«ԽԱՂԱՂԱՍԵՐ ԿԱՆԱՆՑ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Դեկտեմբերի 22, 2014
Լուսանկարը` © 2014, ԽԵ, հեղինակ՝ Արմինե Զաքարյան

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության «Խաղաղասեր կանանց գործակալություն» ծրագրի աշխատանքային խումբը քննարկում-հանդիպումներ անցկացրեց Երեւանում եւ Վանաձորում, որին ներկա եղան Երեւանը, Վանաձորը, Գյումրին, Աքորին, Արճիսը, Այրումը, Ստեփանավանն ու Սպիտակը ներկայացնող 45 մասնակիցներ։ «Խաղաղության երկխոսությունը», ֆիննական «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնություն» (CMI) կազմակերպության աջակցությամբ, առաջիկայում եւս նման հանդիպումներ կկազմակերպի՝ այս անգամ Իջեւանում կամ Ստեփանակերտում։

Նախապատրաստական հանդիպումների ընթացքում ծառացած հարցերի, մասնակիցների հետ տեղեկատվության փոխանակման արդյունքների հիման վրա ծրագրի գործընկերները նպատակ ունեն ակտիվիստների մի խումբ ձեւավորելու, որը կաշխատի կանանց հետ (ամբողջ Հարավային Կովկասում)` հակամարտությունների հետ կապված հիշողությունների եւ կոլեկտիվ ու անհատական տրավմաների բնագավառում։

«Խաղաղասեր կանանց գործակալություն» ծրագրի՝ սովորական քաղաքացիների մակարդակում իրականացվող այս բաղադրիչի նպատակն, ըստ աշխատանքային թիմի, պետք է լինի Հարավային Կովկասում բնակվող, շարունակական հակամարտություններից տուժած կանանց հզորանալու եւ գաղափարների փոխանակման ապահով տարածքի ձեւավորումը։

«Խաղաղության երկխոսության» աշխատակից Արմինե Զաքարյանի պնդմամբ՝ ծրագրի լավագույն արդյունքներից մեկը կլինի հակամարտությունից տուժած կանանց, քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչների եւ ազգային ու միջազգային քաղաքականությունը կերտողների խմբերի միջեւ բազմաշերտ երկխոսության ձեւավորումը։ Սա հնարավորություն կտա հասարակ կանանց՝ էապես ավելի ակտիվորեն ներգրավվելու տարածաշրջանում ընթացող խաղաղասիրական գործընթացներում։

Ծրագիրն առաջ է ընթանալու ըստ ներգրավված կանանց հետաքրքրությունների՝ լինեն նրանք զինվորների մայրեր, այրիներ կամ քույրեր, համայնքների ակտիվ եւ հետաքրքրված անդամներ կամ պարզապես կանայք, ովքեր ցանկություն ունեն միավորվելու եւ իրենց ընտանիքների, համայնքների եւ հասարակությունների վրա բավականին մեծ ազդեցություն ունեցող հակամարտությանն առավել որոշակի հակազդեցություն ցուցաբերելու։

cmi

Խաղաղասեր կանանց գործակալություն» ծրագիրն իրականացվում է ֆիննական «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնություն»կազմակերպության աջակցությամբ։(CMI).