© 2023. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ` «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ: ՀԵՂԻՆԱԿ` ՆԻԿՈԼԱ ՏՈՒՐԻԵՐ
2023 թվականի ամռանը «Խաղաղության երկխոսություն» հկ-ն մեկնարկեց իր հերթական նախաձեռնությունը՝ Վանաձորի երիտասարդների զարգացումը խթանելու նպատակով։ Նիկոլա Տուրիերի և Ռիմա Գալստյանի գլխավորությամբ, «Մտագրոհի թատրոն» երիտասարդական խմբակը պատանիների համար դարձավ մի ակտիվ հարթակ՝ բացահայտելու իրենց ներուժը, ներգրավվելու տեղական ծրագրերում և դառնալու ակտիվ ու տեղեկացված քաղաքացիներ։ Այս նախաձեռնությունը «Խաղաղության երկխոսություն» հկ-ի կողմից գերմանական գործընկեր OWEN կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում իրականացվող «Կոնտակտ 3․0» ծրագրի մի մասն էր։
«Մտագրոհի թատրոն» ծրագիրը նպատակ ուներ երիտասարդների մեջ սերմանելու հետաքրքրասիրություն և քաջալերելու նրանց ակտիվ ներգրավվածությունը համայնքներում իրականացվող նախաձեռնություններում: Կազմակերպիչները մտադրված էին խրախուսել երիտասարդներին զարգացնել քննադատական և ստեղծագործական միտքը` իրենց համայնքներում դրական փոփոխություններ բերող առաջնորդներ դառնալու համար։
Մասնակիցներից մեկի՝ Ինեսսա Ղուբաթյանի որակմամբ. «Մտագրոհի թատրոնը մի վայր էր, որտեղ հասկացանք, թե որքան անսահման է մեր երևակայությունը, որտեղ տարբեր զգացմունքներ ապրեցինք, շփվեցինք անչափ հետաքրքիր մտածելակերպ ունեցող մարդկանց հետ, նոր փորձ ու գիտելիքներ ձեռք բերեցինք և բացայատեցինք թատրոնը յուրովի ․․․ թույլ էինք տալիս մեր մտքին ստեղծագործել առանց սահմանների, ամեն իրավիճակ վերլուծելով հենց մեր տեսանկյունից»։
Ծրագրի գերմանական գործընկերն է՝ «Օվեն» հկ-ն (OWEN – Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e.V.):
«CONTACT 3.0» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik” ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով: