© 2021. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ
2021 թվականի մայիսի 20-ին ՀՀ կառավարության նիստին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եռակողմ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև, և ձեռք են բերվել նախնական համաձայնություններ մի շարք լուծումների վերաբերյալ, որոնք, ըստ Փաշինյանի, «100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին»:
2020 թվականի արցախյան պատերազմից և, մասնավորապես, նոյեմբերի 9-ից ի վեր Նիկոլ Փաշինյանը և նրա կողմից ղեկավարվող «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունը չեն վայելում հանրային այն վստահությունը, որը ձեռք էին բերել 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Այն, որ ընտրություններից ընդամենը 2.5 տարի հետո երկիրը անցնում է քաղաքական ցնցումների միջով և հարկադրված է նախաձեռնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դրա վկայությունն է:
Հետպատերազմյան շրջանում հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների և անվտանգային խնդիրների լուծման վերաբերյալ ՀՀ կառավարության և պետական այլ մարմինների կողմից հանրությանը չի տրամադրվել ճշգրիտ տեղեկատվություն՝ հանգեցնելով ապատեղեկատվության և կեղծ լուրերի տարածմանը, ինչն առավել խոցելի է դարձրել հանրությանը և արդարացիորեն խորացրել անվստահությունը պետական հաստատությունների և իշխող քաղաքական ուժի նկատմամբ:
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որևէ լեգիտիմություն չունի արտահերթ ընտրություններից մեկ ամիս առաջ, առանց քաղաքական խորհրդակցությունների, բանակցել արտաքին ուժերի հետ։ Ժամանակավոր կառավարության և արդեն իսկ կազմալուծված Ազգային ժողովի պայմաններում, Փաշինյանը չի կարող ընդունել Հայաստանի Հանրապետության համար ճակատագրական որոշումներ և միանձնյա գնահատել դրանց համապատասխանությունը Հայաստանի շահերին` դրանք անվանելով «հայտարարություն» և դրանով հանդերձ խուսափելով միջազգային պայմանագրերին միանալու համար սահմանված պատշաճ իրավական գործընթացից:
Ընդ որում, հարկ ենք համարում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Ն.Փաշինյանին հիշեցնել, որ ըստ ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի՝ ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեի միջոցով: Եթե տարածքային զիջումները կամ որևէ այլ պայմանավորվածություններն իրականացվում են հարկադրաբար, ապա նաև տեղեկացնում ենք, որ ՀՀ կողմից վավերացված Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 51-52-րդ հոդվածների համաձայն պետության ներկայացուցչին հարկադրելու և ուժի կամ այն կիրառելու սպառնալիքի միջոցով պետությանը հարկադրելու եղանակով ձեռքբերված պայմանավորվածությունները համարվում են առոչինչ:
Ելնելով վերոնշյալից, մենք՝ ներքոստորագրյալներս պահանջում ենք, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱՆՀԱՊԱՂ՝
Հանրությանը հասանելի դարձնել բանակցվող փաստաթղթի ամբողջական նախագիծը.
Ներկայացնել, թե`
- ինչպիսի արդյունքների է հանգել Ադրբեջանի զինված ստորաբաժանումների Հայաստան ներխուժման խնդիրը ՀԱՊԿ-ի առջև հարցը բարձրացնելուց հետո, և ինչ քայլեր են ձեռնարկվում վերջինիս կողմից.
- ինչ քայլեր են արվել առհասարակ արցախյան պատերազմից հետո ծագած, այդ թվում՝ գերեվարված անձանց արձակման հարցերը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ներկայացնելու առումով.
- ինչ քայլեր են մինչ օրս արվել քաղաքական ու ռազմական գործընկերների դիվերսիֆիկացումն ապահովելու ուղղությամբ և ինչ ընթացք է տրվել Հայաստանի շահերին սատարող մի քանի երկրների կողմից հնչեցված քաղաքական ու ռազմական աջակցության առաջարկներին.
- ինչ քայլեր են արվում երաշխավորելու համար առաջին հերթին սահմանամերձ շրջանների բնակիչների անվտանգությունն ու իրավունքները, ինչպես նաև ՀՀ և նրա քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար:
Հայաստանի Հանրապետությունում արտաքին քաղաքականության գաղտնի գործընթացները բազմիցս են մարտահրավերներ ստեղծել մեր պետության համար: Այս արատավոր պրակտիկային պետք է վերջ տրվի, և հետայսու որևէ կառավարություն և քաղաքական ուժ չպետք է շրջանցի ժողովրդին և ընդունի պետության համար ճակատագրական և անդառնալի որոշումներ՝ նեղ անձնական կամ խմբակային շահերից ելնելով:
Ինչ վերաբերում է սահմանազատմանն ու սահմանանշմանը, այն կարող է իրավական համարվել միմիայն ՄԱԿ-ի և ԵԱՀԿ ներկայացուցիչների ներգրավմամբ՝ միջազգային իրավունքի նորմերով ամրագրված իրավական գործընթացների շրջանակներում։
- Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
- «Երեւանի մամուլի ակումբ» ՀԿ
- «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
- Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
- «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
- Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
- Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ - Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն ՀԿ
- Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ
- Հանրային լրագրության ակումբ
- Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
- Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ
- Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ
- Մարդու իրավունքների տուն Երևան ՀԿ
- Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
- «Փինք» իրավապաշտպան ՀԿ
- «Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ
- «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
- British-Armenian Human Rights Association