«Մարտի մեկի զոհերի հիշատակին» նվիրված հուշարձան ունենալու գաղափարն առաջ է քաշվել վանաձորցի մի խումբ երիտասարդների կողմից։ Ըստ հեղինակների` նմանատիպ հուշարձան ունենալու անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ դեռեւս չեն բացահայտվել եւ պատասխանատվության ենթարկվել 2008թ.-ի փետրվար-մարտ ամիսներին տեղի ունեցած հայտնի քաղաքացիական պայքարի մի խումբ մասնակիցների սպանության կազմակերպիչները։
Այս եւ նմանատիպ այլ առաջարկություններով հանդես են եկել 2015թ.-ի նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզի Ստեփանավան, Ալավերդի եւ Վանաձոր քաղաքներում կազմակերպված եւ իրականացված աշխատանքային քննարկումների մասնակիցները, ինչպես նաեւ՝ մի խումբ այլ ակտիվ քաղաքացիներ։
Աշխատանքային քննարկումների նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել «անհատական եւ խմբային հիշողություններ» հասկացությունների, խմբային հիշողությունների մշակույթի ձեւավորման գործընթացում անհատի դերի եւ նշանակության մասին, ինչպես նաեւ խոսել հուշարձանների՝ որպես մշակութային հիշողության բաղադրիչի եւ խմբային հիշողությունների միջեւ եղած կապի մասին։
Հանդիպումներն իրականացվել են կազմակերպության «Խաղաղասեր կանանց գործակալություն» ծրագրի շրջանակներում հայտարարված փոքր դրամաշնորհների միջոցներով։
Աշխատանքային քննարկումների մասնակիցները խիստ բազմազան էին տարիքային, սեռային եւ մասնագիտական առումներով. դպրոցի ավագ դասարանների աշակերտներ, ուսանողներ, քաղհասարակության ներկայացուցիչներ եւ մշակութային կառույցների աշխատակիցներ։
Քննարկումների ընթացքում մասնակիցներն ու կազմակերպիչները խոսեցին անհատական եւ խմբային հիշողությունների առանձնահատկությունների մասին, նաեւ այն մասին, թե ինչպես են հասարակական եւ քաղաքական համակարգերն ազդում հիշողությունների մշակույթի ձեւավորման վրա։ Ելնելով այն հանգամանքից, թե ինչ ընթացք են ունենում այս գործընթացները ժողովրդավարական եւ ավտորիտար համակարգերում՝ շեշտվեց հատկապես յուրաքանչյուր անհատի դերի կարեւորությունը եւ գիտակցված մասնակցությունը հիշողությունների մշակույթի ձեւավորման գործընթացում։
Հանդիպումների վերջում մասնակիցներին հնարավորություն տրվեց առաջարկելու իրենց կոնցեպտներն այն հուշարձանների վերաբերյալ, որոնք դեռ չկան իրենց համայնքում եւ երկրում, կամ վերաձեւափոխել արդեն իսկ գոյություն ունեցող հուշարձանները՝ ելնելով այն հանգամանքից, թե ինչպիսի՞ ուղերձ իրենք կցանկանային, որ տվյալ հուշարձանները փոխանցեն սերունդներին։ Հատկանշական է, որ ի թիվս վերոհիշյալ օրինակների, գերակշռող թիվ էին կազմում 1915թ.-ի հայոց ցեղասպանության եւ 1992-94թթ.-ին ԼՂ պատերազմի թեմայով հուշարձաններ կառուցելու առաջարկները, ինչն ակնհայտորեն ցույց է տալիս, թե որ հիշողությունններ են արդի հասարակության մեջ առավել շեշտված, որոնք են համարվում «ճիշտ ու կարեւոր» եւ որոնք են առանցքային տեղ զբաղեցնում հասարակական քննարկումների ժամանակ։
Նոր հուշարձաններ ունենալու կամ հները հնարամտորեն, նաեւ հումորով վերափոխելու մասնակիցների մյուս առաջարկները կներկայացվեն առցանց տարբերակով. դրանց կարելի է ծանոթանալ «Խաղաղության երկխոսության» կայքում եւ ֆեյսբուքյան էջում։
Խաղաղասեր կանանց գործակալություն» ծրագիրն իրականացվում է ֆիննական «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնություն» (CMI) կազմակերպության աջակցությամբ: