© 2021. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ
2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր վեց շաբաթ տևած պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղում և դրա մերձակա տարածքում տեղի ունեցավ իրական մարդասիրական աղետ: Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ հրադադարի հայտարարման արդյունքում լայնամասշտաբ ռազմական գործողությունների դադարեցմամբ 44-օրյա զինված բախումից հետո հայ և ադրբեջանական հասարակություններն այժմ առերեսվում են ֆիզիկական, սոցիալական և քաղաքական ամբողջապես նոր իրողության հետ:
Մի շարք միջազգային և տեղական դիտորդների կողմից մեկտեղվել են մարդու իրավունքների միջազգային օրենսդրության և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների վերաբերյալ հավաստի զեկույցներ, որոնք լուսաբանում են մարտական գործողությունների ընթացքում տեղի ունեցած ռազմական հանցագործությունները: Այդ զեկույցներում ներառված են ռազմագերիների և խաղաղ բնակիչների մահապատիժներ, խաղաղ բնակիչներին մարտական գործողություններում ներգրավված զինվորականներից տարբերակելու ձախողումներ, քաղաքացիական ենթակառուցվածքների, դպրոցների, հիվանդանոցների, պատմական և կրոնական հուշարձանների ոչնչացման դեպքեր և այլն:
Ռազմական գործողությունների ընթացքում ականատեսների կողմից արձանագրված նյութերի փաստագրումը տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից նույնպես նշանակալից ներդրում է հանդիսանում կատարվածի վերաբերյալ գիտելիքի պաշարման գործընթացում: Այժմ սոցիալական մեդիայի հարթակներում առկա է պատերազմի ընթացքում քաղաքացիների կողմից բջջային հեռախոսով արված կադրերի, լուսանկարների և ձայնագրությունների հսկայական քանակ, որոնք աչալուրջ կերպով չփաստագրվելու դեպքում կհայտնվեն անհետանալու կամ անվավեր ճանաչվելու վտանգի ներքո: Պատերազմի միջով անցած հասարակությունների կողմից էապես առաջնային է ապահովել այդ նյութերի անվտանգ պահպանումը սերունդների և հետագա օգտագործման համար, ինչը կնպաստի հասկանալուն, թե ինչ է տեղի ունեցել, անհրաժեշտության դեպքում `ուսումնասիրելով միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային օրենսդրության հնարավոր խախտումների անհատական դեպքերը, անհայտ կորածների նույնականացումը և նրանց ճակատագրի պարզաբանումը, և ի վերջո, կնպաստի համապատասխան պահին անցյալի հետ առերեսվելուն:
«Խաղաղության երկխոսություն» հկ-ն «Լեռնային Ղարաբաղ. փաստագրելով պատերազմի մարդկային գինը» ծրագրի շրջանակներում swisspeace կազմակերպության մասնագետների ներգրավմամբ իրականացնում է պատերազմի իրադարձությունները պարզաբանող նյութերի հավաքագրում՝ հիմնվելով «Հաշտեցման ռեսուրսներ» հկ-ի հետ համագործակցությամբ մշակված մեթոդաբանության վրա:
2021 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընթացող ծրագրի փորձնական փուլն ամփոփում է 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում ռազմական գործողությունների իրականացման և ազդեցության վերաբերյալ փաստագրումը: Փաստագրված նյութերում արձանագրված են միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային օրենսդրության խախտումների դեպքերը նկարագրող տեսագրությունները, որոնք լայնորեն տարածում են գտել զանազան բաց աղբյուրներում, կամ որոնք ուղղակիորեն տրամադրվել են «Խաղաղության երկխոսություն» հկ-ին կամ գործընկեր կազմակերպություններին: