«ՈՉ ԹԵ ԱՊԱԳԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ, ԱՅԼ՝ ԶԻՆՎՈՐՆԵՐ»

Սեպտեմբերի 23, 2014
Լուսանկարը` © 2014, «Խաղաղության Երկխոսություն» ՀԿ: Հեղինակ՝ Էդգար Խաչատրյան

Պաշտպանության, Կրթության եւ գիտության նախարարությունների եւ Երկրապահ կամավորականների միության եռակողմ հուշագրի հիման վրա շուտով Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում կստեղծվեն հայրենասիրական ակումբներ:

Այս թեմայի շուրջ խոսեցինք Վանաձորի «Խաղաղության Երկխոսություն» ՀԿ-ի նախագահ՝ Էդգար Խաչատրյանի հետ:

Էդգար Խաչատրյանի տեղեկություններով՝ նմանատիպ ակումբներ գործում են Ռուսաստանի Դաշնությունում, Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներում, Հյուսիսային Կորեայում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի որոշ նահանգներում գործող մի քանի դպրոցներում:

«Վերջին ժամանակներս, ՌԴ-ում նմանատիպ ակումբները ստեղծվում են եկեղեցական կառույցներին կից: Ցավով եմ դա ասում, սակայն հենց այս ակումբներ հաճախող երիտասարդներից ոմանք էլ՝ դպրոցն ավարտելուց հետո, համալրում են, ՌԴ-ի համար պատուհաս դարձած, ազգայնականների շարքերը:

«Ցավոք սրտի, ո՛չ ՊՆ-ի կողմից թողարկված հաղորդագրության մեջ եւ ո՛չ էլ մամուլում տեղ գտած հոդվածներում չի նշվում, թե արդյոք այս ակումբներին անդամակցումը դպրոցականների համար կիրականացվի կամավորական, թե պարտադիր հիմունքներով, սակայն, որքանով տեղյակ եմ, նմանատիպ ակումբներն այլ երկրներում համալրվում են բացառապես կամավորական սկզբունքով», – նշում է պարոն Խաչատրյանը:

Ինչպես նշում է նա, ժամանակակից աշխարհում բանակի նմանատիպ սերտաճումը քաղաքացիական կառույցների հետ ստացել է «ռազմականացում» անվանումը: Այս հասկացությունը խորհրդանշում է երկրում միլիտարիզմի նկատմամբ հասարակական պահանջարկ ձեւավորող եւ նրան սպասարկող գաղափարախոսությունը:

«Ըստ էության, սա մի գաղափարախոսություն է, որը մոբիլիզացնում եւ պատրաստում է հասարակությանը, որպեսզի այն ինքնակազմակերպվի՝ իրական կամ մտացածին պատերազմական իրավիճակին կամ հնարավոր բռնության դրսեւորումներին դիմակայելու համար: Մեծ առումով, դրա հիմքում ընկած է իշխանությունների կամ հասարակության ձգտումն առ այն, որ երկիրը պետք է ունենա հզոր ռազմական կարողություններ եւ պատրաստ լինի օգտագործելու այն՝ ի նպաստ ազգային շահի: Շատ դեպքերում այս գաղափարախոսությունը իր մեջ ներառում է զինվորական դասի հերոսացումը եւ զինվորականների, զինված ուժերի վճռական դերակատարությունը պետական կառավարման եւ քաղաքականության մշակման գործընթացներում»,-նշում է Էդգար Խաչատրյանը:

Ըստ զրուցակցիս, եթե մանրամասն ուսումնասիրենք վերն նշված երկրներից շատերը, օրինակ՝ Ռուսաստանը կամ Հյուսիսային Կորեան, ապա դժվար չէ նկատել, որ նման հասարակություններում կառավարողներն ու նրանց աջակիցները վեր են դասվում օրենքից: Է.Խաչատրյանը կարծում է, որ նմանատիպ հասարակություններում՝ ռազմականացման գործընթացներին զսպող ժողովրդավարական հակակշռի բացակայության պարագայում, առաջանում է մի կաստա, որ դուրս է մնում օրենքի վերահսկողության շրջանակներից եւ օրենքը, սկսում է աստիճանաբար կորցնել իր հեղինակությունն ու ուժը: Այս ամենի արդյունքում, օրենքն այդ հասարակություններում այլեւս անհատի իրավունքների պաշտպանության գործիք չի հանդիսանում:

Հեղինակ` Լուսինե Ավագյան
Տե՛ս նյութն ամբողջությամբ www.asparez.am կայքում: