ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ-ԹԱՏՐՈՆԻ ԴԱՍԸՆԹԱՑ՝ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

Նոյեմբերի 20, 2013
Լուսանկար` © 2013, «Խաղաղության երկխոսություն» հկ, «Պատմություն-թատրոն» դասընթաց Թբիլիսիում: Հեղինակ` Էդգար Խաչատրյան: Ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն ունեցան այցելելու Թբիլիսիի «Խորհրդային օկուպացիայի թանգարանը»: 

Կոլեկտիվ հիշողությունները մարդկանց մոտ պատկանելության զգացում են առաջացնում: Պատմությունն օգնում է բացատրել աշխարհը: Պատմության իմացությունը կարող է շահագրգռել մարդկանց՝ գործողություններ ձեռնարկել ապագան փոխելու համար: Սրանք էին այն հիմնական ուղերձներից մի քանիսը, որոնք սույն թվականի նոյեմբերի 17-24-ն ընկած ժամանակահատվածում Թբիլիսիում կայացած «Պատմություն-թատրոն» դասընթացի կազմակերպիչները ցանկանում էին փոխանցել մասնակիցներին:

Այս դասընթացը վերջին միացյալ հանդիպումն էր «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության «Տեսնե՛նք, ընտրե՛նք, փոխե՛նք․․․» եռամյա ծրագրի շրջանակներում:

Ծրագրի իրականացման վերջին տարվա գործողությունները հիմնականում ուղղված էին ծրագրի մասնակից երիտասարդների մոտ քննադատական պատմական գիտակցություն ձեւավորելուն, որպեսզի հասկանալի լինի, որ մարդիկ իրենք են պատմության հիմնական դերակատարները եւ, որ ամենաակտիվ դերն ունեն կոլեկտիվ պատմական հիշողության ձեւավորման գործում:

«Պատմություն-թատրոն»-ի մեթոդոլոգիան, որը կազմակերպիչների թիմի կողմից օգտագործվեց դասընթացի ընթացքում, մշակվել է Ավգուստո Բոալի «Ճնշվածների թատրոն»-ի հիման վրա, Պաոլո Ֆրեյրեի մանկավարժական մոտեցումների օգնությամբ եւ իր աշխատանքային գործունեության ընթացքում հակամարտություններից ազդված հասարակությունների ներկայացուցիչների հետ աշխատանքի արդյունքում թիմի կուտակած փորձի շնորհիվ:

Թատրոնն ու թատերական տեխնիկաները որպես միջոց օգտագործելով ԼՂ հակամարտությունում ներգրավված հասարակությունները ներկայացնող մասնակից երիտասարդների համար ապահով միջավայր ստեղծելու նպատակով, դասընթացավար Հարալդ Հանն ու ծրագրի գերմանացի համակարգող Մարինա Գրասսեն փորձեցին օգնել մասնակիցներին տեսնել եւ գիտակցել իրենց սեփական դերը պատմություն կերտելու գործընթացում: Բացի այդ, կազմակերպիչները մտադրություն ունեին կոտրել առկա կարծրատիպային ընկալումներն այն մասին, որ պատմությունը հիմնականում պետք է ներառի հերոսական կամ այս կամ այն ազգի՝ ամենաշատը տուժած լինելու վերաբերյալ նկարագրություններ․

«Պատմությունը սուբյեկտիվ է: Այն բաց եւ հասանելի է ցանկացած կերպ մեկնաբանելու համար: Ցանկացած երկիր եւ բոլոր սերունդները պետք է գործ ունենան իրենց սեփական անցյալի հետ, բայց սա չպետք է տեղի ունենա առասպելներ պատմելու կամ պատմության՝ քաղաքական տեսակետից ձեռնտու մեկնաբանություններով հակառակորդին նեղը գցել փորձելու ճանապարհով», – ասաց Մարինա Գրասսեն՝ դասընթացի ընթացքում տեղի ունեցած քննարկումներից մեկի ժամանակ:

«Երբեք չէի մտածել պատմության ունեցած հսկայական ուժի մասին», – ասում է մասնակիցներից մեկը, – «Հիմա միայն հասկացա, որ հստակ նպատակ կամ քաղաքական նպատակ ունենալու դեպքում ցանկացած ոք կարող է նույն պատմական փաստերն այնպես ներկայացնել, որ հասարակությունները դառնան կա՛մ մեծագույն բարեկամներ, կա՛մ ոխերիմ ախոյաններ»:

Ծրագրի գերմանական գործընկերն են՝ «Օվեն» հկ-ն (OWEN – Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e.V.)

owen

«La Paloma Documentaries» ընկերությունը (La Paloma Documentaries)

logo_la_paloma

Տեսասարքավորման ձեռքբերումը իրականացվել է «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնություն» ֆիննական ոչ կառավարական կազմակերպության աջակցությամբ (CMI), «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված նախաձեռնություններ իրականացնող եվրոպական հկ-ների համագործակցության» (EPNK-2) նախագծի շրջանակներում:

cmi

«Տեսնե՛նք, ընտրե՛նք, փոխե՛նք…» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik” ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով:

02255

aus