
© 2025. ԼՈՒՍԱՆԿԱՐԸ ՆԱԲԻԼ ՍԱԼԵՀԻ: ԱՂԲՅՈՒՐԸ` HTTPS://UNSPLASH.COM/
2025 թվականի մայիսի 31-ից հունիսի 1-ը «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն Դիլիջանում կազմակերպեց համագործակցային կանխատեսման երկօրյա հանդիպում՝ «Հայ-ադրբեջանական հարաբերությունների հնարավոր սցենարներ, միտումներ և ազդակներ» խորագրով։ Միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի պատգամավորներ, պետական մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ և քաղաքացիական հասարակության դերակատարներ։
Երկխոսության նպատակն էր ստեղծել համապարփակ հարթակ, որտեղ մասնակիցները կանխատեսման գործիքակազմի միջոցով կարող էին վերլուծել տարածաշրջանում ի հայտ եկող միտումները, առկա և զարգացող ռիսկերը, ինչպես նաև ներգրավված դերակատարների և կառույցների դերը խաղաղ գործընթացների առաջմղման գործում։ Քննարկումներն ուղղված էին նաև այն ռազմավարությունների ձևակերպմանը, որոնք կնպաստեն կայունությանն ու խաղաղությանը՝ միաժամանակ զսպելով հնարավոր սպառնալիքները։ Միջոցառումը վարում էին Ֆինլանդիայի «Մարտի Ահտիսաարիի Խաղաղության հիմնադրամի» ներկայացուցիչներ՝ դոկտոր Ջոն Ա. Սուինին և Հայկ Թորոյանը։
Երկօրյա քննարկումների արդյունքում մշակվեցին չորս իրատեսական սցենարներ, որոնք ներկայացնում են Հայաստանի տարբեր քաղաքական զարգացումների դեպքում հնարավոր տարածաշրջանային հեռանկարները։ Դրանք չեն ներկայացնում ապագայի կանխատեսումներ, այլ առաջարկում են տրամաբանական մոդելներ՝ հասկանալու, թե ինչպես կարող են ներքաղաքական որոշումներն ու արտաքին հարաբերությունների դինամիկան ազդել երկրի երկարաժամկետ զարգացման վրա։
Սցենարներից մի քանիսը անդրադառնում էին իշխանափոխության դեպքում խաղաղության օրակարգի շարունակման, սակայն արտաքին ազդեցությունների խորացման հնարավորություններին, մասնավորապես՝ Ռուսաստանի ազդեցության աճին։ Այս պարագայում առկա էին մտահոգություններ Հայաստանի ինքնիշխանության սահմանափակման, ժողովրդավարական հաստատությունների թուլացման և երկրի արտաքին կախվածության խորացման վերաբերյալ։ Այլ սցենարներում քննարկվում էր խաղաղ բանակցությունների խզումը, բռնաճնշումների և ավտորիտար տիպի իշխանության հաստատման հնարավորությունը՝ զանգվածային արտագաղթի և հասարակական բևեռացման պայմաններում։ Միաժամանակ որոշ սցենարներ պատկերում էին գործող իշխանության պահպանման պայմաններում քաղաքական տարբեր մոտեցումների հնարավոր հետևանքները։ Մեկ հնարավորության դեպքում խաղաղ գործընթացը դադարեցվում է՝ ինքնիշխանության պաշտպանության անվան տակ՝ զուգորդվելով ռազմական ամրապնդմամբ, սակայն արտաքին մեկուսացման և տնտեսական դանդաղ զարգացման ռիսկերով։ Մյուս սցենարում խաղաղության պայմանագրի ստորագրումը ճանապարհ է բացում տարածաշրջանային համագործակցության և ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացման համար՝ չնայած ռուսամետ ուժերի ներքին դիմադրությանը և ՌԴ-ից եկող արտաքին հիբրիդային սպառնալիքներին։
Բոլոր սցենարներում մասնակիցները գնահատել են ժողովրդավարության, ինքնիշխանության, անվտանգության, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացման վրա ունեցած կարճաժամկետ և երկարաժամկետ ազդեցությունները։ Քննարկումները ցույց տվեցին, որ այս գործընթացները կարող են կամ ամրապնդել Հայաստանում կայուն և ներառական ինստիտուտների հիմքերը, կամ էլ խթանել կախվածության, սոցիալական քայքայման և քաղաքական փակուղու խորացումը։
Համարյա բոլոր սցենարներում մշտապես հնչում էին միևնույն մարտահրավերները՝ հասարակական բևեռացում, արտաքին ճնշումներ և արտագաղթ։ Վերջինս դիտարկվում էր ոչ միայն որպես իրավիճակի հետևանք, այլ նաև որպես գործոն, որն ինքնին կարող է խորացնել երկրի խոցելիությունը։ Միևնույն ժամանակ կանխատեսման գործընթացը նաև ընդգծեց դիմակայունության, նորարարության և ռազմավարական նախաձեռնողականության հնարավորությունները՝ Հայաստանի հասարակությանը դիտարկելով ոչ թե որպես ազդակներ ընդունող, այլ նաև ձևավորող կողմ։
Այս կանխատեսման գործընթացը վեր հանեց կարևոր ուղերձ. Հայաստանի ապագան կանխորոշված չէ։ Այն կախված է երկրի ներքին քաղաքական որոշումներից, արտաքին դաշնակցային հարաբերությունների կառուցվածքից և հասարակության ունակությունից՝ անցումային փուլերը հաղթահարելու՝ գիտակցաբար, պատասխանատու և վճռական։
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն շարունակելու է իր գործունեությունը՝ այս գործընթացի արդյունքների հիման վրա խթանելու լայն հանրային քննարկումներ, ամրապնդելու քաղաքացիական հասարակության ռազմավարական մոտեցումները և նպաստելու երկարաժամկետ խաղաղաշինական գործընթացների ձևավորմանը՝ հիմնված ներառականության և հաշվետվողականության վրա։
Նախաձեռնությունը իրականացվում է«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի կողմից՝ «Հաշտեցման Ռեսուրսներ» հկ-ի հետ սերտ համագործագծությամբ և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի գործընկերն է` Martti Ahtisaari Peace Foundation (CMI):