© 2019. Լուսանկարը` «Խաղաղության երկխոսություն» հկ: Հեղինակ՝ Արթուր Մանուկյան
«ՀՀ Քննչական կոմիտեի նախաձեռնությամբ ստեղծված հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբում» «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ
Ի թիվս Հայաստանում գործող մի շարք այլ հեղինակավոր հասարակական կազմակերպությունների (այսուհետ՝ հկ), 2018թ.-ի նոյեմբերից «Խաղաղության երկխոսություն» հկ-ն (այսուհետ՝ ԽԵ) ներգրավվեց ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ՝ ՔԿ) նախաձեռնությամբ ստեղծված հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբում (այսուհետ՝ Խումբ): Այժմ խմբի կազմում ընդգրկված են թվով ութ հկ-ներ և մեկ հիմնադրամ:
Խումբը ստեղծվել է զինվորական ծառայության ընթացքում ոչ մարտական պայմաններում գրանցվածմահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով ուսումնասիրություն իրականացնելու՝ գործերի քննության ընթացքում տեղ գտած համակարգային թերությունները, բացթողումներն ու խնդիրներն ի հայտ բերելու և դրանք քննչական մարմնին ու հասարակությանը ներկայացնելու նպատակով:
ՔԿ-ի եւ Խմբի մասնակից հկ-ների պայմանավորվածության համաձայն՝առաջին փուլում ուսումնասիրվելու են կասեցված կամ կարճված քրեական գործերը:
Հավատարիմ մնալով Խմբի առաքելությանն ու նպատակներին` սույն հայտարարությամբ ԽԵ-ն հայտնում է Խմբի շրջանակներում իր գործունեությունը դադարեցնելու մասին` հետեւյալ հիմնավորմամբ.
-
Չնայած այն փաստին, որ Խմբի անդամ հանդիսացող հկ-ները ստորագրել են Խմբի գործունեության ընթացքում իրենց հայտնի դարձած նախաքննական գաղտնիք հանդիսացող նյութերի չհրապարակման վերաբերյալ փաստաթուղթ, ՔԿ-ի կողմից չեն տրամադրվում քրեական գործերի նյութերի պատճենները:
- ՔԿ-ն մերժել է ընտրված քրեական գործի` 2010թ. մարտի 14-ին Ստեփանակերտի «Հայկազով» զորամասում արձանագրված Վալերի Մուրադյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի նյութերի պատճենների տրամադրելու հետ կապված ԽԵ-ի խնդրանքն` առաջարկելով գործերին ծանոթանալ ՔԿ-ի քննիչների կողմից պատրաստված քրեական գործի վերաբերյալ կազմված համառոտ տեղեկանքի միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հնարավորություն ընձեռելով նյութերին ծանոթանալ ՔԿ-ի կողմից հատկացված տարածքում: Իբրեւ մերժման հիմնավորում` ՔԿ-ն վկայակոչել է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ եւ 80-րդ հոդվածները, որոնք, սակայն, սահմանում են տուժողի իրավունքները և պարտականությունները եւ տուժողի իրավահաջորդի կարգավիճակը, մեր կարծիքով ուղղակիորեն չեն առնչվում խնդրի առարկայի հետ եւ նյութերի պատճենները տրամադրելու հետ կապված խնդրանքը մերժելու համար հիմնավորում չեն հանդիսանում:
- Գտնում ենք, որ քրեական գործերի նախաքննական փուլում տեղի ունեցած պաշտոնեական անգործության, չարաշահումների, ապօրինությունների եւ բացթողումների վերաբերյալ ամբողջական պատկեր հնարավոր չէ ստանալ քրեական գործերը որոշ դեպքերում անհիմն կերպով կասեցրած կամ կարճած քննիչների կողմից պատրաստված տեղեկանքներն ուսումնասիրելով:Իսկ այն փաստը, որ կազմակերպությունը գործում է Վանաձորում, հավելյալ տեխնիկական խնդիրներ է առաջացնում ԽԵ-ի համար` քրեական գործերի նյութերին ՔԿ-ի կողմից հատկացված վայրում (Երեւանում) ծանոթանալու հնարավորությունից օգտվելու հարցում:
- Որպես վերը շարադրվածին այլընտրանք` 2019թ.-ի մարտին ՔԿ-ն առաջարկեց քրեական գործերի նյութերին ծանոթանալու մեկ այլ մեխանիզմ, ըստ որի Խմբի անդամ հկ-ները պետք է քրեական վարույթների շրջանակում ներգրավված տուժողի իրավահաջորդների (մահացած զինծառայողների ազգականների) կողմից պաշտոնապես ճանաչվեն որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ:
Այս պարագայում Խմբի անդամ հանդիսացող հկ-ներն առանց խոչընդոտի կկարողանային ծանոթանալ գործերի հետ, սակայն այս մոտեցումը կասկածի տակ է դնում Խմբի գոյության անհրաժեշտությունը, քանի որ նման «հնարավորությունից» կարող է օգտվել հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբում չներգրավված ցանկացած իրավապաշտպան կազմակերպություն: Ըստ էության՝ գոյություն չունի որեւէ իրավական խոչընդոտ, որը կարող է արգելք հանդիսանալ այս Խմբում չներգրավված, սակայն քրեական գործերի շրջանակում որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ ճանաչված իրավապաշտպանների կողմից իրենց կատարած ուսումնասիրությունների եւ վերլուծությունների հիման վրա սեփական դիքորոշումները ներկայացնել գործերի քննության ընթացքում տեղ գտած թերությունների ու խախտումների վերաբերյալ, ինչպես նաև հանդես գալ իրենց կողմից մշակված իրավական բարեփոխումների վերաբերյալ առաջարկներով: Ավելին, անկախ վերոնշյալ Խմբում ներգրավված լինելու փաստից, թե՛ ՔԿ-ն եւ թե՛ ցանկացած այլ քննություն իրականացնող մարմին պարտավոր են ընթացք տալ եւ վարույթ սկսել հկ-ների, իրավապաշտպանների կամ ցանկացած քաղաքացու կողմից բարձրաձայնված հանցագործությունների մասին հայտարարությունների առթիվ եւ քայլեր ձեռնարկել դրանցում մատնանշված իրավական խնդիրների լուծման ուղղությամբ:
-
ՔԿ-ն որեւէ քայլ չի ձեռնարկել զինծառայող Գրիգոր Հերմոնի Ավետիսյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի ուսումնասիրության արդյունքում մեր կազմակերպության կողմից վերհանված մի շարք ապօրինությունների, բացթողումների, կեղծիքների ու պաշտոնեական անգործության դեպքերի հայտնաբերման եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
- Չնայած այն փաստին, որ Խմբի շրջանակներում ԽԵ-ն պետք է իրականացներ Վալերի Մուրադյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի ուսումնասիրությունը, ի պատասխան ՔԿ-ի նախագահի տեղակալ Արտակ Կրկյաշարյանի հայտարարության, առ այն, որ ՔԿ-ն բաց է մոնիթորիգի խմբի անդամ ՀԿ-ների կողմից զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված քրեական գործերի ուսումնասիրության ընթացքում վերհանված խնդիրների ուղղությամբ տրամադրվող տեղեկատվության համար, 2019 թ.-ի մայիսի 8-ին մեր կազմակերպությունը ՔԿ-ին է ուղարկել տեղեկանք` 2016թ.-ի ապրիլի 6-ին գրանցված զինծառայող Գրիգոր Հերմոնի Ավետիսյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի քննության վերաբերյալ մեր կողմից վերհանված բազմաթիվ բացթողումների եւ թերությունների մասին:
Հատկանշական է, որ ուղարկված գործի ընտրությունը պատահական չէր, քանի որ Գրիգոր Ավետիսյանի մահվան պատճառ հանդիսացող նույն միջադեպի հետեւանքով միեւնույն վայրում, միեւնույն ժամանակ մահացել էր նրա ծառայակից Սուրեն Արթուրի Արամյանը: 2018թ.-ին այս կրկնակի սպանության գործերն արհեստականորեն տարանջատվել էին քննչական մարմնի կողմից, իսկ Սուրեն Արամյանի սպանության անջատված մասով գործը նախաքննական մարմինը կասեցրել էր այն հիմքով, որ մարդասպանին հայտնաբերելու նպատակով բոլոր քննչական գործողությունները եղել են անարդյունք։ Հարկ է նշել նաեւ, որ Սուրեն Արամյանի մահվան փաստով հարուցված քրեական գործը հանդիսանում է Խմբի կողմից ուսումնասիրության առնված գործերից մեկը:
- Հաշվի առնելով այն փաստը, որ ուղարկվող տեղեկանքն, ըստ էության, հանդիսանում էր Խմբի ձեւավորումից հետո ուղարկվող առաջին գործը, տեղեկանքի հետ ուղարկված նամակում խնդրել էինք «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով տեղեկություն տրամադրել կազմակերպությանը, թե ի՞նչ կոնկրետ գործողություններ են իրականացվել կամ իրականացվելու ՔԿ-ի կողմից տեղեկանքում մատնանշված բացթողումները շտկելու եւ թերությունները վերացնելու ուղղությամբ: Դա անելու փոխարեն, սակայն, ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրված 27 էջից բաղկացած տեղեկանքին ի պատասխան 2019 թ.-ի հունիսի 5-ին ստացված պատասխան գրությամբ զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Գ. Մայիլյանն ընդամենը հայտնել է, որ տեղեկանք-գրությունն ուսումնասիրվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում եւ ուղարկվել ՔԿ` աշխատանքային խմբում հերթական քննարկումներ կազմակերպելու համար:
- Խմբում ներգրավվելիս ակնկալել ենք, որ Խմբի գործունեության արդյունքում գործնական քայլեր են ձեռնարկվելու վերհանված թերացումները վերացնելու, մեղավորներին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Գրիգոր Ավետիսյանի գործի վերաբերյալ ուղարկված տեղեկանքը հաղորդում է մի շարք հանցագործությունների մասին, ուստի տեղեկանքում պարունակվող այդ հատվածները քննչական մարմինը պետք է դիտարկեր հանցագործության մասին հաղորդումների վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգավորումների լույսի ներքո, այն է` պարտավոր էր վարույթ կամ վարույթներ նախաձեռնել տեղեկանքում տեղ գտած նյութերի հիման վրա, այլ ոչ թե ուղարկեր այն աշխատանքային խմբում հերթական քննարկումներ կազմակերպելու համար, որն, ի դեպ,հայտնի չէ, թե երբ կկայանա: Ակնհայտ է, որ ՔԿ-ի կողմից գործնական քայլերը ենթադրում են կոնկրետ դրվագներով քրեական վարույթների նախաձեռնում եւ իրականացում քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության, ռազմական ոստիկանության, զինվորական դատախազության քննիչների եւ դատախազների`այսինքն սեփական գործընկերների նկատմամբ, ինչն անկասկած պահանջում է բացառիկ քաղաքական կամքի դրսեւորում եւ ինչը, կարծես թե, դեռ չի ձեւավորվել քննչական մարմիններում՝անգամ հեղափոխությունից հետո:
-
Շուրջ ութ ամիսների ընթացքում Խմբի գործունեությունը չի նպաստել զինված ուժերում ոչ մարտական պայմաններում տեղի ունեցած մահվան դեպքերի բացահայտմանն ու ավելի է խորացրել քննչական մարմինների գործունեության նկատմամբ տուժողների իրավահաջորդների անվստահությունը:
- Դեռեւս 2019 թ.-ի սկզբին, երբ մի շարք լրատվամիջոցներ սկսեցին խոսել ՔԿ-ի նախաձեռնությամբ ստեղծված Խմբի մասին, զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահացած մի շարք զինծառայողների հարազատներ իրենց մտահոգությունը հայտնեցին խմբի արդյունավետության եւ, առհասարակ, դրա գոյության անհրաժեշտության կապակցությամբ: Մեծ առումով, Հայաստանի դատաիրավական համակարգի, քննչական մարմինների նկատմամբ տարիներ շարունակ ձեւավորված եւ ամրապնդված անվստահության պարագայում, շատերն այս խումբը դիտարկում էին որպես իմիտացիոն գործընթաց, որն ի զորու չէ նպաստել իրենց հարազատների մահվան իրական պատճառները բացահայտելու եւ իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործին: Բացի վերոնշյալից, զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահացած մի շարք զինծառայողների հարազատների հավաստմամբ, մինչ այժմ Խմբի աշխատանքները ոչ միայն չեն նպաստել իրենց հարազատների մահվան իրական պատճառների բացահայտմանը, այլեւ սահմանափակել են պետական պաշտոնյաներին իրենց մտահոգություններն ու պահանջները հասցնելու հնարավորությունները, քանի որ պաշտոնյաները դրանց ի պատասխան միայն պնդում են, որ տուժողների իրավահաջորդների կողմից բարձրացվող խնդիրների լուծման ուղղությամբ աշխատում է ՀՀ ՔԿ-ի նախաձեռնությամբ ստեղծված հասարակական մոնիթորինգի աշխատանքային խումբը, ինչը, սակայն,վերը նշված խնդիրների չլուծվածության պարագայում, գրեթե չի համապատասխանում իրականությանը:
Ելնելով վերոնշյալից՝ արձանագրում ենք, որ զինվորական ծառայության ընթացքում ոչ մարտական պայմաններում տեղի ունեցած մահվան դեպքերի փաստերով հարուցված քրեական գործերով ուսումնասիրություն իրականացնող հասարակական մոնիթորինգի խմբի արդյունավետ աշխատանքն անհնար կլինի, քանի դեռ`
ա. Գոյություն չունի իրավականորեն հիմնավորված մոտեցումներ եւ մեխանիզմներ Խմբում ներառված կազմակերպությունների կողմից քրեական գործերի նյութերին ծանոթանալու համար,
բ. Քննչական մարմինները չեն ձերբազատվել տասնամյակներով ձեւավորված արատավոր սովորություններից ու պրակտիկաներից։
Երկար տարիների ընթացքում կոռուպցիոն շղթաներով միմյանց հետ փոխկապակցված քննչական մարմիններում չի կարող ձեւավորվել քաղաքական կամք այն գործերիբացահայտման համար, որոնց բացահայտումը կհակասի «կոռուպցիոն էթիկայի սկզբունքներին»: Ուստի, հավատացած ենք, որ վերջերս Հայատանի Հանրապետությունում մեկնարկած դատական համակարգի մաքրման գործընթացներին զուգահեռ անհրաժեշտ է սկսել քննչական մարմինների առողջացմանն ուղղված գործընթաց, որի արդյունքում միայն կվերականգվի եւ կամրապնդվի հանրային վստահությունը` զինված ուժերում ոչ մարտական պայմաններում տեղի ունեցած մահվան դեպքերի կապակցությամբ քրեական վարույթ իրականացնող քննչական մարմինների գործունեության նկատմամբ:
Հայտարարում ենք, որ մեր կազմակերպությունը կշարունակի զինվորական ծառայության ընթացքում ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների հարազատների իրավունքների պաշտպանությանն ուղղված իր գործունեությունն՝ օգտագործելով այլ հարթակներ եւ օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցներ, քանի որ իրավականորեն հիմնավորված մոտեցումների եւ մեխանիզմների բացակայությունն ու համակարգի՝ կոռուպցիայից ձերբազատված չլինելը խոչընդոտում, խաթարում են Խմբի շրջանակներում մեր կազմակերպության առաքելությամբ պայմանավորված գործունեության արդյունավետ իրականացումը:
«Խաղաղության երկխոսություն»
հասարակական կազմակերպություն
10/06/2019