ԴԱԴԱՐԵՑՐԵ՛Ք ՎԱԼԵՆՏԻՆԱ ՉԵՐԵւԱՏԵՆԿՈՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ

Մայիսի 25, 2016
Valentina Cherevatenko

Որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, խորապես անհանգստացած ենք Վալենտինա Չերեւատենկոյի՝ ՌԴ-ում գործող ամենահայտնի հասարակական գործիչներից մեկի, նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու ռուսական իշխանությունների փորձերից։

Մեզ հայտնի դարձավ, որ Վ. Չերեւատենկոյին մի քանի անգամ կանչել են քննիչները, որ նրա հանդեպ կարող է քրեական գործ հարուցվել «արտասահմանյան գործակալների մասին» ՌԴ օրենքի համաձայն։ Քրեական գործի հարուցումը կապված է «Դոնի կանանց միություն» տարածաշրջանային հասարակական իրավապաշտպանական կազմակերպությունը եւ «Դոնի կանայք» քաղաքացիական հասարակության զարգացմանն աջակցող հիմնադրամը արտասահմանյան գործակալի գործառույթներ իրականացնող կազմակերպությունների ռուսական ռեեստրում կամավոր գրանցելը մերժելու հետ։ Պետք է նշել, որ այս որոշումը միասնական է եղել, ինչպես նաեւ, որ երկու կազմակերպություններն էլ փորձում են ապացուցել ռեեստրում գրանցելու անօրինականությունն՝ օգտվելով ՌԴ օրենսդրության նորմերից։ Վերջինիս համաձայն՝ որեւէ կազմակերպություն հիշյալ ռեեստրում գրանցելու որոշումը կարող է վիճարկվել դատական կարգով։

«Դոնի կանանց միությունը» ռուսական ամենահարգելի եւ հեղինակավոր կազմակերպություններից մեկն է, որը 20 տարուց ավելի զբաղվում է խաղաղասիրությամբ եւ մարդու իրավունքների պաշտպանությամբ։ «Դոնի կանայք» հիմնադրամը ստեղծվել է միությանը, բացի Ռոստովի շրջանից, այլ շրջաններում գործունեություն ծավալելու անօրինականության մասին զգուշացում տալուց հետո։

Արտասահմանյան գործակալների մասին օրենքն ընդունվել է 2012թ.-ին, ինչից հետո քրեական օրենսգիրքում ավելացավ 330.1 կետը՝ «…արտասահմանյան գործակալի գործառույթներ իրականացնող շահույթ չհետապնդող կազմակերպությունների մասին ՌԴ օրենքներով սահմանված պարտականություններից դիտավորյալ խուսափելը»։ Հոդվածը խիստ պատիժներ է նախատեսում՝ մեծ տուգանքներից մինչեւ կազմակերպության ղեկավարին երկու տարով ազատազրկելը։ Այսօր մի շարք ճանաչված կազմակերպություններ գերադասել են ինքնալուծարվել, մի քանիսը սնանկության եզրին են արտասահմանյան գործակալ ճանաչվելուց հրաժարվելու պատճառով պարտադրված մեծ տուգանքների պատճառով, հարյուրավոր այլ կազմակերպությունների աշխատանքը խաթարված է ամբողջ Ռուսաստանում։

Տագնապով հայտարարում ենք, որ հիշյալ օրենքը Ռուսաստանում քաղաքացիական գործընթացները խեղդելու գործիք է։ Կարծում ենք, որ ընտրողաբար օգտագործվում է իշխանության կողմից քաղհասարակության այն ներկայացուցիչների դեմ, ովքեր ՌԴ-ում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ցավոտ հարցեր են բարձրացնում եւ կարող են համախմբել հասարակությանը՝ հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու քաղաքականության դեմ։

Հայտարարում ենք, որ Վալենտինա Չերեւատենկոյի դեմ քրեական գործ հարուցելու փորձը վտանգավոր նախադեպ է, ինչը անկախ քաղհասարակության դեմ գրոհը նոր մակարդակի է տանում։

Ելնելով վերը շարադրվածից՝ ռուսական իշխանությունների ուշադրությունն ենք հրավիրում արտասահմանյան գործակալների մասին օրենքը խախտելու պատրվակով Վալենտինա Չերեւատենկոյի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու փորձերի, ինչպես նաեւ նրա, «Դոնի կանանց միության» եւ «Դոնի կանայք» հիմնադրամի այլ անդամների վրա ճնշումների դադարեցման անհրաժեշտության վրա։

Կոչ ենք անում միջազգային հաստատությունների մարդու իրավունքների գծով ներկայացուցիչներին համապատասխան քաղաքական գնահատական տալ քաղհասարակության ներկայացուցիչների նկատմամբ ռուսական իշխանությունների գործողություններին, միջոցներ ձեռք առնել իրենց ռուս գործընկերներին «հիշեցնելու» համար այն մասին, որ պարտավոր են բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի իրավապաշտպանները կարողանան առանց ոտնձգությունների ենթարկվելու եւ վրիժառության վախի զբաղվել իրենց օրինական գործունեությամբ, ինչը պահանջում է իրավապաշտպանների մասին ՄԱԿ-ի դեկլարացիան։

«Խաղաղության երկխոսություն» հկ-ի անձնակազմ

Հայտարարությունը բաց է միանալու համար: Տես www.change.org