© 2021. Աղբյուրը` FACTOR TV
-Պարո՛ն Խաչատրյան, ցավալիորեն պատերազմի ծանր հետևանքների գնով մենք գիտակցեցինք, թե ինչպես կարող է կոռուպցիան քանդել երկրի պաշտպանունակությունը։ Իրավապաշտպանները, որոնք ահազանգում էին սրա մասին, թշնամի էին որակվում նախկին իշխանության օրոք։ Ծանր գնով հասկացանք՝ ինչ է քայքայված պաշտպանունակությունը, երբ կոռուպցիան կարող է հոշոտել երկրի անվտանգությունը՝ մեր հայրենակիցները կյանքից, տնից ու տեղից զրկվեցին նաև դրա՛ հետևանքով։ Ինչո՞ւ այս խնդիրները չէին նկատվում տարիներ ի վեր։
-Ելույթներից մեկում վարչապետը հայտարարություն արեց, որ Հայաստանում ամենակայացած ինստիտուտը կոռուպցիան էր։ Ես համաձայն եմ այդ որակման հետ։ Կոռուպցիան անվտանգային համակարգում, որն ավելի փակ է, իսկապես կործանարար է։ Մենք տեսանք, թե այդ կոռուպցիան, վարքերն ու բարքերը՝ անպատժելիությունը, ինչ հետևանքներ առաջացրին։
-Բայց Դուք իրո՞ք կարծում եք՝ կոռուպցիայի կործանարար ազդեցությունը գիտակցվեց։ Մեր քաղաքական գործիչները միմյանց մեղավոր ու թշնամի են համարում, բայց խնդիրներին խորքային կերպով չեն անդրադառնում։
-Հիմա դրան կհասնեմ․ այն, ինչ տեղի ունեցավ, մասն էր նախորդ տարիներին եղած խնդիրների։ Երբ խոսում էինք՝ N զորամասում արդեն 7-8 մահվան դեպք է տեղի ունեցել, և որևէ գործողություն իշխանության կողմից չէր լինում, զորամասի հրամանատարը շարունակում էր պաշտոնավարել, և որ սկսեցին հայտարարել՝ դավաճաններ են, լքեցին մարտական դիրքերը, փախան, զորքին թողեցին ու փախան, այդ նույն մարդիկ էին մեծ առումով։ Եթե վերլուծում ես, տեսնում ես՝ այդ խնդիրն այն ժամանակ եղել է, բարձրաձայնել ենք, ոչ ոք չի ցանկացել այս ուղղությամբ աշխատել, որովհետև տարբեր օղակներ ներգրավված են եղել կոռուպցիոն համակարգի մեջ։
Անպատժելիությունը, դատական համակարգի հիվանդ լինելը, ի վերջո, բերեցին այս վիճակին։ Այն հարցին պատասխանեմ՝ արդյո՞ք մենք դա գիտակցեցինք, թե՞ ոչ։ Ես կպատասխանեմ՝ ո՛չ, կարծում եմ՝ չգիտակցեցինք։ Խորությամբ չգիտակցեցինք, այլ ընդամենը սա արտասանում ենք քաղաքական իրողություններից ելնելով, մեկը մյուսին մեղադրելով՝ դու ես դավաճան, դու՝ կոռուպցիոներ։ Խնդիրները բարձրաձայնվում են, բայց ինստիտուցիոնալ մակարդակում ես չեմ տեսել գործողություններ։ Ի՞նչ եղան այդ սպաները, կապիտանները, փոխգնդապետերը, որոնք իրենց արտահայտություններից ելնելով՝ զորքին թողել ու փախել են, ինչի՞ քրեական գործ չի հարուցվել, իսկ ինչի՞ է հիմա սերժանտի նկատմամբ քրեական գործ հարուցվում։ Ի՞նչ քրեական գործ հարուցվեց փախչողների նկատմամբ, ի՞նչ քրեական գործեր հարուցվեցին և ի՞նչ ընթացքի մեջ են այն գեներալների մասով, որոնք, ձեր ասելով, բանակը թալանեցին, դղյակներ կառուցեցին, և բանակը մնաց առանց զենքի՝ 80-ականների զենքի հույսին։ Ի՞նչ եղավ, ի՞նչ բացահայտումներ եղան։
-Անհետևողականությո՞ւն եք տեսնում չարաշահումները բացահայտելու գործում։
-Անկասկած։ Մեր իշխանությունները շատ թերություններ ունեն, բայց ցցուն և կարևոր թերություններից մեկը համակարգային մոտեցում չունենալն է։ Այսինքն՝ հատվածային լուծումներ են տրվում, տեսան խնդիրը՝ վազեցին այնտեղ, այն մյուս խնդիրն է դուրս գալիս, վազում են այն կողմ։ Ես տեսնում եմ դա։ Այնպես չի՝ չեն խոսում խնդիրներից, բայց որևէ խնդիր մինչ այս պահը համակարգային լուծում չի ստացել։ 2-3 տարի առաջ վարչապետը հայտարարեց՝ սևազգեստ մայրերի խնդիրներով զբաղվող խումբ է ձևավորվում, ի՞նչ եղավ այդ խումբը, մինչև այդ՝ խումբ էր ձևավորվել Քննչական կոմիտեում, գործերը պետք է բացահայտվեին, ի՞նչ եղավ այդ խումբը։ Ո՞ր գործը բացահայտվեց և ո՞ր գործով մենք իմացանք՝ ինչպիսին էր իրականությունը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝
Ռոբերտ Անանյան