ԴՈԿՏՈՐ ԱՆԴՐԵԱ ԶԵՄՍԿՈՎ-ԶՅՈՒԳԵ (ԲԵՌԼԻՆ, ԳԵՐՄԱՆԻԱ)
© 2018 թ. ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` ԷԴԳԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ (ՀԱՅԱՍՏԱՆ)
Ըստ պաշտոնական տվյալների, 1944 թ. ստալինյան ռեժիմի կողմից ավելի քան 496 հազար մարդ բռնի կերպով արտաքսվել է Չեչնիայից եւ Ինգուշեթիայից: Պաշտոնական փաստաթղթերը հաստատում են, որ 411 հազար մարդ ուղարկվել է Ղազախստան, 86 հազար՝ Ղրղզստան: Այլ տեղեկությունների համաձայն այդ թվերն առավել մեծ են՝ ավելի քան 650 հազար: Չեչեն պատմաբանները հավաստում են, որ արտաքսման ժամանակ մահացել է մոտ 400 հազար մարդ:
«Մարդկանց տեղավորում էին կենդանիների վագոններում, որոնք կարելի էր կանգնեցնել ընթացքում միայն կարիքները հոգալու նպատակով,-նշում է Հավա Մահմուդովան՝ հիշելով մոր պատմած պատմությունները դեպի Ղազախստան իր ընտանիքի արտաքսման մասին,- Կանգառների ժամանակ զինվորականները պահանջում էին դուրս հանել մահացածների մարմինները: Մարդիկ թաքցնում էին դրանք, որպեսզի կարողանային հուղարկավորել՝ ըստ չեչենական ավանդույթի: Այնուամենայնիվ, շատ մարմիններ նետվեցին դաշտեր»:
Հավան Չեչնիայի եվ Ինգուշեթիայի քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների հետ միասին մասնակցում էր «Երկխոսություն պատմության եւ հիշողությունների միջեւ» դասընթացին, որը տեղի ունեցավ Թբիլիսիում 2018թ. մայիսի 16-21-ը՝ «ԱՐԵՆԱ. Համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» նախագծի շրջանակներում:
«ԱՐԵՆԱ»-ի միջազգային ցանցի Չեչնիայի անդամներն առաջարկեցին նշված միջոցառման կազմակերպումը՝ որպես իրենց ռազմավարական պլանի մաս: Գրոզնիի «ՍԻՆՏԵՄ» ՀԿ-ն մշակել է այս ռազմավարությունը 2017 թ. «ԱՐԵՆԱ» նախագծի կողմից «Խաղաղության եւ հակամարտությունների լուծման ավստրիական ուսումնասիրությունների կենտրոնում» (ASPR)՝ ավստրիական Շտադտշլայնինգում կազմակերպված Ստեղծագործ ռազմավարացման ամառային դպրոցի շրջանակներում։
Ջանալով հասկանալ պատմական հիշատակման դերը անհատի ձեւավորման գործընթացում՝ ժամանակակից շատ ուսումնասիրություններ անդրադառնում են կոլեկտիվ հիշողության`որպես անձնական հիշողությունների եւ պաշտոնական պատմության միջեւ կապող տարրի դերի վրա: Դրա գործառույթներից մեկը ներկայիս սերնդին անցյալից բխող «պարտավորությունների» մասին տեղեկացնելն է:
Այսպիսով, Չեչնիայի խմբի ռազմավարությունը նպատակաուղղված էր կոլեկտիվ հիշողության կազմավորման գործընթացի նկատմամբ իրենց մոտեցման քննադատական վերանայման, այլ երկրներից իրենց հասակակիցների հետ պատմության եւ անցյալի կոլեկտիվ հիշողության վերաբերյալ երկխոսություն ստեղծելու, պատմությունների բազմազանության ընդունման երիտասարդների կարողությունների զարգացմանն ու տեղական խաղաղարարական նախաձեռնություններում երիտասարդների ներգրավմանը:
Դասընթացի ծրագրման ընթացքում «ՍԻՆՏԵՄ»-ի կազմակերպիչները որոշեցին մասնակցության համար հրավիրել տարբեր տարիքային խմբերի եւ տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների՝ ուսանողների, պատմության ուսուցիչների, ՀԿ-ների ներկայացուցիչների, եւ այլոց: Ընդհանուր առմամբ, սեմինարի մասնակիցները 28-ն էին՝ Չեչնիայից, Ինգուշեթիայից, ինչպես նաեւ՝ «ԱՐԵՆԱ»-ի ցանցի Ուկրաինան, Ռուսաստանը, Վրաստանը, Ադրբեջանը եւ Հայաստանը ներկայացնող, թեմայով հետաքրքրված անդամներ:
Գերմանացի դասընթացավարներ Անդրեա Զեմսկով-Զյուգեի եւ Մարինա Գրասսեի ղեկավարությամբ յոթնօրյա միջոցառման ընթացքում մասնակիցները ձեռք բերեցին գիտելիքներ պատմական զարգացումների, հոգեբանական տրավմաների եւ բռնի հակամարտությունների դինամիկայի միջեւ կապերի վերաբերյալ: Նրանք սովորեցին ունկնդրել տարբեր կարծիքներ պատմական իրողությունների վերաբերյալ եւ անդրադարձան այն ձեւերին եւ մեխանիզմներին, որոնցով անցյալի հիշողությունները փոխանցվում են մի սերնդից մյուսին:
Հնագույն ժամանակներից ի վեր հուշարձանների եւ հուշակոթողների միջոցով հասարակությունները պահպանում են կոլեկտիվ հիշողությունները: Հուշարձանները հաճախ հանդիսանում են միասնական ճարտարապետական լեզվի եւ որոշակի էթիկական եւ քաղաքական պահանջների կրողը: Հուշարձանների եւ հուշակոթողների ասելիքը մասնակիցների համար ավելի ակնառու դարձնելու նպատակով կազմակերպիչները նաեւ նախաձեռնեցին զբոսավարի ուղեկցությամբ էքսկուրսիա Թբիլիսիի հուշարձաններով:
«Հնարավոր է նախաձեռնել երկխոսություն կոլեկտիվ հիշողությունների շուրջ անգամ այն պայմաններում, երբ կոնֆլիկտի բոլոր կողմերը բաժանվում են, աշխարհն ասես բաժանվում է «սեւերի»եւ «սպիտակների», «մեր»-իեւ «իրենց»-ի,- ասաց դասընթացվարներ, դոկտոր Անդրեա Զեմսկով-Զյուգեն, – «Այնուամենայնիվ, այս թեմաներով երկխոսություն սկսելու հիմնական նախապայմանը տարբեր հիշողությունների քննարկման համար ապահով մթնոլորտի եւ հավասար պայմանների ստեղծումն է: Մասնակիցները պետք է փորձեն մի կողմ դնել իրենց դատողություններն ու սովորեն իսկապես լսել միմյանց»:
Դասընթացում նորարարական էր հանգամանքը, որ այն համատեղում էր հիշողությունների հետ աշխատանքը մեկ այլ մեթոդոլոգիայի հետ, որը կոչվում է փաստագրական թատրոն: Սա թատրոնի ուղղություն է, որում գոյություն ունեցող փաստագրական նյութերը (ինչպես, օրինակ, լրագրեր, զեկույցներ եւ հարցազրույցներ) կիրառվում են որպես իրական իրադարձությունների ու մարդկանց մասին պատմությունների հիմք:
Սանկտ Պետերբուրգից «ԱՐԵՆԱ»-ի ցանցի երկու ներկայացուցիչներ՝ Նատաշա Բորենկոն եւ Մարիա Կոլոսովան, ներգրավված էին որպես փաստագրական թատրոնի դասընթացավարներ: Կազմակերպիչների պնդմամբ, թատրոնը եւ արվեստի այլ դրսեւորումները կարող են ավելի լայն հասարակության համար լսելի դարձնել պատմական իրադարձությունների հիշողությունների ձայնը:
© 2018. Դասընթացն իրականացվել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության «ԱՐԵՆԱ. համայնքային թատրոն և հանրային արվեստ» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի գերմանական գործընկերն է՝ «Օվեն» հկ-ն (OWEN – Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e.V.):
Ծրագրի գործընկերը Ռուսաստանի Չեչնիայի Հանրապետությունում՝ «ՍԻՆՏԵՄ» ՀԿ:
«ԱՐԵՆԱ. համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik” ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով: