Էդգար Խաչատրյան
Էդգար Խաչատրյանը հակամարտությունների փոխակերպման և քաղաքացիական ակտիվիզմի ոլորտում երկարամյա փորձ ունեցող իրավապաշտպան է։ 2009 թվականին նա հիմնադրել է «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն և այդ ժամանակից ի վեր ղեկավարում է կազմակերպությունը որպես նախագահ։ Նրա գործունեությունը կենտրոնացած է հակամարտություններից տուժած համայնքների միջև երկխոսության խթանման, ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման և պատերազմներից տուժած խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության վրա։
Չնայած ի սկզբանե ստացել է կենսաբանության և քիմիայի մագիստրոսի աստիճան, հետագայում Էդգարը խորացրել է իր մասնագիտական գիտելիքները՝ մասնակցելով գենդերի, խաղաղության կառուցման, միջնորդության և հակամարտությունների կարգավորման վերաբերյալ դասընթացների Եվրոպայի և ԱՄՆ-ի տարբեր ուսումնական հաստատություններում։
Տարիների ընթացքում նա որպես փորձագետ համագործակցել է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հետ՝ ներգրավվելով մարդու իրավունքների պաշտպանության, անվտանգության ոլորտի բարեփոխումների և ժողովրդավարացման նախաձեռնություններում։
Աննա Պամբուխչյան
Աննա Պամբուխչյանը ժողովրդավարական կառավարման և խաղաղության կառուցման ոլորտում փորձառու մասնագետ է։ Նա աշխատել է Եվրոպական ժողովրդավարության հիմնադրամում, Եվրոպական խաղաղության ինստիտուտում, Միջազգային ճգնաժամային խմբում և Ժնևի անվտանգության քաղաքականության կենտրոնում՝ կենտրոնանալով Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի տարածաշրջանների վրա։
Աննան ունի մագիստրոսի աստիճաններ Կենտրոնական Եվրոպական համալսարանից և Եվրոպայի քոլեջից։ Նա խորապես հետաքրքրված է ժողովրդավարության և խաղաղության փոխկապակցվածության ուսումնասիրությամբ։
Մարիաննա Խաժակյան
Մարիաննա Խաժակյանը խաղաղության և մարդու իրավունքների ոլորտի փորձագետ է, որի աշխատանքը միտված է ներառական հասարակությունների ձևավորմանը։ 2018 թվականից նա ակտիվորեն համագործակցում է «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի հետ՝ սկզբում որպես Խաղաղության կառուցման և գենդերային ծրագրերի պատասխանատու։ 2025 թվականին նա ընտրվել է կազմակերպության կառավարման խորհրդի անդամ։
Մարիաննան ստացել է մանկավարժության բակալավրի աստիճան՝ անգլերեն լեզվի և գրականության մասնագիտացմամբ Վանաձորի պետական համալսարանում (2012–2016)։ 2014–2015 թթ․ նա մասնակցել է Պորտուի համալսարանի (Պորտուգալիա) ուսանողական շարժունության ծրագրին՝ խորացնելով իր գիտելիքները լեզուների, գրականությունների և մշակույթների ոլորտներում։ 2016–2018 թթ․ ավարտել է Վանաձորի պետական համալսարանի բանասիրության մագիստրատուրան։ 2023 թվականին մասնակցել է Սան Դիեգոյի համալսարանի Ջոան Բ. Քրոքի Խաղաղության ուսումնասիրությունների դպրոցի միջնորդության և հակամարտությունների կարգավորման սերտիֆիկատային ծրագրին։
Մասնագիտական գործունեությունից դուրս Մարիաննան հետաքրքրված է ճանապարհորդություններով, երաժշտությամբ և ճարտարապետությամբ։
Հայկ Տորոյան
Հայկ Տորոյանը 2013 թվականից հանդիսանում է Հարավային Կովկասում «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնություն» (CMI)՝ Մարտտի Ահտիսարիի խաղաղության հիմնադրամի տարածաշրջանային խորհրդատու և համակարգող։ Մինչ այդ նա աշխատել է ՄԱԿ-ի հայաստանյան ասոցիացիայում, ԵԱՀԿ երևանյան գրասենյակում, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և գովազդի ոլորտներում։
Հայկը պարբերաբար վարում է սեմինարներ և դասախոսություններ Հարավային Կովկասի և Արևելյան Եվրոպայի ուսանողների համար՝ հակամարտությունների վերլուծության և կարգավորման թեմաներով։ Նա հեղինակել է ՄԱԶԾ-ի կողմից ֆինանսավորված «8 պարզ գործիք բարդ հակամարտությունները վերլուծելու համար» ձեռնարկը։
Հայկը ունի բակալավրի և մագիստրոսի աստիճաններ միջազգային հարաբերություններից՝ Երևանի պետական համալսարանից, ինչպես նաև ազգայնականության ուսումնասիրությունների մագիստրոսի կոչում Կենտրոնական Եվրոպական համալսարանից (Բուդապեշտ, Հունգարիա)։ 2024 թվականին ավարտել է Սան Դիեգոյի համալսարանի Ջոան Բ. Քրոքի Խաղաղության ուսումնասիրությունների դպրոցի միջնորդության և հակամարտությունների կարգավորման սերտիֆիկատային ծրագիրը։
Արմինե Զաքարյան
Արմինե Զաքարյանը ֆեմինիստ-խաղաղասեր և պատմաբան է՝ երկարամյա ներգրավվածությամբ խաղաղության կառուցման և սոցիալական արդարության ոլորտներում։ 2009 թվականից նա համագործակցում է «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի հետ՝ սկզբում որպես խաղաղության կառուցման ծրագրերի համակարգող։ 2019 թվականին ընտրվել է կազմակերպության կառավարման խորհրդի անդամ, իսկ 2025 թվականին՝ վերընտրվել։
Արմինեն ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարանը 2003 թվականին։ Նա ակտիվորեն ներգրավված է խաղաղության կառուցման, ֆեմինիստական և բնապահպանական շարժումներում և պաշտպանում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքները։ Նրա հետաքրքրությունների շրջանակը ներառում է նաև սոցիոլոգիան և հոգեբանությունը։