© 2018 Թ. ԼՈՒՍԱՆԿԱՐ` https://pixabay.com
2018 թ. ՀՈՒՆՎԱՐ – ՄԱՐՏ
Ներկայացնում ենք «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության հերթական հաշվետվությունը ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ: «ԽԵ»-ն խաղաղության կառուցման, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտում գործող ոչ կառավարական կազմակերպություն է, որի գործունեության հիմնական ճյուղերից է զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների բացահայտումը, մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն հետամուտ լինելը, ԶՈՒ-ում առկա խնդիրների շուրջ հանրային բանավեճի ծավալումը՝ դրանց լուծման առաջարկներ մշակելու եւ իշխանություններին ներկայացնելու միջոցով այդ հիմնախնդիրների լուծմանը նպաստելու նպատակով:
Հաշվետվության թեմաներն են.
- «Ազգ-բանակ». մարդու իրավունքների իրավիճակի բարելավման մեխանիզմները
- Քաղաքացիների առողջական վիճակի հետազոտումը եւ բժշկական փորձաքննությունը
- Պաշտպանության նախարարությունն է խոչընդոտում սպաների զորացրվելուն
- 2018թ.-ի առաջին եռամսյակում հայկական բանակում գրանցված մահվան դեպքերի վիճակագրություն
- Զինծառայող Դավիթ Տերտերյանի մահվան գործի նախաքննության հետ կապված տեղեկություններ
- Զինծառայողներ Գրիգոր Ավետիսյանի եւ Սուրեն Արամյանի մահվան գործի հետ կապված տեղեկություններ
- Զինծառայող Մանուչար Մանուչարյանի մահվան գործի դատաքննության հետ կապված տեղեկություններ
- Զինծառայող Հարություն Համբարյանի մահվան գործի դատական քննության հետ կապված տեղեկություններ
1. «Ազգ-բանակ» հայեցակարգի մարդու իրավունքների իրավիճակի բարելավման մեխանիզմները
ՀՀ Ազգային ժողովի չորս խմբակցություններից երեքը՝ ՀՀԿ, Ծառուկյան եւ ՀՅԴ, խուսափեցին պատասխանել «Ազգ֊բանակ» հայեցակարգի, մասնավորապես՝ դրա շրջանակներում առաջարկված եւ անցած տարվա նոյեմբերին իրենց կողմից հավանության արժանացած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության հարցմանը՝ չնայած օրենքի պահանջին։ Ընդ որում, եթե ՀՀԿ խմբակցությունը մերժեց տեղեկատվություն տրամադրել, ապա ՀՅԴ եւ Ծառուկյան խմբակցություններն ընդհանրապես չպատասխանեցին հարցմանը։
ԽԵ-ն հունվարի 31֊ին հարցում էր ուղարկել ՊՆ֊ին եւ ՀՀ ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարներին՝ խնդրելով պատասխանել «Ազգ֊բանակ» հայեցակարգի վերաբերյալ խմբակցության դիրքորոշման մասին մի քանի հարցի.
- որքանո՞վ են «Ազգ-բանակ» հայեցակարգն ու դրա շրջանակներում նախատեսված միջոցառումները (օրինագծերի ընդունում, տարբեր ծրագրերի իրականացում, եւ այլն) նպաստում ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը,
- ինչպիսի՞ ազդեցություն կունենա հայեցակարգը Հայաստանում ժողովրդավարացման գործընթացների վրա,
- վերը նշված հայեցակարգը եւ դրա շրջանակներում իրականացվող միջոցառումները ո՞ր մեխանիզմների շնորհիվ են
- նպաստելու ոչ մարտական զոհերի թվի նվազեցմանը,
- ԶՈՒ-ի գործունեության նկատմամբ քաղաքացիական հասարակության վերահսկողության ուժեղացմանը,
- դիմագրավելու քաղաքացիական հասարակության կողմից բազմիցս բարձրաձայնված կոռուպցիոն ռիսկերին։
«ՀՀԿ խմբակցությունը «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով չունի որևէ լիազորություն պաշտոնական դիրքորոշում հրապարակելու Ձեր կողմից ներկայացված հարցերի վերաբերյալ», – հանրապետականների պատասխանը կարճ, սակայն միանշանակ չէր. Ազգային ժողովի կանոնակարգում հնարավոր չեղավ որեւէ կետ գտնել, որն արգելում է խմբակցությանը պատասխանել իր իսկ ընտրողների, ՀՀ քաղաքացիների հարցումներին։ ԽԵ-ն հաջորդ նամակով ՀՀԿ խմբակցության ղեկավարին խնդրել է հիմնավոր պատասխան տրամադրել հարցումը մերժելու հիմքերի շուրջ՝ մատնանշել օրենքի համապատասխան նորմը, դրույթը, որն արգելում է պաշտոնական դիրքորոշում հրապարակել ներկայացված հարցերի վերաբերյալ։
Ընդհանրապես, խնդրահարույց է փաստը, որ մինչ այժմ հայեցակարգը չի ստացել պատշաճ փաստաթղթային տեսք եւ այն մանրամասնորեն ուսումնասիրելու, տեղեկություններ հավաքելու համար, ստիպված ենք նմանատիպ հարցումներ ուղարկել կամ փնտրել հայեցակարգի վերաբերյալ նախարարի կամ ՊՆ այլ պաշտոնյաների կողմից լրատվամիջոցներին տրված հարցազրույցներն ու հանրային ելույթները։
Հարցման արդյունքում ստացված միակ պատասխանը՝ «զինծառայության» օրենքին դեմ քվեարկած միակ խմբակցության՝ «Ելք»-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանից, առանց խմբագրման ներկայացնում ենք ստորեւ։
‹‹Ազգ-բանակ›› հայեցակարգը և դրա շրջանակներում իրականացվող միջոցառումները, մասնավորապես նախորդ տարվա հոկտեմբերին ԱԺ կողմից ընդունված ‹‹Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին›› օրենքը իրենց մեջ պարունակում են բազմաթիվ ռիսկեր, որոնց պատճառով ԵԼՔ խմբակցությունը դեմ է քվեարկել օրենքի նախագծին: Մասնավորապես՝
Ակադեմիական տարկետման վերացման արդյունքում չի հաստատվում արդարություն և հավասարություն, ինչի մասին հաճախ խոսում էին օրենքի հեղինակները:
Առաջանում են նոր կոռուպցիոն ռիսկեր, որոնց կառավարման մեխանիզմները նշված օրենքը չի ապահովում:
Բանակից խուսափողների արտոնյալ խավը կգտնի օրենքը շրջանցելու այլ զարտուղի ճանապարհներ, օրինակ՝ առողջական խնդիրներով բանակից ազատվելու ճանապարհը, որն այս պահին եղած վիճակագրությամբ կազմում է բանակից ազատվողների ամենամեծ տոկոսը:
‹‹Ազգ-բանակ›› հայեցակարգի նման դրսևորումները հանգեցնում են Հայաստանում միլիտարիզացիայի անհամաչափ աճին, ինչը, երկարաժամկետ հեռանկարում, կարող է ոչ թե նպաստել, այլ վնասել ժողովրդավարացման գործընթացներին՝ բանակը դարձնելով իշխանության ձեռքին գործիք՝ ներքին խնդիրները լուծելու համար:
‹‹Ազգ-բանակ›› հայեցակարգի իրականացման գործընթացին քաղաքացիական հասարակության տարբեր խմբերի ներգրավվածությունը գնահատում ենք ոչ բավարար, ինչը էական բաց է՝ քաղաքացիական հասարակության կողմից ՀՀ ԶՈՒ-ի գործունեության վերահսկողության առումով: (Լուսնկարում՝ Նիկոլ Փաշինյան, «Ելք» դաշինքի ղեկավար)
Դրա փոխարեն նույն հարցմանն իր լայնածավալ պատասխանում ՊՆ աշխատակազմի ղեկավար, քհծ առաջին դասի պետական խորհրդական Գ. Հայրապետյանը մատնանշում է «Ես եմ»*, «Պատիվ ունեմ»** եւ «Դիտակետ»*** նախաձեռնությունները՝ համոզմունք հայտնելով, որ վերը նշված նախաձեռնությունները կազմում են զինված ուժերում ժողովրդավարական արժեհամակարգի ներդրման բաղադրիչներ։
«Հասարակության եւ զինծառայողների շրջանում բարձր գնահատանքի են արժանացել «Հայրենիքի պաշտպանի ազգային֊գաղափարական դաստիարակության ծրագրի» միջոցառումների իրականացումը՝ նպաստելով վերջիններիս գաղափարական համոզմունքների ձեւավորմանն ու իրավագիտակցության ամրապնդմանը։ Իրականացված միջոցառումները դրական ներգործություն են ունեցել զինծառայողների թե՛ հայրենասիրական դաստիարակության եւ թե՛ լիարժեք քաղաքացու կերպարի ձեւավորման գործընթացի վրա», – ասվում է պատասխան նամակում։
Նշվում է նաեւ, որ զինծառայողների իրավունքների ապահովման եւ պաշտպանության գործում ուրույն նշանակություն ունեն անանուն սոցիոլոգիական հարցումների անցկացումն ու ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնում թեժ գծի գործարկումը։
Ի տարբերություն «Ելքի» ղեկավար Նիկոլ Փաշինյանի, ով գտնում է, որ «Ազգ֊բանակ» հայեցակարգը միայն կնպաստի Հայաստանում միլիտարիզացիայի անհամաչափ աճին եւ հայեցակարգի իրականացման գործընթացին քաղաքացիական հասարակության տարբեր խմբերի ներգրավվածությունը գնահատում անբավարար (նույն կարծիքն ունեն եւ ՊՆ փակ կառույց լինելու փաստը պարբերաբար բարձրաձայնում են նաեւ բազմաթիվ քհկ֊ներ), ՊՆ֊ում այս գործընթացից բավական գոհ են եւ բավարարված՝ հայեցակարգի այս կամ այն նախաձեռնության վերաբերյալ հանրային լսումներ կազմակերպելու փաստից։
ԶՈՒ-ում մահվան ելքով միջադեպերի կանխարգելման, դրանց թվի կրճատման վերաբերյալ հայեցակարգի առաջարկած մեխանիզմներին ո՛չ «Ելք»-ի, ո՛չ ՊՆ-ի պաշտոնական գրություններում, ըստ էության, չկա որեւէ անդրադարձ։ Փոխարենը Գ. Հայրապետյանը նշում է, որ գերատեսչության ղեկավարներն ու հրամանատարական կազմը հետեւողականորեն աշխատանքներ են իրականացնում այդ ուղղությամբ եւ մեջբերում, որ ԶՈԻ-ում մահվան դեպքերի նվազում ունենք։
Միեւնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի «2017 թ.-ի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» զեկույցում նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ներկայացված տվյալների համաձայն 2017թ. ընթացքում գրանցվել է 75 զինծառայողի մահվան ելքով դեպք։ Հարկ է նշել, որ 2017թ.-ի ընթացքում «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությանը հայտնի է դարձել ՀՀ զինված ուժերում և ԼՂ ՊԲ-ում գրանցված մահվան ելքով ընդամենը 66 դեպքի մասին, իսկ մինչ ՄԻՊ-ի զեկույցի հրապարակումը պաշտպանության նախարարության խոսնակը պնդում էր, որ զինված ուժերում 2017թ.-ին 56 զինծառայող է մահացել։ (Լուսնկարում՝ Արման Թաթոյան,ՀՀ մարդու իրավունքների պաշտպան)
Իր պատասխան գրության մեջ ՊՆ-ն չի անդրադարձել նաեւ բանակում կոռուպցիոն վտանգները նվազեցնելու ուղղությամբ հայեցակարգով առաջարկվող մեխանիզմների վերաբերյալ հարցին։ Միեւնույն ժամանակ, Ն. Փաշինյանն իր մտահոգությունն է արտահայտում հենց հայեցակարգում եւ դրա շրջանակներում ներկայացված օրենքում նոր կոռուպցիոն վտանգների մասին։
Վերլուծելով կազմակերպության հարցմանը ՊՆ պատասխանն ու համադրելով այն «Ելք» խմբակցության արձագանքի, նաեւ մինչ այժմ հայեցակարգի ընդդիմախոսների բարձրաձայնած մտահոգությունների եւ ԽԵ աշխատակազմի սեփական դիտարկումների ու ուսումնասիրությունների հետ` կարելի է մեկ անգամ եւս արձանագրել, որ «Ազգ֊բանակ» հայեցակարգը մշակողների ու իրականացնողների համար գուցե առաջնային են եղել, մասնավորապես, բանակը համալրելու, պաշտպանության, արտաքին անվտանգության խնդիրները, սակայն բնավ կարեւոր չեն այնպիսի հիմնախնդիրների լուծումը, ինչպիսիք են զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի բարելավումը, սոցիալական անարդարության վերացումը, պայքարը կոռուպցիայի դեմ, քաղհասարակության վերահսկողությունն ուժեղացնելը եւ այլն։
Դեռ 2017թ.-ին «Ազգ-բանակ» հայեցակարգի ներկայացմանն ուղղված իր ելույթներից մեկում ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանը նշել է, որ հայեցակարգի քաղաքականության հիմնական ուղղություններն են հանդիսանում.
զինվորական մասնագիտության արժևորումը,
մարտական պատրաստության և պատրաստականության աստիճանի բարձրացումը, այդ թվում՝ սպառազինման և առաջնագծի կահավորման հարցերով,
ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը,
ռազմաքաղաքական դիվանագիտության ուժեղացումը,
արդարության և հանրային վստահության ամրապնդումը:
(Լուսնկարում՝ Վիգեն Սարգսյան, ՀՀ պաշտպանության նախարար)
Միայն սրանից կարելի է եզրակացնել, որ «ԽԵ» կողմից նամակում բարձրացված հիմնախնդիրներն ի սկզբանե չեն դիտարկվել ՊՆ-ի կողմից որպես պաշտպանական ոլորտի բնականոն զարգացման համար առաջնահերթություն ներկայացնող հիմնահարցեր։ Մարդու իրավունքների պաշտպանության եւ Հայաստանի ժողովրդավարացման ուղղությամբ գործունեություն իրականացնող կազմակերպությունները պարբերաբար իրենց մտահոգությունն են արտահայտում հենց այս կապակցությամբ, քանի որ, եթե հայացակարգում արտացոլված չէ, օրինակ, ԶՈԻ-ում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ քաղաքական կամքը, ապա այդ նույն կոռուպցիոն դրսեւորումների պատճառով անհնար է, որ հայեցակարգի շրջանակներում իրականացվող գործողությունները կարողանան նպաստել պաշտպանական ոլորտի բարելավմանը։
Տարակուսելի է նաեւ այն փաստը, որ հանրային վստահության կամ զինվորական մասնագիտության արժեւորման հիմքում (ըստ հայեցակարգի եւ ՊՆ-ի կողմից այս ուղղությամբ մինչ այժմ իրականցվող գործողությունների) ընկած է ոչ թե զինծառայողի իրավունքների եւ արժանապատվության պաշտպանվածությունը, այլ հասարակության մոտ քարոզչության միջոցով հայրենասիրության ներարկումն ու ծառայության դիմաց սոցիալապես ծանր վիճակում հայտնված մարդկանց որոշ սոցիալական խնդիրների մասնակի լուծումը։ Այս մոտեցումն ի սկզբանե չի կարող նպաստել երկրում սոցիալական անարդարության վերացմանը, քանի որ իրավիճակն արդեն այնպիսին է, որ երկրի պաշտպանությունը իրականացվում է գործնականում բացառապես ծանր սոցիալական վիճակում գտնվող քաղաքացիների կողմից, որոնք իրենց խնդիրները փոքր-ինչ թեթեւացնելու համար ուղղակի ստիպված են ՊՆ-ի կողմից իրենց «առաջարկվող» պայմաններով ավելի երկար ժամկետով ծառայություն կրել՝ սեփական կյանքի եւ առողջության համար վտանգավոր պայմաններում։ Այս մասին է վկայում նաեւ այն, որ վերջին տարիներին առաջնագծում զոհված բոլոր զինվորներն անխտիր սոցիալապես անապահով ընտանիքներից են։
Իշխանություններն, ընդորում, առաջիկայում եւս ոչինչ չեն պատրաստվում անել կոռուպցիան, սոցիալական անարդարությունը նվազեցնելու, զինված ուժերում ծառայության համար անվտանգ եւ առողջ մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ (մշակված հայեցակարգերն ու օրենքներն այդ ուղղությամբ ոչինչ չեն նախատեսում)։ Սա է, թերեւս, պատճառներից մեկն այն բանի, որ ՊՆ֊ն թափանցիկությունը շփոթում է իր իսկ կողմից ստեղծված կամ վերահսկելի հկ-ների հետ այս կամ այն հարցը «հանրային» քննարկելու հետ, ինչպես իշխանության այլ ճյուղերի շատ ներկայացուցիչներ, ի պատասխան մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերին, խոսում են հայրենասիրական գաղափարախոսությունը մատաղ սերնդին պատվաստելու անհրաժեշտության մասին, իսկ անօրինականությունների դեմ հետեւողական ու անողոք պայքարի համար բավարար են համարում ընդամենը սոցիոլոգիական հարցումների անցկացումն ու թեժ գծի գործարկումը՝ հրաժարվելով որևէ իրատեսական քայլեր ձեռնարկել հասարակության կողմից բարձրաձայնվող, առկա եւ արդեն վաղուց հայտնի բազմաթիվ խնդիրների ուղղությամբ:
2. Քաղաքացիների առողջական վիճակի հետազոտումը եւ բժշկական փորձաքննությունը
Նախորդ հաշվետվությունում նույնանուն նյութում ներկայացրել էինք, որ կազմակերպությանը դիմած, հայկական զինված ուժերում պարտադիր զինվարական ծառայություն անցնող քաղաքացիների հարազատները մատնանշել են, որ չնայած այն բանին, որ իրենց զավակները առողջական փորձաքննության արդյունքում ճանաչվել են զինծառայության համար պիտանի՝ սահմանափակումով, սակայն զորամասում նրանց նկատմամբ չի գործում որևէ արտոնություն եւ պարզ չէ, թե ինչ կերպ են արտահայտվում նշված սահմանափակումները նրանց ծառայության վրա։ Արձանագրել էինք, որ նոր ընդունված օրենքի նախագծում հնարավոր չէ նշմարել, թե զինվորական ծառայության համար սահմանափակումներով պիտանի եզրակացությամբ զինվորական ծառայության անցած զինվորներն ի՞նչ կերպ կարող են ծանոթանալ, թե զինծառայության ո՞ր պայմաններն են հակացուցված իրենց առողջական վիճակին, կամ վերջինից ելնելով ինչպիսի՞ սահմանափակումներով ծառայություն է նախատեսվում։ Մտահոգություն էինք հայտնել, որ այլ իրավական ակտերով խնդիրը չկարգավորելու դեպքում՝ անբարեխիղճ հրամանատարական կազմի, սպաների կողմից հնարավոր հետագա չարաշահումներն այս հարցում կարող են շարունակվել, իրենց առողջական վիճակին հակացուցված ծառայության պայմանների, անթույլատրելի ֆիզիկական վարժությունների արդյունքում՝ կվտանգվեն «պիտանի՝ սահմանափակումներով» եզրակացությամբ զինծառայություն անցնող զինվորների առողջությունն ու կյանքը։
Այս առթիվ կազմակերպության կողմից ՊՆ ուղարկված հարցման պատասխանը ներկայացնում ենք ստորեւ.
«ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված Ձեր հարցման առնչությամբ հայտնում եմ, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 17֊րդ հոդվածի 5֊րդ մասի համաձայն քաղաքացին իրավունք ունի ծանոթանալ իր առողջական վիճակի հետազոտման եւ բժշկական փորձաքննության ընթացքին եւ ստանալ դրանց արդյունքներով տրված եզրակացություններն ու այլ փաստաթղթերը, ներկայացնել առաջարկություններ, բացատրություններ կամ առարկություններ, սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված կարգով բողոքարկել իր առողջական վիճակի վերաբերյալ տրված եզրակացությունը։
Վերը նշված եզրակացություններին եւ այլ փաստաթղթերին ծանոթանալու քաղաքացու իրավունքը ներառում է նույն հոդվածի 2֊րդ եւ 3֊րդ մասերում նախատեսված պայմանները»։
Այսպիսով, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով չկարգավորվող այս խնդրի այլ իրավական ակտերով կարգավորելու հեռանկարի, հնարավորության վերաբերյալ ԽԵ հարցմանն ի պատասխան ՊՆ֊ն կրկին մատնացույց է անում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը։
3. Պաշտպանության նախարարությունն է խոչընդոտում սպաների զորացրվելուն
ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների բնագավառում առկա հիմնախնդիրների պատճառով տուժում են ոչ միայն շարքային զինծառայողներն ու սերժանտական կազմը։ Պարբերաբար խախտվում են նաեւ սպաների իրավունքները։
Վերջին մեկ ամսում, մասնավորապես, աղմուկ բարձրացավ այն մասին, որ սպաների զորացրվելու և պահեստազորում հաշվառվելու իրավունքը խոչընդոտվում է ավագ սպայակազմի կողմից. զինվորական գործերով փաստաբան Նորայր Նորիկյանին նույնաբովանդակ հարցով դիմած տասը ծառայող պնդում է, որ զորացրվելու և պահեստազորում հաշվառվելու համար մեկ ամսվա փոխարեն սպասում են մի քանի ամիս, ընդհուպ մինչև մեկ տարի, վերջիվերջո դիմում են դատարան և այդ ողջ ընթացքում ստիպված ծառայում են ՀՀ ԶՈՒ-ում:
Վերոնշյալ սպաներն այլեւս չեն ցանկանում ծառայել զինված ուժերում, համապատասխան զեկուցագրեր են ներկայացրել իրենց զորամասերի հրամանատարությանը՝ խնդրելով միջնորդել վերադաս հրամանատարությանն արձակել իրենց զինված ուժերից և հաշվառել պահեստազորում: Ոմանց զեկուցագրերը մուտքագրվել են զորամասերի շտաբում, սակայն հետագա ընթացակարգը չի արվել, և նրանք, փաստացի, չեն զորացրվել, իսկ մի մասի դեպքում զորամասերի հրամանատարները, ինչպես նաև զորամասերի որոշ զորամիավորումների հրամանատարներ, չարաշահում են իրենց լիազորությունները, տառացիորեն նշված զեկուցագրերը պատռելով կամ այդ զեկուցագրերի վրա գրելով մերժում` պաշտպանության նախարարի իրավասություններ են վերապահում իրենց։
Ըստ փաստաբանի, ստացվում է, որ ԶՈՒ սպան զրկված է դիմելու իրավունքից, այսինքն՝ իր անմիջական պետն է նրա փոխարեն որոշում, թույլ տալիս կամ արգելում վերադաս հրամանատարությանը դիմել, մինչդեռ զորամասների հրամանատարներն ընդամենը պարտավոր են այդ զեկուցագրերին օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալ, որովհետև որևէ իրավասություն չունեն այս հարցում. ՀՀ կառավարության կողմից 2017 թ. ապրիլի 6-ին ընդունված N 347-Ն որոշման համաձայն, «Հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում օրենքով սահմանված հիմքով զինվորական ծառայությունից արձակվելու ցանկություն ունեցող զինծառայողը զեկուցագիր է ներկայացնում իր ծառայության վայրի զորամասի հրամանատարին (կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին), իսկ պետական լիազոր մարմնի կադրերի տրամադրության տակ գտնվող զինծառայողը` կադրային ստորաբաժանման ղեկավարին, որում նշվում է զինվորական ծառայությունից արձակելու հիմքը: Զինծառայողի զեկուցագիրն ստացած հրամանատարը պարտավոր է ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում զեկուցագիրը` կից գրությամբ, ուղարկել պետական լիազոր մարմնի կադրային ստորաբաժանում: Պետական լիազոր մարմնի կադրային ստորաբաժանման ղեկավարը զորամասից ստացված փաստաթղթերը կադրային մարմնում մուտք լինելու կամ պետական լիազոր մարմնի կադրերի տրամադրության տակ գտնվող զինծառայողի զեկուցագիրը կադրային մարմնում մուտք լինելու կամ զինվորական ծառայությունից արձակումն առանց զինծառայողի համաձայնության իրականացնելու դեպքում` օրենքով սահմանված հիմքի ծագման օրվանից հետո ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետում զինծառայողի ծառայությունից արձակումը համաձայնեցնում է պետական լիազոր մարմնի շահագրգիռ ստորաբաժանումների հետ և օրենքով սահմանված տուժանքի ընդհանուր գումարի չափի ու գումարը վճարելու բանկային հաշվի համարի վերաբերյալ տեղեկատվությունը գրավոր ներկայացնում է զինծառայողին»։
Այս գործերն այժմ վարչական դատարանում են, սպաները պահանջում են պարտավորեցնել ՊՆ-ին իրականացնելու որոշակի քայլեր և նշված սպաներին ներկայացնել ուսման ծախսերի փոխհատուցման հաշվարկները: Վարչական դատարանը սովորաբար բավարարում է հայցը, սակայն, դատարանի ծանրաբեռնվածության պատճառով, քննությունը կարող է տևել 6 ամիս կամ 1 տարի։ Հետևաբար, սպան այդ ողջ ժամանակահատվածում ստիպված գտնվում է ծառայության մեջ՝ այն դեպքում, երբ դիմումից հետո ազատման և պահեստազորում հաշվառվելու առավելագույն ժամկետը 1 ամիս է։
Խնդիրը նոր չէ, քանի որ դեռեւս 2012թ.-ին ՄԻՊ աշխատակազմը հայտնաբերել էր ՊՆ կողմից օրենքի պահանջների խախտում և առաջարկել կարգապահական պատասխանատվության ենթարկել խախտում թույլ տված պաշտոնատար անձանց. տասը տարի ծառայելով ՀՀ զինված ուժերում՝ սպայի կոչում ստացած զինծառայողը ցանկություն էր հայտնել վաղաժամկետ լուծել պայմանագիրը և պահեստազոր արձակվելու մասին երեք զեկուցագիր էր ներկայացրել հրամանատարությանը` միաժամանակ հայտնելով, որ պատրաստ է փոխհատուցել ուսման ծախսերը: Յոթ ամիս ՊՆ-ն ոչ մի կերպ չի արձագանքել սպայի պահանջին, մինչդեռ կառավարության կողմից հաստատված որոշմամբ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու զեկուցագիր ստացած լիազոր մարմինը պարտավոր է ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետում ներկայացնել պատասխան։ Պաշտպանության նախարարությունը խախտել էր այդ պահանջը:
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության իրավական հարցերով փորձագետ, իրավաբան Արթուր Սուքիասյանի վարույթում այժմ եւս նման երկու գործ կա, որոնցից առնվազն մեկով պարզ երեւում է, որ սպաների իրավունքների իրականացմանը խոչընդոտում են ոչ միայն զորամասերի հրամանատարները կամ նրանց անմիջական պետերը, այլ հենց պաշտպանության նախարարությունը։
Սպաներից մեկի զինվորական պայմանագրի ավարտին մի քանի տարի կա դեռեւս, մեկի փոխարեն մի քանի զեկուցագիր գրելուց, երկար սպասելուց հետո ՊՆ-ն հաշվարկել է ուսման տարիներին պետության կողմից իր վրա կատարված ծախսերը փոխհատուցելու նպատակով փոխանցման ենթակա գումարը, ինչը, սակայն, իր նախատեսածից շուրջ մեկ միլիոն դրամով ավելի է։
«Հետագայում, ստանալով հաշվարկը, հասկացանք, որ ուսման տարիներին իր վրա կատարված ծախսերը հաշվարկվել են այժմ մեկ կուրսանտի վրա ծախսվող գումարների հաշվարկով։ Այսինքն, հիմա պետք է վճարի այն գումարը, որը պետությունն իր վրա չի ծախսել, այսինքն, սա փոխհատուցում չի կարող համարվել՝ չնայած այն բանին, որ օրենքում, սակայն, ասվում է, որ պետք է այդ պահին գործող գներով արվի հաշվարկը։ Սպան այժմ դիմում է ներկայացրել՝ խնդրելով ոչ աշխատանքային օրերին իր կատարած աշխատանքը եւս ներառել հաշվարկում եւ հաշվանցում կատարել, հանել վճարվելիք գումարից», – ասում է Ա. Սուքիասյանը։ (Լուսանկարում՝ Արթուր Սուքիասյան, փաստաբան)
Հաջորդ սպայի հետ կապված դեպքում ավելի ցայտուն է ՊՆ-ի՝ սեփական զեկուցագրի հիման վրա սպաների զորացրվելուն արհեստականորեն խոչընդոտելու փաստը. 10 տարուց ավելի ծառայած սպան այլեւս փոխհատուցման գումար չունի վերադարձնելու, զեկուցագիր է ներկայացրել ՊՆ-ին զինծառայությունից արձակվելու համար, բայց զեկուցագրին ընթացք չի տրվում, սպան ծառայությունից չի ազատվում։ Նա, ընդ որում, ոչ թե հրամանատարին է զեկուցագիրը ներկայացրել, այլ միանգամից ՊՆ-ին, քանի որ օրենքում նշվում է, որ զեկուցագիր պետք է ներկայացնել վերադասին։
«Չեն ասում անգամ, որ ձեր զեկուցագիրն ինչ-որ թերություն ունի, այդ իսկ պատճառով վարչական դատարան դիմել ենք զինվորական ծառայությունից ազատվելու մասին հրամանը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով», – գործի ներկա ընթացքի մասին տեղեկացրեց Ա. Սուքիասյանը։
4. 2018թ.-ի առաջին եռամսյակում հայկական բանակում գրանցված մահվան դեպքերի վիճակագրություն
2018թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությանը հայտնի է դարձել ՀՀ զինված ուժերում և ԼՂ ՊԲ-ում գրանցված մահվան ելքով 11 դեպքի մասին։ Երկու դեպք գրանցվել է ՀՀ, 9-ը՝ ԼՂ տարածքում։
Հաշվետու ժամանակամիջոցում սպանության եւ ինքնասպանության դեպքեր չեն արձանագրվել, 3-ը հրադադարի ռեժիմի խախտման, 4-ը՝ դժբախտ պատահարների, մեկական՝ առողջական խնդիրների եւ անվտանգության կանոնների խախտման արդյունք է։ Երկու դեպքում զինծառայողների մահվան պատճառը դեռեւս հայտնի չէ։ (Տե’ս Ինֆոգրաֆիկա 1. Զինծառայողների մահվան պատճառների վիճակագրությունը 2018 թ.-ի հունվար-մարտ ամիսներին)
5. Զինծառայող Դավիթ Տերտերյանի մահվան գործի նախաքննության հետ կապված տեղեկություններ
Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի հայտարարության, 2016թ. փետրվարի 18-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում, գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային մահացու մարմնական վնասվածքով, հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահեի Տերտերյանի դին:
Դեպքի վայրի և դիակի նախնական զննության արդյունքներով առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Տուժող կողմը համաձայն չէ ինքնասպանության վարկածի հետ եւ մի շարք օբյեկտիվ պատճառներով կարծում է, որ կատարվածն սպանություն է, իսկ նախաքննական մարմինը կեղծ քննությամբ փորձում է կոծկել գործը։ Նախաքննության ընթացքում կատարված անօրինականություններին, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ, քրեագետ Ռուբեն Մարտիրոսյանի կողմից քննության նյութերում հայտնաբերած հակասություններից ամենակարեւորներին անդրադարձել ենք նախորդ հաշվետվության մեջ։
Նախաքննական մարմնի գործով շահագրգռվածության մասին է վկայում այն, որ 2017թ.-ի ապրիլի 18-ին առաջին կայազորային ՔԲ-ի պետի տեղակալ Ս. Բաղդասարյանը քրգործը կարճել է հանցադեպի բացակայության հիմքով։ Որոշումը տուժողի իրավահաջորդի կողմից բողոքարկվելուց հետո՝ 2017թ.-ի հունիսի 21-ին, ՀՀ զինդատախազ Վ. Հարությունյանը կայացրել է որոշում, որով բավարարել է տուժողի միջնորդությունը, վերացրել է գործի կարճման վերաբերյալ քննիչի որոշումը։
Տուժող կողմը բացարկ է հայտնել գործը կարճած նախաքննական մարմնին՝ նշելով, որ նա իրավունք չունի շարունակել նախաքննությունը, քանի որ արդեն ապացուցել է գործի ելքով իր շահագրգռվածությունը, միջնորդել գործը հանձնել այլ քննչական մարմնի վարույթ եւ քրեական գործ հարուցել գործը կոծկած նախաքննական մարմնի և այն հսկող դատախազության աշխատակիցների նկատմամբ։ Նախաքննական մարմնի կատարած ապօրինությունների եւ զինվորի մահվան պաշտոնական վարկածի հետ իր անհամաձայնությունը տուժող կողմը հիմնավորել է 29 էջից բաղկացած բողոքով, որն ուղարկվել է բոլոր պատկան մարմիններին։
Առ այսօր բողոքների և միջնորդությունների պատասխանը չի ստացվել, փոխարենը՝ գործը հանձնվել է ՀՀ ՔԿ զինվորական կենտրոնական քննչական վարչությանը, որին հենց տուժող կողմը բացարկ էր հայտնել։ Գործը վերսկսվելուց հետո վարչության քննիչները տուժող կողմին շարունակաբար անհանգստացրել են տարբեր պատճառներով՝ նախ հեռախոսազանգով, իսկ հետո՝ ՀԿԳ քննության վարչության ՀԿԳ քննիչ, արդարադատության փոխգնդապետ Ա. Մ. Սարգսյանի կողմից ուղարկված 4-5 ծանուցագրով պահանջելով, որպեսզի սպանված զինվորի հայրը՝ Վահե Տերտերյանը, ներկայանա քննչական մարմին և որպես վկա ցուցմունք տա։
Գործը քննող քննչական խմբի որոշմամբ, հունվարի 11֊ին ոստիկանության աշխատակիցներն իր բնակարանից բերման ենթարկեցին Վահե Տերտերյանին։ Նա հրաժարվել էր ներկայանալ եւ ցուցմունք տալ այն նախաքննական մարմնին, որին չի վստահում, բացարկ է հայտնել, նաեւ նշել է, որ դեռեւս 2016թ.-ին՝ սպանությունից հետո, ցուցմունք է տվել և սպառիչ տեղեկություններ է հաղորդել իրեն հայտնի բոլոր փաստերի մասին, գործի վերաբերյալ այլ տեղեկություններ չունի, այլ տեղեկություններ չի կարող հայտնել։ Տուժող կողմի համոզմամբ՝ այս ամենն ընդամենը փորձ է ՔԿ զինվորական գլխավոր վարչության քննչական մարմնին իր վզին փաթաթելու, որին չի վստահում, համարում է կոռումպացված մարմին։ Տուժող կողմը նշված ծանուցագրերը համարում է նաև շանտաժի փորձ, քանի որ սպանվածի հայրն ականատես վկա չէ և չի կարող ներկայացնել սպանության մանրամասները։
Նաեւ այս՝ տուժող կողմին ահաբեկելու, ճնշումների ենթարկելու նախաքննական մարմնի փորձերի վերաբերյալ, բազմիցս բողոքներ եւ միջնորդություններ են ուղարկվել ՄԻՊ գրասենյակ, նախագահին, ԱԺ և դատախազություն։
«Հնարավոր է՝ նախաքննական մարմինն այս կերպ արձագանքում է նախաքննության ընթացքում մեր կողմից հայտնաբերված բազմաթիվ խախտումներից մեկի՝ հենակետի ողջ անձնակազմի հեռախոսների անհետացման փաստի վերաբերյալ տուժող կողմի բողոքում տեղ գտած փաստերին, քանի որ բերման ենթարկելուց հետո Վահե Տերտերյանին հարցեր է տրվել այդ մասին։ Այսինքն, մենք հայտնաբերում ենք, որ գործից անհետացել են հեռախոսները, որոնցից կատարված զանգերի վերծանումները էապես կարող էին լույս սփռել դեպքի հանգամանքների վրա, միջնորդում, որպեսզի դրանք հայտնաբերվեն, այս թերացման համար մեղավորները պատժի ենթարկվեն, իսկ քննիչները «նպատակահարմար» են գտնում դրանք հայտնաբերելու համար սպանվածի հորը բերման ենթարկել եւ հարցաքննել», – միջադեպը մեկնաբանում է Ռ. Մարտիրոսյանը, ով աննախադեպ երեւույթ է համարում տուժողի իրավահաջորդին բերման ենթարկելու փաստն ինքնին։
Չնայած 2017թ. վերջին նախաքննական մարմինը ապօրինաբար կասեցրել էր քր. գործը, սակայն դրա համար ոչ-ոք պատասխանատվության չի ենթարկվել։
Մարտի 19-ին տուժող կողմը եւս մեկ անգամ բացարկ է հայտնել ՀՀ զինվորական քննչական կոմիտեին եւ գլխավոր դատախազին միջնորդել է գործի քննությունը հանձնել այլ մարմնի։
6. Զինծառայողներ Գրիգոր Ավետիսյանի եւ Սուրեն Արամյանի մահվան գործի հետ կապված տեղեկություններ
Ըստ նախաքննական մարմնի՝ ՀՀ ՊՆ Սևանի կայազորի Վարդենիսի ՌՈ բաժնի կողմից 2016թ.-ի ապրիլի 6-ին ՀՀ ՔԿ ՎՔԳՎ ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժին տրված հեռախոսագրի համաձայն, 2016թ.-ի ապրիլի 5-ի, լույս 6-ի գիշերը, ժամը 02։30-03։00-ի սահմաններում, չպարզված հանգամանքներում ՀՀ ՊՆ 75937 զորամասի հրետանային կրակային դիրքում ՀՀ ՊՆ 28418 զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գրիգոր Հերմոնի Ավետիսյանը և Սուրեն Արթուրի Արամյանն ստացած հրազենային մարմնական վնասվածքների հետևանքով տեղում մահացել են, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայողներ Հակոբ Գևորգյանը և Արեգ Բաղդասարյանն ստացել են ստորին վերջույթների հրազենային վնասվածքներ։
Ի տարբերություն Դավիթ Տերտերյանի դեպքի, երբ սպանված զինվորի հայրը բերման ենթարկվեց ցուցմունք տալու համար, այս գործով զոհվածներից մեկի, Գրիգոր Ավետիսյանի հորը՝ Հերմոն Ավետիսյանին, փորձում են մեղադրել այն բանում, որ վերջինս իբր պատվիրել է գործով մեղադրյալ, իրականում՝ որեւէ հանցանք չկատարած Դավիթ Դումիկյանի սպանությունը։ Նախաքննական մարմինն անընդհատ իր մոտ է հրավիրում Հ. Ավետիսյանին՝ սպառնալով չներկայանալու դեպքում բերման ենթարկել նրան։ Դա այն դեպքում, երբ դեռ ամիսներ առաջ նա ցուցմունք է տվել այս կեղծ մատնության փաստով հարուցված գործով և սպառիչ կերպով պատասխանել է քննիչի բոլոր հարցերին։
2018թ. հունվարին տուժող կողմը Սեւան քաղաքի դատարան, որտեղ շարունակվում է Գ. Ավետիսյանի սպանության մասով դատաքննությունը, ուղարկել է 39 թերթից բաղկացած բողոք, որով ապացուցում է, որ գործով կատարվել է կեղծ քննություն, անհիմն կերպով Գ. Ավետիսյանի սպանության մեջ մեղադրվում է Դ. Դումիկյանը եւ նշված բողոքի հիման վրա դատարանին միջնորդել է գործը վերադարձնել մեղադրողին։ Չնայած անցել է շուրջ 2 ամիս, սակայն Սեւանի դատարանը քննության չի առել տուժող կողմի բողոքը եւ միջնորդությունը՝ դրա վերաբերյալ որեւէ որոշում չի կայացրել եւ այդ մասին օրենքով սահմանված կարգով տուժող կողմին չի տեղեկացրել։
Սուրեն Արամյանի սպանության արհեստականորեն գործից անջատված մասով նախաքննական մարմինը նախ գործը կասեցրել է՝ համարելով, որ մարդասպանին հայտնաբերելու նպատակով բոլոր քննչական գործողությունները կատարվել են, սակայն անարդյունք։ Ավելի ուշ, տուժող կողմի բողոքից հետո, գործի կասեցման որոշումը շատ արագ վերացվել է։ Տուժող կողմն առ այսօր տեղյակ չէ, օրինակա՞ն էր, արդյոք, Ս. Արամյանի սպանության գործի կասեցումը։ Եթե օրինական էր, ապա ինչո՞ւ է նախաքննական մարմինը վերացրել նշված կասեցման որոշումը։ Եթե կասեցումն անօրինական էր, ապա ինչո՞ւ առ այսօր ո՛չ քննիչը, ո՛չ քննիչի վերադասը, ո՛չ էլ հսկող դատախազը տույժի չեն ենթարկվել։ Տուժող կողմը հարց է բարձրացնում նաեւ, թե որքանով է օրինական, որ քրեական գործը շարունակում է քննել նույն քննիչը, որը կասեցրել է քննությունը, գործն էլ այն նույն դատախազն է հսկում, որը հաստատել է գործը կասեցնելու քննիչի ապօրինի որոշումը։
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունից տուժող կողմի հարցմանն ի պատասխան ընդամենը հայտնել են. «… թիվ 90655516 քր. գործով վարույթը կասեցրած քննիչը և քրեական գործի նախաքննության օրինականության նատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը որևէ պատժի չեն արժանացել»։
7. Զինծառայող Մանուչար Մանուչարյանի մահվան գործի դատաքննության հետ կապված տեղեկություններ
Ըստ ՊՆ-ի կողմից տարածած հաղորդագրության, 2013թ.-ի հուլիսի 31-ին, ժամը 13:20-ի սահմաններում, Քանաքեռի զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մանուչար Մերուժանի Մանուչարյանը, գտնվելով պահակակետի դիտաշտարակում, իրեն ամրակցված ԱԿՍ-74 տիպի ինքնաձիգից ինքն իրեն հասցրել է մահացու հրազենային վիրավորում:
Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:
Հիշեցնենք, որ Մ. Մանուչարյանի գործով 2017թ.-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն առաջին ատյանի դատավոր Ա. Մկրտչյանը դատավճիռ էր կայացրել, որով ապացուցված էր համարել, իբր Մ. Մանուչարյանն ինքնասպան է եղել եւ, իբր, ինքնասպանության հասցնելու մեջ մեղավոր են նրա երկու համածառայակիցները։
Դատարանի կողմից «ինքնասպանություն» վարկածին հակասող բոլոր ապացույցներն անտեսվել էին, ինչի մասին հաղորդել ենք նախորդ հաշվետվություններում։ Տուժող կողմը նշված դատավճռի դեմ բողոքել էր վերաքննիչ դատարան։ Վերջինս իր հերթին թույլ տվեց մի շարք անօրինականություններ. նիստերի մասին պատշաճ կերպով չծանուցվեցին ո՛չ տուժողի իրավահաջորդը, ո՛չ նրա ներկայացուցիչները։ Այժմ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել։ Ըստ տուժող կողմի տեղեկությունների, փետրվարի 21-ին գործով որոշում է կայացվել, սակայն մարտի 19-ի դրությամբ նշված որոշումը տուժող կողմին դեռեւս չի ուղարկվել։
8. Զինծառայող Հարություն Համբարյանի մահվան գործի դատական քննության հետ կապված տեղեկություններ
ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Հարություն Համբարյանի մահվան դեպքի առթիվ։
2015 թվականի մայիսի 8-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հարություն Հրայրի Համբարյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ԱԿՄՍ տեսակի ինքնաձիգից գլխի ճակատային հատվածում արձակված կրակոցի հետևանքով ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է:
Շարունակվում է Հ. Համբարյանի գործի քննությունն «ինքնասպանություն» վարկածով: Ի դեպ, քննությունը շարունակում է հենց այն նույն քննչական բաժինը, որը նախկինում «ապացուցել» էր, որ Հ. Համբարյանն առանց որևէ պատճառի ինքնասպան է եղել։ Հիշեցնենք, որ Հ. Համբարյանի գործը դեռ 2016թ.-ին «ինքնասպանություն» վարկածով կարճվել էր, իսկ դատարանի կողմից կարճման վերացումից հետո նախաքննական մարմինը շարունակում է գործը քննել նույն ինքնասպանության վարկածով, չնայած բոլոր փաստերը վկայում են, որ կատարվածն սպանություն է։
Մահվան գործից հետագայում անջատվել է քրեական գործ՝ 5 զինծառայողների դեմ, որոնք, ըստ մեղադրանքի, պաշտոնեական անփութություն են գործել։ Ամիսներ առաջ դատավոր Դ. Սարգսյանը մեկ տարի ուշացումով քննության էր առել տուժող կողմի բողոքը և որոշում էր կայացրել մի շարք զինծառայողների հարցաքննելու, մի շարք այլ քննչական գործողություններ կատարելու, փորձաքննություններ նշանակելու վերաբերյալ։ Հետո հայտարարեց, որ պաշտպանական կողմը ներկայացրել է արագացված դատաքննություն կատարելու միջնորդություն եւ, եթե տուժող կողմը չներկայանա դատական նիստին, ապա կբավարարի նշված միջնորդությունը, ինչը ենթադրում է, որ ինքնասպանության հասցնելու մեջ մեղադրվող երկու ամբաստանյալները խոստովանում են իրենց մեղքն, ու դատաքննությունը դրանով էլ ավարտվում է. հարցաքննելու նպատակով վկաներ չեն հրավիրվում, ապացույցներ չեն հետազոտվում։ 5 մեղադրյալների գործից առանձնացված մասով արագացված դատաքննության արդյունքում մեղադրյալներից 3-ն ազատվել են պատժի կրումից՝ վաղեմության ժամկետը լրանալու պատճառաբանությամբ, իսկ մյուս երկուսը՝ դատապարտվել պայմանական ազատազրկման։ Տուժող կողմն այժմ վերաքննիչ բողոք է ներկայացրել արագացված դատաքննություն կատարելու որոշման դեմ։
Իսկ Հարություն Համբարյանի մահվան գործով նախաքննությունը դեռեւս շարունակվում է։ Ըստ էության, «ինքնասպանություն» կեղծ վարկածով հարուցված քրեական գործով նշված վարկածը ապացուցելու, հաստատելու բոլոր գործողություններն ու միջոցները սպառվել են։ Նախաքննական մարմինն ինքն է ապացուցել արդեն իսկ, որ Հարություն Համբարյանն ինքնասպան չի եղել։ Տուժող կողմը բացարկ է հանձնել ՀՀ զինվորական ՔԿ-ին եւ միջնորդել է գործով քննությունը հանձնարարել այլ քննչական մարմնի։ Բոլոր հիմնավորված նմանատիպ միջնորդությունները, սակայն, մերժվել են։
Թեեւ նախաքննական մարմինը մերժում է տուժող կողմի բոլոր միջնորդությունները՝ բացահայտ ցույց տալով գործով իր շահագրգռվածությունը, սակայն ակնհայտ է, որ փակուղում է գտնվում՝ չի կարողանում ո՛չ կարճել, ո՛չ անաչառ քննություն անել, քանի որ գործն անխուսափելիորեն կհայտնվի ՄԻԵԴ-ում։
* «Ես եմ» նախագիծը կոչված է խրախուսելու նրանց, ովքեր իրենք են կայացրել առաջնագծում ծառայություն անցնելու որոշումը: Այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայություն իրականացրելու մարտական հերթապահության իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի՝ ժամկետային պայմանագրային՝ երեք տարով։
** «Պատիվ ունեմ» ծրագիրն ուղղված է սպայական մասնագիտության հանդեպ նոր հետաքրքրություն խթանելուն։ Գաղափարախոսությունն է՝ բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ և պետական հավատարմագրում ունեցող բուհում սովորող յուրաքանչյուր երիտասարդ իրավունք ունի դիմել այդ ծրագրին։ Ենթադրում է բուհական տարկետում ստանալու հնարավորություն վերապահել այն քաղաքացիներն, ովքեր որոշել են երեք տարվա վճարվող սպայական նշանակում ստանալ։
*** «Դիտակետ»-ը զորացրված զինծառայողների և պաշտպանության նախարարության միջև հետադարձ կապի միջոց է, որն օգնելու է վերհանել զինվորական ծառայությանն առնչվող խնդիրները:
Ներբեռնել pdf տարբերակով. «ԽԵ» ՀԿ-Ի ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԶՈՒ-ՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (2018 թ. ՀՈՒՆՎԱՐ – ՄԱՐՏ) (pdf, 350 Kb)