Լուսանկարը` © 2015, «Խաղաղության երկխոսություն» հկ: Հեղինակ՝ Արմինե Զաքարյան
2014 թվականի երկրորդ կեսին «Խաղաղության երկխոսությունն» իր գործընկերոջ՝ ֆիննական «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնություն» (CMI – CRISIS MANAGEMENT INITIATIVE) կազմակերպության աջակցությամբ, նախաձեռնեց «Օգնենք երիտասարդ կանանց՝ խաղաղություն կառուցել Կովկասում» ծրագիրը: Սրանով մեկնարկեցին միացյալ ուժերով կազմակերպվող «Խաղաղասեր կանանց գործակալություն» ծրագրի մշակման և նախապատրաստական աշխատանքները: Ծրագիրը հիմնված է CMI-ի` կոնֆլիկտի կանխարգելման և բռնության հետևանքների հետ աշխատանքի ուղղությամբ տարբեր շահառուների միջև երկխոսություն մշակելու և իրականացնելու երկար տարիների փորձի վրա:
Նպատակն է՝ ակտիվացնել և խաղաղասիրական ու քաղաքացիական գործընթացների մեջ ներգրավել Կովկասի հակամարտության գոտում բնակվող կանանց ՝ ակտիվ կանանց հիմնական խումբ ստեղծելով, բազմաշերտ երկխոսություն ձևավորելով հակամարտությունից տուժած կանանց, քաղաքացիական հասարակության և որոշումներ կայացնողների միջև: Ծրագրի նպատակն է՝ ապահով տարածք ստեղծել մասնակիցների հզորանալու և գաղափարների փոխանակման համար:
Կարևոր է ընդլայնել, հզորացնել և բարելավել տարածաշրջանում գործող կին դերակատարների աշխատանքի արդյունավետությունը, որպեսզի նրանք դառնան փոփոխությունների ակտիվ դերակատարներ (դրական փոփոխություններին ամեն կերպ ընդդիմանալու փոխարեն), ազդեցություն ունենան իրենց համայնքների վրա:
Այս գործընթացում կձգտենք մասնակիցների մոտ քննադատական մոտեցումներ ձեւավորել պատմության նկատմամբ եւ ընդարձակել նրանց պատկերացումներն այն մասին, որ միեւնույն պատմական իրադարձության մասին տարբեր ընկալումներ կարող են լինել, այն մասին, թե այդ տարատեսակ մեկնաբանություններն ինչպեսի ազդեցություն կարող են ունենալ հակամարտության կամ դրա կարգավորման վրա, տարածաշրջանում ընթացող խաղաղասիրական գործընթացների վրա նաեւ: Ծրագիրը կարևորում է հավելյալ կապերի ստեղծումը որոշում կայացնողների եւ հիմնական դերակատար ակտիվ կին գործիչների միջև՝ ներգրավելով նրանց ոչ պաշտոնական երկխոսության մեջ տարածաշրջանում:
Ծրագրի էությունն է՝ ներառել ավելի մեծ թվով կանանց, որոնց շատ հաճախ համարում են փոփոխություններին ընդդիմացողներ: Սրանք այն կանայք են, ովքեր շատ հաճախ դուրս են մնում քաղաքացիական հասարակությունից և համայնքային մակարդակում իրականացվող գործընթացներից: Ծրագիրը մշակվել է՝ հիմնվելով CMI-ի այն գաղափարախոսության վրա, ըստ որի անհրաժեշտ է ներգրավել և ակտիվացնել կանանց, քանի որ նրանք են, հիմնականում, դրական հասարակական փոփոխություններ բերողները, իրենց համայնքներում ու հասարակություններում քաղաքական մեծ ազդեցություն ունեցողները: Ծրագրում մեծ ուշադրություն է հատկացվում այն բանին, որպեսզի մասնակից կանայք իրենք հասարակության հետ աշխատեն տվյալ խնդիրների ուղղությամբ, սակայն ոչ որպես վերջնական արդյունք, այլ որպես կոնկրետ քայլ տարածաշրջանում խաղաղասիրական գործընթացներում՝ այն հավատով, որ այսպիսով ծրագիրը հետագայում կընդլայնվի և կշարունակվի: Ծրագրի տրամաբանությունը հիմնված է նաեւ համատեղ աշխատանքի մեթոդների յուրահատուկ համադրության վրա՝ ուղղված նորարարական երկխոսության գործընթացի ստեղծմանը, հիմնված «Խաղաղության երկխոսության» մեկուսացված խմբերի համար ներառական գործընթացների զարգացման փորձի վրա:
Հայաստանի տարբեր մարզերում նախապատրաստական չորս հանդիպում է կազմակերպվել 2014 թվականի նոյեմբեր- դեկտեմբեր ամիսներին: Սրա նպատակն էր՝ չափել ակնկալվող ներգրավվածության մակարդակը: Հանդիպումների արդյունքները ցույց տվեցին, որ տարբեր համայնքներում ակտիվ կանայք հետաքրքրված են ծրագրով, պատրաստ են աջակցել, կներգրավվեն իրենց հետաքրքրությունների հետ այս կամ այն կերպ առնչվող նախաձեռնություններում եւ կներգրավեն այլոց էլ: Նրանք պատրաստակամ էին և կարողանում էին քննադատորեն վերլուծել իրենց անձնական իրավիճակը, առաջարկեցին անգամ քննարկել այնպիսի թեմաներ, որոնք շատերի կարծիքով տաբուացված են: Պարզվեց, որ հակառակ հասարակության մեջ արմատացած կարծրատիպի, ըստ որի անհնար կամ գրեթե անհնար է դրական փոփոխությունների հասնել, այս կանայք ոչ միայն հավատում են, այլ նաև պատրաստ են քայլեր ձեռնարկել փոփոխության հասնելու համար՝ նույնիսկ անձնական զոհողությունների գնով: Ծրագիրն առաջ կընթանա ըստ այն հետաքրքրությունների և խնդիրների, որոնք քննարկվեցին այս հանդիպումների ընթացքում:
Խաղաղասեր կանանց գործակալություն» ծրագիրն իրականացվում է ֆիննական «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնություն» (CMI) կազմակերպության աջակցությամբ: