© 2020. ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ: ՀԵՂԻՆԱԿ՝ ՄԱՐԻԱՆՆԱ ԽԱԺԱԿՅԱՆ
«Խաղաղության երկխոսություն» հկ-ն (ԽԵ) իր գործընկերներ «Une Terre Culturelle» ասոցացիայի և «Ֆրանկոգերմանական Երիտասարդական գրասենյակի» հետ համագործակցությամբ 2020թ․ հուլիսի 21-24-ին ԽԵ-ի գրասենյակում իրականացրեց «Լրագրությունն առանց սահմանների» միջմշակութային փոխանակման ծրագիրը, որի նպատակն էր հայ, ֆրանսիացի և գերմանացի երիտասարդներին ծանոթացնել լրագրության պատմությանը և նպաստել նրանց ակտիվ մասնակցությանը համայնքի հասարակական կյանքում՝ ժողովրդավարական գործիքների կիրառմամբ կարողությունների զարգացման միջոցով։
Մասնակիցները եռօրյա միջոցառման գործողություններում ներգրավված էին երկու զուգահեռ ձևաչափերով՝ աշխատելով ազգային թիմով և միառժամանակ առցանց կապ հաստատելով եռակողմ միջազգային թիմի հետ։
Փոխանակման ծրագրի ընթացքում մեդիադասընթացավար Մանե Պապյանի օժանդակությամբ երիտասարդները ծանոթացան լրագրության սկզբնավորման և զարգացման պատմությանը, խոսեցին թվային աշխարհում առկա բազմաբնույթ խնդիրների, այդ թվում՝ կեղծ լուրերի և քարոզչության վերաբերյալ, ինչպես նաև կատարեցին տեսա-լուսանկարահանում և այլ գործնական վարժություններ՝ հանդես գալով սկսնակ լրագրողի դերում։ Այնուհետև ազգային թիմերը միմյանց ներկայացրին կատարած աշխատանքները և փոխանակվեցին պատրաստած նյութերով ու դրանց շուրջ գաղափարներով։
Երիտասարդները նաև հնարավորություն ունեցան ծանոթանալու ծրագրի մասնակից անդամ երկրների մշակույթներին, խոհանոցին, ապա լեզվային և ճանաչողական խաղերի միջոցով սովորեցին արտահայտություններ օտար լեզուներով, միմյանց ներկայացրին իրենց նախասիրություններն ու բազմաբնույթ հետաքրքրիր փաստեր։
Միջոցառման ավարտին, որպես ծանոթության խորհրդանշական և իրեղեն առհավատչյա՝ մասնակիցները պատրաստեցին բացիկներ, որոնք փոստով ուղարկվեցին իրենց օտարերկրյա ընկերներին։