ԲԱՆԱԿԸ ՆՈՐԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՀԱՆՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԻ

Օգոստոսի 12, 2016
Based on the aforementioned, no answer can be given to any of the questions requested by the organization and no legal acts can be provided that justify the actions of Ministry of Defense.”

2016թ.-ի հուլիսի 25-ին «armtimes.com» կայքում հրապարակվեց «Ոստիկանության, ԱԱԾ եւ ՊՆ հատուկ տեխնիկան. «ИМР»-ները գնդի տարածքում են» վերնագրով հոդվածը, որտեղ նշված է, որ ՊՆ պետհամարանիշներով մեքենաները ռազմական տեխնիկա են բերում ՊՊԾ գնդի տարածք։ Լրագրողի հարցին ի պատասխան `ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, որ գոյություն ունեն որոշակի հատուկ նշանակության ռազմական տեխնիկական միջոցներ, որոնք բոլոր ուժային գերատեսչությունների) համար հանդիսանում են ընդհանուր կիրառության միջոցներ: Այս փաստի առթիվ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը հարցում էր ուղարկել ՊՆ՝ մի շարք տեղեկություններ հայցելով։

Մասնավորապես՝

  • ՊՆ-ի ենթակայության տակ գտնվող հատուկ նշանակության ռազմական այն տեխնիկական միջոցների ցանկը, որոնք բոլոր ուժային գերատեսչությունների համար հանդիսանում են ընդհանուր կիրառության միջոցներ,
  • Նշել, թե ո՞ր իրավական ակտով է կարգավորվում այդ որոշակի հատուկ նշանակության ռազմական տեխնիկայի կիրառությունը բոլոր ուժային գերատեսչությունների կողմից եւ խնդրել էր տրամադրել այդ իրավական ակտի պատճեն,
  • Այսպես կոչված «բոլոր ուժային գերատեսչությունների» կողմից ընդհանուր կիրառության համար նախատեսված տեխնիկայի` դեպի ՊՊԾ տարածք տեղաշարժը ի՞նչ իրավական ակտի հիման վրա է իրականացվել:
  • Տեխնիկայի նման տեղաշարժի անհրաժեշտության այլ դեպքերում , ո՞ր պետական գերատեսչությունն է լիազորված որոշում կայացնել եւ հրաման արձակել նման ընդհանուր օգտագործման տեխնիկայի տեղաշարժի վերաբերյալ:

Վերջում «Խաղաղության երկխոսությունը» նշել էր, որ, եթե հայցվող տեղեկատվության մեջ պարունակվում են օրենքով սահմանված գաղտնի տեղեկություններ, ապա խնդրում ենք տրամադրել այն տեղեկությունները, որոնց տրամադրումն օրենքով սահմանափակված չէ:

Կազմակերպության հարցմանն ի պատասխան, օգոստոսի 11-ին ստացված գրությունում ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավարը նշում է. «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ եւ 12-րդ հոդվածների, ինչպես նաեւ ՀՀ Կառավարության՝ 1998 թ.-ի մարտի 13-ի թիվ 173 և 1998 թ.-ի հոկտեմբերի 29-ի թիվ 665 որոշումների համաձայն, կազմակերպության կողմից հայցվող բոլոր հարցերի պատասխանները եւ պահանջվող իրավական ակտերը պարունակում են պետական և ծառայողական գաղտնիք։ Վերոնշյալի  հիման վրա, կազմակերպության կողմից բարձրացված հարցերից որեւէ մեկին չեն կարող տրվել պատասխաններ եւ չեն կարող տրամադրվել նախարարության գործողությունները հիմնավորող իրավական ակտեր։

ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականության համաձայն՝ Հայաստանում արդեն վաղուց օրենքով է ամրագրված այն, որ լեգիտիմության խիստ կասկածելի հիմք ունեցող կառավարությունը ցանկացած քայլի (այդ թվում՝ բանակցություններ վարել ժողովրդի համար ճակատագրական այս կամ այն հարցի շուրջ, բյուջեի միջոցները փոշիացնել կամ բանակն օգտագործել խաղաղ ցուցարարների դեմ) կարող է գնալ առանց ժողովրդին հաշվետու լինելու՝ տեղեկատվության ցանկացած օրինական պահանջ մերժելով գաղտնիությունն ու անվտանգությունը վկայակոչելով։