ԵՐԵՔ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ ՄԵԿ ՖԻԼՄՈՒՄ

Սեպտեմբերի 16, 2013
Լուսանկար` © 2013, «Խաղաղության երկխոսություն» հկ, «Ես եւ իմ պատմությունը» դասընթաց:
Տեսանսյութ` © 2013, «Խաղաղության երկխոսություն» հկ, «Լինել երիտասարդ․․․» ֆիլմ:

2013 թ.-ի հունիս-հուլիս ամիսներին կայացած «Ես եւ իմ պատմությունը» խորագիրը կրող դասընթացի ընթացքում գերմանական La Paloma Documentaries կինոընկերության դասընթացավարներ Յանինա Մոբիուսն ու Սանդրա Մերսենբուրգերը մասնակիցներին ծանոթացրեցին վավերագրական ֆիլմերի նախագծման, նկարահանման տեսական մոտեցումների հետ, հնարավորություն ընձեռեցին մասնակից երիտասարդներին՝ ամրապնդելու ձեռքբերած կարողությունները գործնական վարժությունների եւ նկարահանումներ իրականացնելու միջոցով:

«Խաղաղության երկխոսություն» հկ-ի «Տեսնե’նք, ընտրե’նք, փոխե’նք…» եռամյա ծրագրի շրջանակներում կազմակերպված այս դասընթացը նպատակ ուներ քաջալերելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված հասարակությունները ներկայացնող երիտասարդներին՝ օգտագործել իրենց ստեղծագործական կարողությունները հասակակիցներին խաղաղասիրական եւ քաղաքացիական ակտիվիզմի մեջ ներգրավելու եւ մոբիլիզացնելու գործում:

Կազմակերպիչների ընկալմամբ, երիտասարդներին վավերագրական ֆիլմերի նկարահանման հմտություններ ձեռք բերելու գործում աջակցելը հնարավորություն կտա նրանց իրենց պատմությունները սեփական մեդիա արտադրության միջոցով փոխանցելով իրենց շրջապատին՝ դիմակայելու պատմական մանիպուլյացիաներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված հասարակություններում միմյանց նկատմամբ թշնամու կերպարի ձեւավորմանը: Դասընթացի ընթացքում մասնակիցները մշակեցին երեք վավերագրական ֆիլմի սցենար եւ, ստացած գիտելիքներն օգտագործելով, նկարարահանեցին երեք վավերագրական ֆիլմ:

Սեպտեմբերի 3-ից 13-ը, կրկին Թբիլիսի քաղաքում, տեղի ունեցավ «Ես եւ իմ պատմությունը» դասընթացի երկրորդ փուլը: Այս անգամ մասնակիցները La Paloma Documentaries կինոընկերության դասընթացավարների եւ «ԽԵ»՝ մեդիայի գծով մասնագետ Արմեն Պապյանի օգնությամբ, իրականցնում էին նկարահանված նյութերի մոնտաժումն ու վերջնական ֆիլմի պատրաստման աշխատանքները:

«Արդյունքում՝ ունեցանք երեք կարճամետրաժ ֆիլմ․ «Ես», «Ընտրություն» եւ «Երազողները», որոնք միավորվեցին «Լինել երիտասարդ …- ում» խորագրի ներքո մեկ ֆիլմում», – պատմում է «ԽԵ» նախագահ Էդգար Խաչատրյանը: Բոլոր երեք ֆիլմերն էլ պատմում են երիտասարդներին հուզող խնդիրների մասին, սակայն, չնայած թեմայի ընդհանրությանը, խիստ տարբերվում են միմյանցից թե՛ ոճով, թե՛ բարձրաձայնված խնդիրների առանձնահատկություններով:

«Կարծում եմ, ծրագրի մասնակիցների համար բավականին հետաքրքիր հնարավորություն է ստեղծվել իրենց բնակության վայրերում, բազմաթիվ քաղաքներում եւ գյուղերում հասակակիցների շրջանում այս ֆիլմի ցուցադրությունների կազմակերպման միջոցով ֆիլմում շոշափված խնդիրների շուրջ քննարկումներ ծավալելու համար», – շարունակում է Է. Խաչատրյանը:

Այս պահին ֆիլմը գտնվում է թարգմանության եւ տիտրերի տեղադրման փուլում: «Տեսնե՛նք, ընտրե՛նք, փոխե՛նք…» ծրագրի անձնակազմը նախատեսում է ֆիլմի պրեմիերան կազմակերպել Թբիլիսի քաղաքում, այնուհետեւ ֆիլմը կտարածվի «ԽԵ»-ի եւ գործընկեր կազմակերպությունների ինտերնետային կայքերի եւ այլ մեդիա միջոցներով:

Ծրագրի գերմանական գործընկերն են՝ «Օվեն» հկ-ն (OWEN – Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e.V.)

owen

«La Paloma Documentaries» ընկերությունը (La Paloma Documentaries)

logo_la_paloma

Տեսասարքավորման ձեռքբերումը իրականացվել է «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնություն» ֆիննական ոչ կառավարական կազմակերպության աջակցությամբ (CMI), «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված նախաձեռնություններ իրականացնող եվրոպական հկ-ների համագործակցության» (EPNK-2) նախագծի շրջանակներում:

cmi

«Տեսնե՛նք, ընտրե՛նք, փոխե՛նք…» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik” ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով:

02255

aus