ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԶՈՒ-ՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Հունիսի 15, 2020
© 2020. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ
© 2020. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

2020թ. հունիսին «Խաղաղության երկխոսություն» հկ-ն (ԽԵ) սկսել է «Քաղաքացիական հասարակության ներուժի զարգացումը Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի (ՄԻՊԳԾ) շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) գործողությունների արդյունավետ մշտադիտարկման նպատակով» ծրագրի իրականացումը: Այս նախաձեռնությամբ կազմակերպությունը ձգտում է բարձրացնել քաղաքացիական հասարակության դերն ու նշանակությունը զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մշակվող պետական քաղաքականության եւ դրա իրագործման գործընթացներում:

Ծրագիրը բաղկացած է երեք հիմնական տարրերից.

  • մարդու իրավունքների պաշտպանության գործում քաղաքացիական հասարակության զանազան խմբերի ներգրավում
  • ՄԻՊ 2020-2022 թ. ԳԾ-ի շրջանակներում ՊՆ-ին առնչվող գործողությունների մշտադիտարկման գործիքակազմի կատարելագործում եւ պաշտպանական ոլորտի կարիքների քարտեզագրում
  • պաշտպանական ոլորտում մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ հանրային իրազեկում

Հիմնվելով մարդու իրավունքների ոլորտում ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման հրամայականով պայմանավորված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային նոր ռազմավարության առաջնահերթությունների վրա՝ ԽԵ-ի կողմից իրականացվող այս նախաձեռնության շրջանակներում, ի թիվս այլ գործողությունների՝ կուսումնասիրվի, թե որքանով են ՄԻՊԳԾ-ի շրջանակներում պաշտպանական ոլորտին առնչվող գործողությունները եւ դրանց իրականացումը համապատասխանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից Հայաստանի Հանրապետության դեմ կայացրած վճիռներում արձանագրված պահանջներին, որոնցում Դատարանը ճանաչել է Դիմողների՝ խոշտանգումներից զերծ մնալու եւ գործի արդյունավետ քննության իրավունքի խախտման փաստերը: Ծրագրի անձնակազմը նաեւ կփորձի ուսումնասիրել, թե որքանով են ՄԻՊԳԾ-ի գործողությունները նպաստում «Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի» (ԽԿԿ) կամ «Խոշտանգումների դեմ կոմիտեի» (ԽԴԿ)՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ տարբեր տարիների զեկույցներում նշված խնդիրների լուծմանը:

Բացի վերոնշյալից, «Քաղաքացիական հասարակության ներուժի զարգացումը Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության գործողությունների արդյունավետ մշտադիտարկման նպատակով» ծրագրի շրջանակներում նախատեսվում է պատրաստել եւ տարածել կյանքի եւ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքներին առնչվող հարցերի շուրջ տեղեկատվական հոլովակներ, որոնց միջոցով կազմակերպությունը նախետեսում է բարձրացնել զորակոչային տարիքի երիտասարդների իրազեկվածությունն այս իրավունքների վերաբերյալ:

Հարկ է նաեւ նշել, որ այս ծրագիրը սերտորեն փոխկապակցված է մայիս ամսից ԽԵ-ի կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության աջակցությունը զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության սահմանման գործում» նախագծի հետ, որը եւս ուղղված է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ժողովրդավարական վերահսկողությանը նպաստելուն։

Այն ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 30.000 ԱՄՆ Դոլար:

Open Society Foundations - Armenia
«Քաղաքացիական հասարակության ներուժի զարգացումը Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության գործողությունների արդյունավետ մշտադիտարկման նպատակով» նախագիծն իրականացվում է Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստանի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում: