ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՌՄԲԱԿՈԾՈՒՄ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ

Սեպտեմբերի 19, 2023
Կանգնեցնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ցեղասպանությունը․ Ադրբեջանը ռմբակոծում է Ստեփանակերտը
© 2023. ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` SILVIA MORALEJA: ԱՂԲՅՈՒՐԸ` ISTOCK

2023թ-ի սեպտեմբերի 19-ին, ժամը 13։22-ին Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարեց Լեռնային Ղարաբաղում այսպես կոչված հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին։ Այս պահին Շուշի քաղաքից ռմբակոծվում է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը։

Ադրբեջանի բռնապետական ռեժիմի կողմից խաղաղ բնակչության ահաբեկչական գործողությունը տրամաբանական շարունակությունն է 2022 դեկտեմբերից Լաչինի միջանցքի բլոկադայի, որը նպատակ ունի էթնիկ զտման ենթարկել ԼՂ-ն, որը միջազգային բոլոր նորմերով հանդիսանում է ցեղասպանություն։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ռուս «խաղաղապահ ուժերի » հրամանատարությունն ու ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը տեղեկացված են Ադրբեջանի գործողություններից։

Խաղաղ բնակչության դեմ լայնածավալ ռազմական հարձակումը տեղի է ունենում ռուս խաղաղապահների տեղեկացվածությամբ և փաստացի անգործության պայմաններում, ի հակադրություն 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, որով պարտավոր է կանխել հրադադարի ռեժիմի ցանկացած խախտում։

Սույն հայտարարությամբ դիմում ենք բոլոր միջազգային կառույցներին, կազմակերպություններին ու պետություններին, որոնց համար որևէ նշանակություն ունի մարդու իրավունքները և մարդու անվտանգությունը․ Ո՛չ միայն դատապարտել Ալիևի բռնապետական ռեժիմի կողմից իրականացվող հրեշավոր գործողությունը, այլև՛ հստակ քայլեր ձեռնարկել՝ կանխելու Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանությունը։

Սույն հայտարարությունը SOS ազդանշան է ՝ հրատապ գործողություններ իրականացնելու ակնկալիքով։


Ստորագրյալ կազմակերպություններ՝

  • Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
  • Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
  • «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
  • Կանանց ռեսուրսային կենտրոն
  • Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
  • Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների
  • Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
  • Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
  • Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
  • Հանուն հավասար իրավունքների ՀԿ
  • Հոդված 3 ակումբ