: Ինչպես նաև առաջարկում ենք խթանող և խրախուսող իրավակարգավորումներ, մասնավորապես, քրեական պատասխանատվությունից ազատում՝ ընտրակաշառք ստանալու համար, եթե անձը կամավոր հաղորդում է ներկայացնում այդ մասին:

ii. Ընտրական օրենսգիրքը պետք է ճանաչի մաթեմատիկական էքստրապոլյացիայի միջազգայնորեն ընդունված վիճակագրական եղանակի հիման վրա բերված ընտրակեղծիքների փաստերը` որպես հիմնավոր կասկած: Սա նաև հիմք կհանդիսանա քննություն իրականացնել խախտումների շուրջ և ձայների վերահաշվարկ` ցանկացած ընտրատեղամասում, որտեղ կդիտվի Գաուսի կորության շեղում, ինչը կվկայի լցոնումների մասին:

iii. Պետության կողմից որպես պոզիտիվ պարտավորություն անհրաժեշտ է ապահովել ոչ միայն դե յուրե, այլեւ դե ֆակտո գենդերային հավասարության չափանիշը ընտրված թեկնածուների միջև՝ ուղղված ապահովելու կանանց լիարժեք մասնակցությունն ու ներկայացվածությունը իշխանության օրենսդրական համակարգում: Ներկայումս Ընրտական օրենսգրքի 108-րդ հոդվածով ամրագրված 20%-անոց քվոտան չի համապատսխանում ՄԱԿ-ի կողմից սահմանցած չափանիշներին, ըստ որի գենդերային հավասարության ապահովման համար մեկ սեռի ներկայացվածությունը պետք է լինի առնվազն 30-40%[1]:

iv. Այնպիսի կարգավորումներ պիտի ներմուծվեն ընտրական օրենսգիրք, որոնցով բացառվեն պետական կամ համայնքային վարչական միջոցների (աշխատուժ, անշարժ եւ շարժական գույք, բյուջետային, արտաբյուջետային, հաղորդակցության միջոցներ, պաշտոնական դիրք, ծախսանյութեր, աշխատաժամանակ եւ այլն) օգտագործումը եւ չարաշահումը, թեկնածուի օգտին բանեցնելը, իսկ այդ նորմերի խախտումների դեպքում հստակ, խիստ եւ չափելի պատժամիջոցներ պիտի սահմանվեն` փոխարենը գոյություն ունեցող ոչ համաչափ կիրառվող միջոցների:

v. Ընտրական օրենսգրքով և համապատասխան օրենքներով սահմանել հստակ մեխանիզմներ և պարտավորություններ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և հարկային մարմինների կողմից՝ ստուգելու կուսակցությունների և թեկնածուների ներկայացրած հայտարարագրերի և քարոզչության ֆինանսավորման աղբյուրների հավաստիությունը:

vi. Ընտրական գործընթացում հնարավոր խախտումների մասին բողոքարկման, վերահաշվարկի եւ հարակից այլ գործողությունների համար նախատեսվող ժամկետները պիտի սահմանվեն ողջամտության եւ արդյունավետության ելակետով:

vii. Բանակում ընտրական իրավունքի պաշտպանությունը պիտի վերանայվի արմատապես, այն հաշվով, որ բացառվեն զինվորականներից մեկի կամ խմբի, կամ հրամանատարական կազմի գործողությունների կամ անգործության որեւէ ազդեցություն զինծառայողների ազատ կամարտահայտման վրա: Բոլոր բոլոր թեկնածուները պետք է համահավասար հնարավորություն ունենան ներկայանալու եւ իրենց ծրագրերը ներկայացնելու զինվորականներին, իսկ զինվորականները ազատ լինեն` օգտվելու իրենց ընտարական իրավունքից կամ չօգտվելու: Նաև, պետք է այս ամենի հանրային վերահսկողության իրական միջոցներ նախատեսվեն:

viii. Օրենքը պետք է արգելի ՀՀ պետական եւ համայնքային կրթական համակագում աշխատող մանկավարժներին, ուսուցիչներին եւ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին ընդգրկվել ընտրական հանձնաժողովներում, այսպիսով բացառել նրանց մասնակցությունը հնարավոր ընտրական հանցագործություններին եւ զեղծարարությունը, եւ դրանով՝ պաշտպանել աճող սերնդին հնարավոր զեղծարարների մոտ սովորելու ռիսկից: Սա չի կարող դիտարկվել որպես կրթական համայնքի համար հանրային կյանքին մասնակցության իրավունքի սահմանափակում, որպիսին դա այժմ ներկայացվում է պաշտոնյաների կողմից, մինչդեռ, այս չափանիշը կպաշտպանի նրանց ահաբեկման և մանիպուլիացիայի զոհ դառնալուց:

ix. Որպես ընտրություններում մասնակիցների հավասար պայմանների ապահովման միջոց օրենսդրությունը պետք է հստակեցնի հեռարձակվող զանգվածային լրատվամիջոցներում քարոզչություն իրականացնելու ժամկետները: Մասնավորապես, անհրաժեշտ է ԶԼՄ-ներում քարոզչություն իրականացնելու համար նախատեսել ավելի երկար ժամանակահատված համապատասխան կարգավորմամբ ՝ առնվազն երեք ամիս, բացառելով դրանից դուրս քաղաքական գովազդը: Ընտրական օրենսգքում եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում ձեւակերպել քարոզչությունը եւ խմբագրական լուսաբանումը տարբերակող դրույթներ: Համապետական ընտրություններում պարտադիր դարձնել կուսակցությունների միջեւ Հանրային հեռուստատեսությամբ դեբատների կազմակերպումը եւ նրանցում մասնակցությունը:

x. Օրենքը պետք է մատների թանաքոտման, կամ կենտրոնացված բազայի տվյալների հիման վրա մատնահետքով ընտրողների գրանցման պահանջը ապահովող մեխանիզմներ առաջարկի:

xi. Երաշխավորել հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց քաղաքական իրավունքները մյուսների հետ հավասար հիմունքներով դրանց օգտվելու հնարավորությունը։ Ապահովել, որ քվեարկության ընթացակարգերը, վայրերը և միջոցները լինեն ամբողջովին մատչելի և դյուրին հասկանալու, գործածության համար։ Պաշտպանել հաշմանդամություն ունեցող անձանց՝ ընտրությունների և հանրաքվեների գաղտնի քվեարկության իրավունքը՝ նրանց ցանկությամբ թույլատրելով իրենց ընտրությամբ որևէ անձի օգնությունը ստանալ քվեարկություն կատարելիս:

xii. Ներառել որպես առաջնային կետ կուսակցությունների պետական ֆինանսավորման ավելացումն առնվազն 10 անգամ` ռեգրեսիվ սկզբունքի կիրառմամբ: Ընդ որում ծախսերի փոխհատուցում նախատեսվի նախընտրական արշավին մասնակցած եւ խորհրդարան ընտրված կուսակցությունների համար՝ նրանց ընդհանուր ծախսերի 50 տոկոսի չափով:


[1] Տես՝ UN, “The Worlds’ Women 2010: Trends and Statistics”, Chapter 5: Power and Decision Making, page 116

Մարտի 02, 2016